Պատերազմը 4-րդ, 5-րդ օրը կանգնեցնելու մասին առաջին հրապարակային ակնարկը Փաշինյանն է արել. Օնիկ Գասպարյանը ճիշտ էր
Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը՝ նոյեմբերի 10-ին, 168.am-ն ամփոփում է 44-օրյա պատերազմի ուշագրավ օրերի հետահայաց անդրադարձ-շարքը, որի շրջանակում առանձնացրել էինք երկրի ղեկավարության, իշխանական շրջանակների այն հայտարարությունները, հարցազրույցները, ֆեյսբուքյան գրառումները, որոնց հատկապես այսօր արժե հետադարձ հայացք գցել՝ հասկանալու համար բազմաթիվ երևույթներ:
Տարբեր առիթներով արդեն անդրադարձել ենք Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան կապիտուլյացիոն եռակողմ փաստաթղթի նախնական և հրապարակված տարբերակներին, դրանցում արված սրբագրումներին, ուստի մանրամասնությունների մեջ շատ չենք խորանա:
2020 թվականի նոյեմբերի 10-ը
Պուտինը և Ալիևը տեսակոնֆերանսի միջոցով, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ տեսանելի պայմաններում, ստորագրեցին եռակողմ հայտարարություն:
Նոյեմբերի 10-ին ժամը 01:48-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմեց ժողովրդին՝ վստահեցնելով, թե կայացրած որոշումն իր համար էլ է եղել ծանր, անասելի ցավոտ:
«Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում:
Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- գրել էր Փաշինյանը և կրկնել այն, ինչ ասել էր պատերազմի առաջին օրը, թե չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել, և, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի:
«Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:
Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու և անցյալի սխալները չկրկնելու համար:
Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:
Մենք պայքարեցինք մինչև վերջ: Եվ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:
Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»,- կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելու օրն այսպես էր իրողությունը ներկայացրել Փաշինյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ:
Ժամը 15:42-ին «Զրույց քաղաքացու հետ. իմ մեղքը» վերտառության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով իր մեղքերին և սխալներին պատերազմը կանխելու տրամաբանության մեջ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր.
«Առաջինը՝ 2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով և ծանոթանալով Ղարաբաղի հարցի շուրջ եղած բանակցային իրադրությանը, ես, ըստ էության, պետք է գայի ժողովրդին ասեի հետևյալը՝ սիրելի հայրենակիցներ, մենք ունենք այսպիսի տարբերակ: Կամ մենք 5 տարածքներ վերադարձնում ենք առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման, կամ մենք ունենում ենք պատերազմ: Ինչո՞ւ չեմ ասել այն ժամանակ այդ մասին, որովհետև նախ կարևոր եմ համարել, որ փորձ անեմ, որ այդ բանակցային տրամաբանությունը որոշակիորեն փոխեմ: Եվ, ըստ էության, ստացվում է, որ ինձ չի հաջողվել այդ բանակցային տրամաբանությունը փոխել: Եվ ինչո՞ւ չի հաջողվել, որովհետև այդ թեման՝ տարածքների հանձնման թեման, միակ կոնկրետ առարկայական թեման է եղել, որ այս բանակցությունների շատ հստակ և տարընթերցումներ չտվող թեզ է եղել: Սա միակ տարընթերցում չտվող թեզն է եղել ամբողջ բանակցային պատմության մեջ: Եվ, ըստ էության, կարծրացած իրողություն: Բայց եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ ես գալիս ասում էի, ժողովուրդ ջան, մենք ունենք այսպիսի իրավիճակ, սա է մեր ընտրությունը: Ինչու դուք ասելու էի՞ք՝ էս ինչ լավ բան ես ասում, բա ինչի շուտ չէիր ասո՞ւմ: Իհարկե, ասելու էիք, ոչ: Ես էլ լինեի ձեր տեղը, էլի ասելու էի, ոչ: Եվ արդյունքում մենք ունենալու էինք նույն բանը: Եթե պատերազմն ավելի շուտ լիներ, կարծում եմ արդյունքներն ավելի վատ կլինեին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»:
Փաշինյանը սեպտեմբերի սկզբին գիտե՞ր պատերազմի վերսկսման մասին. այն 4-րդ, 5-րդ օրը կանգնեցնելու մասին առաջինը հենց ինքն էր ակնարկել
Փաշինյանը վերը նշված ֆեյսբուքյան ուղիղ եթերում շարունակել էր, թե երբ արդեն կային պատերազմի նախանշանները, և ինքը պետք է որոշեր կանխել պատերազմը, այդ ժամանակ էլ ներկայացնելու էր ընտրության տարբերակները՝ կամ առնվազն 5 շրջան հանձնում ենք առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու, կամ պատերազմ ենք ունենում:
«Ինչո՞ւ չեմ ասել: Նախ, որովհետև ես չէի ուզում, որ մենք հանձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների համար: Հիմա էլ եմ հավատում: Եվ երկրորդը, եթե սեպտեմբերի 1-ին կամ 2-ին գայի ասեի՝ հիմա կամ մենք սա ենք անում, կամ պատերազմ է լինում: Ի՞նչ էր ասելու հայ հանրությունը: Հայ հանրությունն ասելու էր՝ ոչ, մենք կգնանք, կկռվենք և կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները: Ակնհայտ է, չէ՞, որ այսպես էր լինելու և արդյունքում մենք ստանալու էինք պատերազմ: 10 օր առաջ, երբ ցավոտ փոխզիջում արտահայտություն թույլ տվեցի, դա ահավոր վատ արձագանք ունեցավ:
Հաջորդ հարցադրումը հետևյալն է, եթե այսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի 3-րդ օրը, 4-րդ օրը, 5-րդ օրը, 6-րդ օրը չեն փորձել կանխել դրա հետագա զարգացումը: Նախ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, և երկրորդը՝ պատերազմը կանխելու պայմանը նույնն էր, ռազմաճակատից իրավիճակը չէր փոխվում: Այսինքն, եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, ռազմաճակատի իրադրությունից դա ամենևին չէր փոխվում: Այսինքն, պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու և կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալու: Ինչո՞ւ չեմ եկել և դա չեմ ասել: Որովհետև ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել և դրա համար փորձում էի անել ինձանից կախված առավելագույնը»,- մանրամասնել է Փաշինյանը:
Այսինքն, ըստ ՀՀ վարչապետի, հայկական կողմը ցանկացել է բեկել պատերազմի ընթացքը, և ցավոտ որոշումը կայացվել է այն պահին, երբ արդեն ակնհայտ էր՝ պատերազմը բեկելու հնարավորություն չկա:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2022-ի ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:
Իսկ վերը նշված ֆեյսբուքյան ուղիղ եթերում մի քանի ուշագրավ փաստ կա, այն է՝ նախ Փաշինյանը կամա թե ակամա ակնարկում է, որ արդեն 2020-ի սեպտեմբերի սկզբին պարզ էր՝ պատերազմ է լինելու, կային նախանշաններ, երկրորդ՝ հասկացնում է, որ պատերազմը 4-րդ, 5-րդ օրը կանգնեցնելու առաջարկ է եղել:
Ի դեպ, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից միայն 7 օր հետո՝ նոյեմբերի 17-ին է հայտարարել, որ ԱԽ նիստում պատերազմի 4-րդ օրն առաջարկել է երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այդ ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ոչ բարենպաստ պայմաններ:
Գեներալ Գասպարյանի այս հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատել էր, կամ առնվազն չէր հերքել 2020թ. դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Արդեն իր հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր խոսքից, հատկապես այն ժամանակ, երբ ակտիվացել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանը ստում է, առաջին անգամ պատերազմը կանգնեցնելու առաջարկ արվել է 2020-ի հոկտեմբերի 19-ին, որին ևս ականջալուր չեն եղել:
Շարունակելով բուն թեման, նշենք, որ 2020-ի նոյեմբերի 10-ին 04:18-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ, որը վերնագրել էր՝ «Ինչո՞ւ և ով է մեղավոր», դարձյալ կրկնել էր, որ որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում և այն մարդկանց գնահատականների և նրանց լսելու արդյունքում, ովքեր ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։
Փաշինյանի՝ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու մասին հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել էին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել էր կառավարության գլխավոր մասնաշենք՝ Փաշինյանի աշխատասենյակ, մի մասն էլ՝ Բաղրամյան պողոտա, և մտել Ազգային ժողովի շենք, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանից իբր օծանելիք, hամակարգիչ, ժամացույց էին գողացել:
Իսկ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Արարատ Միրզոյանն էլ ծեծի էր ենթարկվել:
«Բա այդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երևանում։ Արցախի նախագահի կոչերը չե՞ն լսել, Շուշին վտանգված լինելու մասին կոչերը չե՞ն լսել, օգնելու աղաղակները չե՞ն լսել։ Ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ Երևանում կամուֆլյաժով։ Հիմա նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ։ Այսօր գիտե՞ք ինչու են այդպես ազատ մտնում այստեղ-այնտեղ ջարդուփշուր անում, որովհետև ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա, բոլորը դիրքերում են, իմ որդին էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում։ Իմ կինը դիրքերում է, և ես հպարտ եմ դրա համար։ Բայց ես հասկանում եմ, որ պետք է բովանդակային և մանրամասն բացատրություններ տամ։ Այդ բացատրությունները ես այսօր էլ եմ պատրաստ տալ, բայց ինչո՞ւ չեմ տալիս։ Ինֆորմացիոն դիսոնանսի հետ կապված խնդիր կա։ Ռազմական և պատերազմական դրության պայմաններում ամեն ձևակերպած նախադասությունն ազդեցություն է ունենում մարտական գործողությունների վրա։ Այդ դիսոնանսի պատճառը նաև դա է, և մենք դա հասկանում ենք և հասկացել ենք, բայց դուք էլ պետք է հասկանաք, որովհետև ֆեյսբուքյան գրառումները, թե ամեն մարդ նախադասությունները ոնց է ձևակերպում, շատ արագ հասնում է առաջին գիծ և շատ արագ թշնամուն է հասնում։ Դա է պատճառը, որ ես այսօր չեմ կարող ասել այն ամենը, ինչ պիտի ասեմ»,- «Ինչո՞ւ և ով է մեղավոր» վերտառությամբ լայվի ընթացքում շեշտել էր Փաշինյանը:
Ի դեպ, պատերազմի ժամանակ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուց, ընթացքի մեջ գտնվող կամ չավարտված ռազմական օպերացիաներ գաղտնազերծելուց, պատերազմական գործողությունների ժամանակ ուղիղ եթերում զորամաս զանգելուց և զինվորին անթույլատրելի հարցեր տալուց չէր մտածում, որ այդ տեղեկությունները հասնում են նաև թշնամուն և վտանգում առաջնագծում կռվող զինվորի, սպայի անվտանգությունը:
Երկրորդ՝ 2 տարի անց այդպես էլ հայտնի չդարձավ, թե վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որը միայն նոյեմբերի 6-ին էր մարտական առաջադրանքի պատրաստ, այդ որտե՞ղ է կռվել, և ի՞նչ դիրքերում է եղել նոյեմբերի 10-ին, կամ ո՞ր դիրքերից չէր ցանկանում իջնել Աննա Հակոբյանն իր «Էրատո» ջոկատով, այն ժամանակ, երբ արդեն կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրված էր:
Վերադառնալով զինված ուժերի ղեկավարությանը, նշենք, որ 2020-ի նոյեմբերի 10-ին ՀՀ ՊՆ-ն և ԶՈՒ ԳՇ-ն համատեղ ուղերձ էին տարածել, որում, մասնավորապես, նշված էր, որ ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը, և, որ բանակն արել է հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։
Դավիթ Տոնոյանի ղեկավարած պաշտպանական գերատեսչությունը և Օնիկ Գասպարյանի գլխավորած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը սույն հայտարարությամբ քաղաքական շրջանակներին, ընդդիմությանը կոչ էին անում նաև զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը:
Բայց նույն օրը՝ նոյեմբերի 10-ին, ԳՇ պետի պարտականությունները կատարող Օնիկ Գասպարյանը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Գուցե՝ հորդորել է քաղաքական կտրուկ քայլեր չանել:
Հայտնի է, որ հանդիպմանը քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնել Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին, իսկ ժողովրդին հանդարտության կոչ էր արվել:
Ի դեպ, Օնիկ Գասպարյանը պատերազմն ավարտելու և Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշում կայացնելու անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ արտահայտվել է՝ համարելով, որ ընտրություն է կատարվել վատի և վատագույնի միջև, ընտրվել է վատը: Թեպետ, 168.am-ի տեղեկություններով, ռազմական ղեկավարությունը նկատի էր ունեցել պատերազմի երկարաձգման փաստը, և այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվել են:
Պատերազմի ավարտն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ. կատարվելու են կոշտ հետևություններ
Արցախի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Արայիկ Հարությունյանի, ևս այն կարծիքին էր, որ պատերազմական գործողությունները շարունակելու հնարավորություններ չկային, և պետք էր համաձայնել եղած տարբերակով պատերազմի դադարեցմանը:
«Նոյեմբերի 8-ին առավոտյան քայլելով Ստեփանակերտի հրապարակում, ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը։ Ինչո՞ւ եմ հայտարարել։ Որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։
Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել՝ 1992-94 թվականներին՝ կորցնելով շատ հարազատներ, հարազատներ, որոնց վերջին խոսքը, վերջին բառը եղել են իմ ձեռքերում, բայց ես կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել, կարողացել եմ կենտրոնանալ որոշումներ կայացնել, բայց այն որոշումը, որ կայացվել է երեկ, չգիտեմ պատմությունը ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել: Ինչո՞ւ։
Նախ ռազմական վիճակի առումով։ 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունու շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից և ամենագլխավորը՝ Շուշին։ Մարտերը ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա։ Եթե մարտական գործողությունները շարունակվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ մարտական գործողությունները, տեղափոխվելով ինչ-որ առումով մեր առաջնագծի համար թիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում՝ այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետայինների մասով։
Մարդկային շատ մեծ կորուստներ ենք ունեցել միայն երեկ՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում, և այդ բոլորը կորուստները անօդաչուներով, այդպես էլ մեզ չհաջողվեց։ Ինչո՞ւ չհաջողվեց, մենք բոլորս պատասխան ենք տալու, այո՛ բոլորս։ Քանի որ մենք գիտեինք, որ մեր ՊԲ-ն այդ կարիքը ուներ, այդ խնդիրը առկա է: Բոլորս, ովքեր վերջին տասնամյակներում զբաղեցրել ենք պաշտոններ»,- մասնավորապես, նոյեմբերի 10-ին ուղիղ եթերում ասել էր Արայիկ Հարությունյանը:
2020-ի նոյեմբերի 15-ին հայտարարություն էր տարածել նաև այդ ժամանակ ՊԲ հրամանատար, այսօր պատերազմի ընթացքում որոշակի դրվագներով հարուցված քրեական գործով անցնող գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Հայտարարությունում մասնավորապես նշել էր՝ կատարվածը ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ:
Սամվել Բաբայանի գործողությունները 2020-ի նոյեմբերի 10-ին
Ժամը 12:43-ին Արցախի ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն էր տարածել, հայտնելով, որ հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցնում Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները։
«Հարգելի’ հայրենակիցներ,
Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել–չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։
Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների՝ հայտարարում եմ, որ
– հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,
– դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»,- իր որոշումը հիմնավորել էր Սամվել Բաբայանը:
Նույն օրն ավելի վաղ Սամվել Բաբայանը մեկ այլ հայտարարություն էր տարածել նշելով, որ փորձել է կանխել նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը:
«Ժամեր առաջ տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարություն։
Շտապելով ՀՀ Կառավարություն՝ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։
Զերծ մնալով հայտարարության տեքստի որակումներից՝ նշեմ, որ բազմիցս ՀՀ և ԱՀ ղեկավարությանը մատնանշել եմ իրավիճակի ելքը, առաջարկել ռազմավարական լուծումներ և առաջարկություններ, սակայն դրանք մշտապես շրջանցվել են՝ հիշեցնելով խորհրդականի իմ կարգավիճակը։
Նույն կարգավիճակի գործառութային պարտականությունների սահմանափակումներով էր պայմանավորված նաև իմ լռությունը, մասնավորապես պատերազմի առաջին օրվա իմ ճեպազրույցի արդյունքում ստեղծված իշխանական թպրտոցը»,– շեշտել էր ՊԲ նախկին հրամանատարը՝ վստահեցնելով, թե նույնիսկ այդ պայմաններում ռազմամարտավարական տեսանկյունից մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կար:
Ինչպես հայտնել էր Սամվել Բաբայանը, 2020թ․ նոյեմբերի 6-ին Արցախի ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ, ի պաշտոնե, գործուղվել է Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով հանրայնացման ենթակա չի համարել), իսկ գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Արցախի ղեկավարությունը, Սամվել Բաբայանը, ամեն դեպքում, նախապես իմացել է՝ սպասվում է կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրում: Գուցե՝ այո, գուցե՝ ոչ: Չմոռանանք, որ ստորագրումից առնվազն 2 օր առաջ փաստաթուղթը նախնական մշակված է եղել, ինչի մասին հուշում են Ալիևի 2020-ի հայտարարությունը, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվել է, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 30 կմ, ինչին Ադրբեջանը կատեգորիկ դեմ է եղել: Սրանից հետո առաջարկվել է երկրորդ տարբերակը՝ 10 կմ լայնությամբ, որին Ալիևը ևս չի համաձայնել, արդյունքում Լաչինի միջանցքի լայնություն է սահմանվել 5 կմ։
Ի դեպ, Սամվել Բաբայանի՝ այդ պահին ԱԽ քարտուղարի լիազորությունների դադարեցումը Արցախի ղեկավարությունը մեկնաբանել էր՝ որպես իր բաժին պատասխանատվությունից խուսափելու դրսևորում:
Ո՞ւմ շնորհիվ է Տավուշի մասին կետը դուրս մնացել եռակողմ հայտարարությունից
Վերևում արդեն նշել ենք, որ եռակողմ հայտարարության մեջ կատարված սրբագրումներին մանրամասն չենք անդրադառնա, քանի որ դրան բազմիցս ենք անդրադարձել: Բայց մեկ անգամ ևս հիշեցնենք, որ հրապարակված սկզբնական տարբերակում եղել է նաև Տավուշի մասին կետ, որն ավելի ուշ հանվել է:
Ի դեպ, նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել՝ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնման մտադրությունն էր:
Ավելի ուշ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած գնահատականներին պատասխանելով՝ նշել էր, որ ԱԱԾ գործող տնօրեն Արմեն Աբազյանի ջանքերի շնորհիվ է նաև, որ եռակողմ հայտարարության նախնական տարբերակից հանվել է Տավուշին վերաբերող կետը:
«Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»,- 2021-ի հունիսին ասել էր գեներալ Գասպարյանը:
Իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից օրեր հետո հակառակ պնդումն էր արել.
«Իրականությունը լրիվ հակառակն է: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետև համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետև այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկը իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր, որովհետև ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել իրեն՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»:
Ավելի ուշ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն էր արձագանքել Օնիկ Գասպարյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս մեղադրանքին, գուցե ԳՇ նախկին պետը չի ցանկացել կրկնվել:
«Հայտարարություն արեց, թե ինքը համաձայն չի եղել այդ անկլավների համար․․․ Ինքը համաձայնագրի տարբերակը, որ ուղարկել է, ես ուշ եմ իմացել, վերջում եմ տեսել, նախարարի հետ եմ այդ հարցը քննարկել։ Ասում եմ՝ անկլավները հրադադարի հետ ի՞նչ կապ ունեն, դա էլ մենք ենք ասել, որ գոնե դա հանի միջից»,- yerevan.today-ի հետ զրույցում մանրամասնել էր Տիրան Խաչատրյանը:
Իսկ ՀՀ զինված ուժերն այսօր էլ շարունակում են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի ոչ «ադեկվատ» որոշումներին, Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է ցույց տալ, որ բանակն իր կողքին է և իր դեմ դուրս չի գալիս:
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Փաշինյանը գնացել էր Պաշտպանության նախարարության վարչական համալիր և քննարկել «ՀՀ զինված ուժերի 2023-2027 թթ. զարգացման պլան»-ի նախագիծը:
Ինչ նպատակ էր հետապնդում օրվա ընտրությունը՝ գնալ Պաշտպանության նախարարություն հենց նոյեմբերի 9-ին, 2 տարի անց հենց այն նույն օրը, երբ բանակը պարտադրված պարտության մեղքի տակ հայտնվելով՝ ծանր կորուստ էր կրել: