Ինչ սրբագրումներ են արվել նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ. դրանք կարող են երկրորդ կյանք ստանալ (փաստաթուղթ)

Օրերս ադրբեջանական կայքերից մեկը հոդված էր հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանին շատ ուղիղ զգուշացվում էր՝ եթե չստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և շարունակի պնդել, որ ղաղաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և միայն այն կարգավորվելու դեպքում և Բաքվի կողմից Արցախի կարգավիճակի ճանաչումից հետո է խաղաղության պայմանագրի ստորագրում հնարավոր, ապա Փաշինյանը կկորցնի ժողովրդի վստահության շնորհիվ ձեռք բերած իշխանությունը:

«Ի՞նչ է սպասվում հակամարտության շարունակմանը հակված Հայաստանին, մեկ բան. ապագայում նա չի ստանա նույնիսկ այն, ինչ հիմա առաջարկում է Ադրբեջանը: Այսպիսով, Փաշինյանը և իր շրջապատը ռիսկի են դիմում կորցնել ոչ միայն երկրորդ անգամ ժողովրդի վստահությամբ ձեռք բերված իշխանությունը, այլև Հայաստանը: Չէ՞ որ այդ ապագան կախված է Ադրբեջանի հետ համագործակցությունից և խաղաղությունից»,- զգուշացնում է հոդվածագիրը:

Երեկ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը, ըստ էության, նույն բանը հասկացրեց՝ շեշտադրելով ժողովրդի վստահության պահը:

«Դժվար, շատ սուր և զգայուն խնդիրները կարող են լուծվել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության դեպքում: Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Դուք այն ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Դա շատ կարևոր է: Իրականում ամենակարևորն է: Երկրի համար այսպիսի դժվար պահերին, հավանաբար, դա ընդհանրապես հետագա զարգացման կարևորագույն պայմանն է»,- ասել է Պուտինը:

  Ի՞նչ դժվար, սուր, զգայուն հարցերի մասին կարող է խոսք լինել

  • Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»: (Агдамский район и территории, удерживаемые Армянской Стороной в Газахском районе Азербайджанской Республики, возвращаются Азербайджанской Стороне до 20 ноября 2020 года.)

  • Նույն ժամանակահատվածում am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Նիկոլ Փաշինյանի կողմից Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։ Կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվեց եռակողմ հայտարարության վերջնական տարբերակից, բայց արդեն վստահ կարող ենք ասել, որ այն մնացել է բանավոր պայմանավորվածությունների տիրույթում:
  • Մայիսի 19-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, որ նախօրդ օրը երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը, որով հիմք է դրվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ու վերջնական դեմարկացիայի համար: Այսինքն, ստեղծվելու է հանձնաժողով, որն ամրագրելու է այդ խաղի կանոնները:
  • Մայիսի 20-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «ես այդ փաստաթուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին»:

Թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչո՞ւ չէ՝ նաև Ռուսաստանը բառացիորեն ամեն ինչ արեցին, որ Նիկոլ Փաշինյանը «ժողովրդի իշխանությամբ» վերարտադրվի: Բոլոր գերտերությունները, դիտորդական կազմակերպություններն աչք փակեցին նաև ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում աղաղակող ընտրակեղծիքների վրա (մինչ այդ էլ աչք էին փակում նրա բոլոր ապօրինի գործողությունների վրա, սկսած՝ Սահմանադրական դատարանի, դատարանների շրջափակումից՝ մինչև առանձին անձանց նկատմամբ հաշվեհարդարներ): Ամենալեգիտիմն ես, ունես ժողովրդի իշխանությունը՝ դե ստորագրիր… Ինչից հետո Փաշինյանն անցավ վերը նշված փաստաթղթի կամ ծրագրված գործարքի կատարմանը: Տավուշի ուղղությամբ խոստացածը վերջնագծին հասցնելու համար Փաշինյանն այսօր արդեն վերջնականապես ազատվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովից, որը խոչընդոտ էր այս հարցում: Նշենք, որ եթե ԽՍՀՄ քարտեզը «հասնի» Տավուշի մարզ, մարտական դիրքեր և տարածքներ ենք կորցնելու: Օրինակ, հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի, Շամշադինից, Նոյեմբերյանից դիրքեր կարող ենք կորցնել:

Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Ի՞նչ առաջարկի մասին է ադրբեջանական կողմն ակնարկում, որը կարող է չլինել, եթե Փաշինյանը հրաժարվի խաղաղության պայմանագրի ստորագրումից

  • Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.

«Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի հետ կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա 3 տարիների ընթացքում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, հետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու տեղակայման համար»:

(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район, оставляя при этом за собой Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу.)

Ինչպես երկրորդ, այնպես էլ 6 կետում խմբագրում է եղել և հաստատվել է այս տարբերակը.

«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:

(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район. Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.)

Թվում է, թե մեկ-երկու բառը մանրուք է, բայց, ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Եվ վաղը-մյուս օրը Ադրբեջանը կարող է խաթարել Արցախ-Հայաստան այս կապը, եթե հաշվի առնենք նաև Իլհամ Ալիևի հրամանով վարչատարածքային վերջին բաժանումը, որի համաձայն՝ ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ:

Մեր տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 2020թ. հուլիսյան դեպքերից հետո հասկացավ, որ Տավուշը Գրիգորի Խաչատուրովի շնորհիվ անձեռնմխելի է, և խնդիրներ կունենան տարածքներ և դիրքեր զիջելու առումով, Ադրբեջանն առաջարկեց իրենց զիջել Լաչինը:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ սկզբում Ադրբեջանն ավելի քիչ կիլոմետր տարբերակ է առաջարկել, և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի շնորհիվ կանգ են առել 5 կմ-ի վրա:

Հավելենք, որ ըստ ռազմական փորձագետների, Ադրբեջանը նպատակ է ունեցել առաջին հարվածով ճեղքել պաշտպանական գիծը մի քանի ուղղություններով՝ հարավային և հյուսիսային: Մասնավորապես, հարավային ուղղությամբ նրանք փորձել են կտրել Իրանի սահմանը՝ Ղարաբաղի մասով, և հասնել Մեղրիի սահմանին: Երկրորդ նպատակը՝ դուրս գալ դեպի Ստեփանակերտ, դեպի Քելբաջար՝ փակելով Լաչինի միջանցքը, և դրանով շրջափակել Արցախը:

Հիշեցնենք, որ դեռ մարտ ամսին ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն հարցազրույցներից մեկում կարևորել էր ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը Զանգեզուրի միջանցքի միջոցով, ինչպես նաև Նախիջևան-Շախբուզ-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ-Աղդամ-Բարդա-Եվլախ ավտոմայրուղիները կամ ավտոմոբիլային ուղիները: Վելիզադեն շեշտել էր, որ սա անցնում է Զանգեզուրի հյուսիսային մասով և միմյանց կապում աշխարհագրական տարբեր շրջաններ:

Տեսանյութեր

Լրահոս