Որևէ վկայի հետ առերեսում չի կատարվել, Մամիկոն Ասլանյանի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել. Արտակ Ոսկանյան
Հակակոռուպցիոն դատարանում Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստից հետո, երբ մերժվեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, վերջինիս պաշտպանը՝ Արտակ Ոսկանյանը, պատասխանեց 168.am-ի հարցերին:
«Դատարանի որոշումը, բնականաբար, գնահատում եմ որպես ակնհայտ ապօրինի: Դատական նիստի ընթացքում հնարավորինս մանրամասն ներկայացրեցի իմ պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերի բացակայությունը»,- ասաց Արտակ Ոսկանյանը:
Ըստ նրա՝ գործում առկա են 30 վկաներ, և նրանցից ոչ մեկը Մամիկոն Ասլանյանի դեմ ցուցմունք չի տվել:
«Նախաքննության ընթացքում որևէ վկայի հետ առերեսում չի կատարվել: Ավելին, դատախազը հաստատել է արձանագրությունը, որ նախաքննությունն ընթացել է քրեադատավարական օրենքներին համապատասխանությամբ: Քանի որ չկա Ասլանյանի դեմ ցուցմունք տված որևէ անձ, նա չի կարող իր դեմ ցուցմունք չտված անձանց վրա ճնշում գործադրել»,- ասաց նա:
Արտակ Ոսկանյանը համոզված է՝ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կայացվելու է արդարացման ակտ:
«Սակայն գործի քննությունն ինչքան շարունակվի, Մամիկոն Ասլանյանն այդքան կմնա կալանքի տակ»,- ասաց պաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում