Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանին գործուղել Երևան, երբ հետո Սեյրան Օհանյանին պիտի կարևոր հարցով ուղարկեր

Սեպտեմբերի 5-ին Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իր՝ Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին, ինչպես նաև՝ որպես ԱԽ քարտուղար պատերազմի ժամանակ իր ունեցած լիազորություններին:

«2020թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին, զբաղեցնելով նախագահին կից անվտանգության հարցերով խորհրդակցական մարմնի քարտուղարի պաշտոնը, պատերազմի ողջ ընթացքում կատարել եմ իմ պաշտոնեական լիազորություններից բխող գործողություններ, այդ թվում՝ խորհրդատվություն տրամադրել մարտական գործողությունների կազմակերպման վերաբերյալ։ Հարցերը, թե այդ խորհրդատվական դիտարկումներից քանիսն են ընդունելի դարձել և/կամ ինչ ճշգրտությամբ են իրականացվել, այլ հասցեատեր ունեն։

2020թ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթակա չեն)։ Գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվել հայկական կողմի համար խիստ անբարենպաստ պայմաններով հայտնի եռակողմ հայտարարությունը։ Տեղեկանալով հայտարարության մասին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, փորձել եմ կանխել այն, սակայն փաստաթուղթն արդեն ստորագրված էր։ Որպես ԱԽ քարտուղար, անզոր լինելով փոխելու զարգացումների ընթացքը, այլևս նպատակահարար չեմ գտել շարունակել զբաղեցնել հնչեղ, բայց անբովանդակ այդ պաշտոնը։ Ապա, ի նշան բողոքի, հրաժարվել եմ նաև «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից»,- հայտարարել է Սամվել Բաբայանը:

Տարածված հայտարարության մեջ Սամվել Բաբայանն անդրադարձել է նաև ԱԽ 2020թ նոյեմբերի 6-ի նիստում իր հայտնի ելույթի առանձին դրվագների ձայնագրությանը, որտեղ նա, մասնավորապես, ասում է.

Կարդացեք նաև

«Պետք ա խնդիրը հաշվարկենք` ենթադրենք՝ 20-30 սմերչ ես գցում, կռիվ ենք տալիս, սաղին կոտորում ենք, Շուշին վերցնում ենք, բա հետո, հետո զորքն ի վիճակի չի պատերազմ մղելու: Խնդիրը հետևյալն ա` պետք է Ռուսաստանի հետ բանակցել, բացատրել, որ Արցախը 10 օր ժամանակ է ուզում «բեզագավոռոչնի կապիտուլյացիայի» համար: Ստեղ մենակ ժողովրդի խնդիրը չի` լավ, Ստեփանակերտի բնակչությանը տարհանեցինք, բա ամբողջ ճակատով զորք է կանգնած, կարողանո՞ւմ ենք էդ զորքը ապահով դուրս բերել, թե՞ թողնում ենք կոտորվի: Եթե Ռուսաստանը գտնում ա, որ Ղարաբաղում մարդ չպետք ա մնա, էդ 10 օրը Ադրբեջանի՞ց ենք խնդրում, թե՞ ինքը՝ ռուսն ա խնդրում` դուրս ենք գալիս: Չենք կարող ՆԱՏՕ-ի զորքի հետ, «նայոմնիկների» հետ, «պոլնի վաառուժենիայով» կռվենք: Երեկ փորձել եմ օպերացիա մշակեմ, ընդամենը չորս հատ գաուբիցա ունենք, եթե արտիլերիան չապահովի, ո՞նց ենք մենք առաջ գնալու: Ես էդ 5+2, 5+1 տենց բաներ չեմ հասկանում, որովհետև ոչ մեկը ստեղ էդ պարագայում չի մնալու: Կարող ա էդ դեպքում ռուսը զենք ուղարկի նայոմնիկներով, ստեղ իրավիճակը փոխվի»:

«Իրավապահ մարմինների գործողությունների առանցքում, ի դեպ, վաղուց հայտնված պիտի լիներ նաև ԱԽ 2020թ նոյեմբերի 6-ի նիստում շրջանառված պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող, պետության կողմից պահպանվող և պաշտպանվող տեղեկատվության՝ ԱԽ քարտուղարի ելույթի առանձին դրվագների հանրայնացված լինելու հանգամանքը։

Պետական, ռազմական, քաղաքական, հասարակական իմ ողջ գործունեության ընթացքում առաջնորդվել եմ բացառապես սեփական գաղափարներով և խղճով: Ըմբռնումով եմ մոտենում ինձ վերագրվող երևույթներին, քանի որ շրջանակները, ովքեր մշտապես ուղղորդվում են ինչ-ինչ կենտրոններից, չեն կարող հավատալ ազատ և անկաշկանդ միտք ունենալու հնարավորությանը: Հարգելով յուրաքանչյուրի արտահայտվելու իրավունքը, այնուամենայնիվ համոզված եմ, որ այդ հասկացությունը նույնական չէ զրպարտության ու սուտ մատնության հետ․ որևէ մեկի իրավունքը չի կարող իրացվել մյուսի իրավունքների ոտնահարման հաշվին»,- իր հայտարարության մեջ անդրադառնալով ԱԽ վերը նշված նիստում իր ելույթի առանձին հատվածների հանրայնացման փաստին՝ շեշտել է Սամվել Բաբայանը:

Այս համատեքստում Սամվել Բաբայանը ԱԽ դատախազությունից պահանջել է նաև իր՝ Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ տեղեկությունների մասով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և համապատասխան քրեաիրավական որակմամբ ճշմարտությունը բացահայտել:

Արցախի դատախազությունը, անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը, մասնավորապես, պարզաբանել է

«ԱՀ իրավապահ մարմիններն իրավասու են արձագանքել և քրեադատավարական գործընթաց նախաձեռնել բացառապես առերևույթ կատարված կամ նախապատրաստվող կոնկրետ հանցագործության դեպքի մասին վկայող տվյալների առկայության դեպքում: Իրավապահ մարմինները չունեն մասնավոր անձանց միջև ծագած՝ քաղաքացիա-իրավական բնույթ կրող վեճի առարկայի շուրջ քննություն իրականացնելու և «ճշմարտություն բացահայտելու» պարտականություն կամ լիազորություն, նման բնույթի հարցերը ենթակա են լուծման մասնավոր-իրավական տիրույթում: Ինչ վերաբերում է ԱՀ անվտանգության խորհրդի նիստում հնչած՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման վերաբերյալ հայտարարությանը, ապա այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար»:

Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը պատերազմի հետ կապված կարևոր հարցը վստահել Սեյրան Օհանյանին, ոչ թե Սամվել Բաբայանին

Մի քանի ոչ պաշտոնական հիշեցում-դիտարկում Սամվել Բաբայանի հայտարարությունում նշված հանգամանքների մասին.

Առաջին, Սամվել Բաբայանն ասում է, որ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել է քաղաք Երևան, որի նպատակը պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով հանրայնացման ենթական չէ, և, որ գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է: Ի դեպ, անցած տարի լրագրողների հետ զրույցում նա խուսափել էր «Իսկանդերի» կիրառման հետ կապված դիրքորոշում հայտնել՝ պատճառաբանելով, որ նոյեմբերի 6-ին Երևանում է եղել, իսկ, ըստ լուրերի՝ «Իսկանդերը» կիրառվել է նոյեմբերի 7-ին։

Հիմա անդրադառնանք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Սամվել Բաբայանին Երևան գործուղելու փաստին, այն էլ՝ պետական գաղտնիքի տարրեր պարունակող նպատակով:

168.am-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ 2020-ի նոյեմբերի 7-ին Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ինքը և ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը մեկնել են Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու:

Ինչո՞ւ Արցախի նախագահն այս կարևոր հարցը չի վստահել ԱԽ քարտուղարի պարտականությունները կատարող Սամվել Բաբայանին, որը պատերազմի ժամանակ, ըստ իր պնդումների, եղել է Արայիկ Հարությունյանի «աչքերն ու ականջները» կամ «բունկերից» խոսք փոխանցողը՝ որպես խորհրդատվական մարմնի ղեկավար: Գուցե այլ կարևոր առաքելությո՞ւն է Արայիկ Հարությունյանը վստահել Սամվել Բաբայանին: Գուցե, որը կամ հաջողությամբ է պսակվել, կամ ձախողվել է:

Փաստն այն է, որ Արցախի նախագահը 2020-ի նոյեմբերի 10-ին հայտարարել էր, թե տվել է իր համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը, և, որ այն եղել է «ստիպված» որոշում՝ ռազմական իրավիճակով պայմանավորված։ Իսկ Սամվել Բաբայանը եռակողմ համաձայնագրի հաստատումից հետո հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցնում Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները։

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու՝ հանձնել մեզ։

Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների՝ հայտարարում եմ, որ

– հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,

– դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»,- հայտարարել էր ՊԲ նախկին հրամանատարը:

Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանի այս քայլը որակեց որպես պատասխանատվությունից հրաժարում՝ հաշվի առնելով նրանց կամ նրանց ղեկավարած քաղաքական ուժերի միջև քաղաքական հուշագրի ստորագրումը, ինչը նշանակում է քաղաքական պատասխանատվության կիսում:

«Սամվել Բաբայանն իր հայտնի հայտարարությամբ փորձեց խուսափել ստանձնած քաղաքական պատասխանատվությունից: Մինչդեռ նա պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում, Արցախի նախագահի կողքին: Սակայն, պատերազմի ցավալի ելքով պայմանավորված, որոշել է հրաժարվել իր բաժին պատասխանատվությունից, ինչն առնվազն բարոյական չէ»,- 168.am-ի հետ զրույցում շեշտել էր այդ ժամանակ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Այս համատեքստում նշենք, որ պատերազմից 20 օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 9-ին, ԱԽ քարտուղարի կարգավիճակում գտնվող Սամվել Բաբայանը հայտարարել էր.

«Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որևիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնիություն է պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են՝ ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ չափը մեզ վստահի և տա այդ լիազորությունները: Բայց մենք ունենք 5 կետից բաղկացած հուշագիր, որի շրջանակում մենք համագործակցում ենք»:

Թե ի՞նչ փոխանցված լիազորությունների մասին էր խոսում Բաբայանը, այդպես էլ գաղտնի մնաց: Բայց ավելի ուշ, ինչպես նշեցինք, Սամվել Բաբայանը սրբագրեց իր իսկ ասածը և հայտարարեց, որ ինքը, ԱԽ քարտուղարի լիազորությունների շրջանակում, պատերազմի օրերին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել ԱՀ նախագահին, օրինակ, «всего лишь քարտեզի վրա ցույց է տվել, որ էդ տարածքը կարելի է ազատագրել»:

Սամվել Բաբայանը ԳՇ-ում փաստաթղթերի կեղծման մասին մոռացել է, ՊՆ-ն՝ հերքել

Երկրորդ, Սամվել Բաբայանը փորձում է օրենքի շրջանակում «պատժել» իր՝ Արցախը լքելու մասին տեղեկություններ տարածողներին: Այն, որ տեղեկությունները չպետք է լինեն հորինովի, դա անվիճելի է: Բայց ուզում ենք Սամվել Բաբայանին հիշեցնել, որ «Հրապարակ» թերթի հետ զրույցում նա հայտարարել էր.

«Ես շատ բան գիտեմ, որ Ղարաբաղի շտաբի պետով-բանով դրել՝ հրամաններ են գրել: Չե՞ն հասկանում, որ զռռում է, որ սարքած է։ Այստեղ՝ Հայաստանում էլ են զբաղվում, որովհետև որևիցե հրաման չի եղել հետքաշման կամ առաջ գնալու, հիմա պետք է ստուգել, դրանց բոլորին պատասխանատվության կանչել։ Փորձում են վերացնել հետքերը»:

Հարցին՝ ռազմական ղեկավարությո՞ւնն է փորձում ինքն իրեն «մաքրել», Բաբայանը պատասխանել էր. «Նորից եմ ասում՝ ես գիտեմ, որ զինվորականներն են անում, բայց թե ո՞ւմ կարգադրությամբ, ո՞վ է դրանց հուշում կամ ուղղորդում, ես առայժմ չգիտեմ,- այնուհետ հավելել,- Ես գիտեմ, որ ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում: Թե ում կարգադրություններով են անում, երբ ստուգեն, կասեն, էլի։ Հիմա կանգնեմ ասեմ` Նիկոլն ա հրաման տվել, բայց եթե չգիտեմ, ինչի՞ ասեմ: Ես ֆակտը գիտեմ, որ անում են»:

Հակադարձմանը՝ նոր ասում էիք՝ չգիտեք՝ ո՞վ է կարգադրել, հիմա վստահեցնում եք, որ Փաշինյանը չէ, Բաբայանը արձագանքել էր. «Բայց ինչի՞ Նիկոլը պիտի ուզի»:

«Սիվիլնեթի» տաղավարում էլ ասել էր, թե 44-օրյա պատերազմի ժամանակ չեն կարողացել հասկանալ՝ որտեղ է մեր առաջին գիծը, օրական մի տեղի մասով խաբել են:

«Գլխավոր շտաբը, որը պետք է իմանար գիծը, հրաման տար, ոչ մի բան չկա՝ ոչ հրաման, ոչ գիծ: Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով.- խմբ.) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել»,- շարունակել էր Բաբայանը և ԳՇ նախկին պետերին, այդ թվում՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին մեղադրել ռազմատեխնիկական կարողությունների և հակառակորդի գործողությունների մասին զեկուցագրեր չունենալու համար:

Թե որտեղից Սամվել Բաբայանին տեղեկություն համապատասխան զեկուցագրերի բացակայության, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում և ՊՆ-ում պատերազմական փաստաթղթերի կեղծման ու փոփոխության մասին, մինչ այսօր որևէ պատասխան չի հնչել:

Բաբայանը չի անդրադարձել նաև հարցին՝ արդյո՞ք փաստաթղթերի կեղծման մասին իր տեղեկությունը համապատասխանում էր իրականությանը: Եթե այո՝ ի՞նչ գործողություններ են հետևել դրան, եթե՝ ոչ, արդյո՞ք գործ չունենք իր կողմից քննադատված ստի և ապատեղեկատվության հետ:

Փոխարենը, 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՊՆ-ից ասել էին, որ ՊԲ նախկին հրամանատարի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը ՀՀ դատախազությանը տրամադրել է այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պահանջվել են զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով քննություն անցկացնելու նպատակով:

Ինչո՞վ է «հետաքրքիր» Սամվել Բաբայանը պատերազմի հանգամանքները քննող մարմիններին

Իսկ թե ի՞նչ տողատակ կա Սամվել Բաբայանի վերոնշյալ հայտարարության մեջ, ժամանակը ցույց կտա: Հնարավոր է՝ կապված է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրական դրվագներից մեկի հետ, որն առնչվում է հայտնի օպերացիային, որի հետ կապվել է նաև Սամվել Բաբայանի անունը:

Իր հայտարարության մեջ Բաբայանը տեղեկացնում է, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննչական գործողությունների շրջանակում երկու անգամ հրավիրվել է հարցաքննության, պարզաբանումներ տվել մարտական գործողություններին իր առնչության և ներգրավվածության վերաբերյալ։ Ավելին, պատրաստ է իրեն մեղսագրվող արարքների ապացուցման դեպքում կրել պատասխանատվություն։

Հետաքրքիր է՝ պատերազմի ժամանակ «խորհրդատվական» առաքելություն իրականացրած Սամվել Բաբայանի հետ իրավապահ մարմիններն ի՞նչ «խնդիր» ունեն:

Մյուս կողմից, նա մշտապես եղել է հրամանատարական կետում և շատ բան է տեսել: Գուցե սրա համա՞ր է Սամվել Բաբայանը «հետաքրքիր» համապատասխան մարմիններին:

Այսինքն, նա տիրապետում է որոշակի ինֆորմացիաների, որոնք կարող են նաև չբխել քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարության շահերից, և հիմա Սամվել Բաբայանն իրադարձություններից առաջ ընկնելով, ըստ էության, մեսիջ է ուղարկում Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, որ ինքը պատրաստ է կրել միայն իր բաժին պատասխանատվությունը, որը զուտ խորհրդատվական է, և որի հետ կարող էին նրանք չհամաձայնել:

Այլ կերպ՝ առաջարկվում է «գործարք»՝ լռություն, իշխանություններին ձեռնտու ինֆորմացիայի հրապարակում, կամ ինչո՞ւ չէ՝ իշխանություններին դեմ ինֆորմացիայի հրապարակում:

Ի վերջո, Սամվել Բաբայանը ցույց է տվել, որ ոչ միայն կարող է կտրուկ խոսել ԳՇ ղեկավարության դեմ և ամեն ինչում մեղադրել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, այնպես էլ բոյկոտել իշխանական հանդիպումները, օրինակ, արտախորհրդարանական, երբ իր խաղի կանոնները չեն ընդունում:

Տեսանյութեր

Լրահոս