Դատավորը թույլ չտվեց տեսաձայնագրել Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, տեղի է ունենում Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը:
Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:
Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորի ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) և «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։ Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։
2021 թվականի դեկտեմբերի 17-ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։
Ուշագրավ է, որ այս քրեական գործը հարուցվել էր ընտրություններից ամիսներ առաջ, սակայն Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց այն ժամանակ, երբ հաղթեց ընտրություններում: Ուղիղ մեկ տարի է՝ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է, իսկ Վանաձորը չունի համայնքապետ:
Դատական նիստի սկզբում քննարկվեց ԶԼՄ-ների կողմից նիստը տեսալուսանկարահանելու հարցը: Մեղադրող դատախազ Մովսիսյանն ասաց՝ դեմ չէ տեսանկարահանմանն առանց ձայնային ուղեկցության, սակայն ի վերջո, լսելով երկու կողմերին, դատավորը որոշեց ուղիղ հեռաձակում չիրականացնել: Միայն կարող են գրառումներ անել ու լուսանկարահանել:
Այս պահին ապացույցների հետազոտման փուլն է, դատավորն ընթերցում է Մամիկոն Ասլանյանի մեղադրականը: