Բորիս Բախշիյանին ջանասիրաբար կալանավորելու թույլտվություն տված ԲԴԽ-ն հրաժարվում է հայտնել՝ գործով ի՞նչ փաստական հանգամանքների է տիրապետել
Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց։ Դատավոր Լուսինե Սեփխանյանը հրապարակեց վճիռը՝ արդարացնելով Բախշիյանին, ճանաչելով և հռչակելով դատավորի անմեղությունը։
Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում էր իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանի մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին:
Այս պատմության սկիզբը հունվարի 31-ին էր, երբ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:
Հենց նույն օրը ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն էր տարածել, որում ասված էր․
«Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում՝ անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Փետրվարի 1-ին՝ 17:00-ից սկսված, միջնորդությունների քննությունը ԲԴԽ-ում ընթանում էր, և ԲԴԽ-ն նախ բավարարել էր դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, ապա նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու միջնորդությունները, ի դեպ, միաձայն:
Դատավորին կալանավորելու թույլտվություն տալն աննախադեպ էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, և պետք է որ շատ ծանրակշիռ լինեին փաստերը Բորիս Բախշիյանի դեմ նման որոշման հանգելու համար: Ու թեպետ բոլորն էին հասկանում՝ սա քաղաքական իշխանության վրեժխնդրությունն է դատավորի նկատմամբ, քանի որ վերջինիս որոշմամբ էին ազատ արձակվել Արցախյան հերոսամարտի ակտիվ մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթ Մինասյանը, Քաջարանի համայնքապետ, նախկինում ընդդիմադիր դիրքավորում ունեցող Մանվել Փարամազյանը: Կարճ ասած՝ Բորիս Բախշիյանը քաղաքական հրահանգ չէր կատարում:
Համաձայնություն տալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ՝ Բարձրագույն դատական խորհուրդը վերածվեց գործող իշխանության պատժիչ համակարգի առանցքային օղակի։
Դատավորի նկատմամբ այս իրավական գործընթացը քաղաքական հրահանգներին չենթարկվող, օրենքով առաջնորդվող, «չվնգստացող» դատավորներին վախեցնելու և պատժելու ազդակ էր:
Այդ օրերին 168.am-ը գրել էր, որ Բախշիյանին ազատությունից զրկել թույլ տալու հարցի քննարկման ժամանակ հատկապես ակտիվ են եղել ԲԴԽ դատավոր-անդամները: Վերջիններս բացառիկ էնտուզիազմով փորձել են հիմնավորել կողմ քվեարկելու անհրաժեշտությունը:
Առաջին ատյանի կալանք տվող դատավոր Դավիթ Արղամանյանը, իհարկե, բավարարեց միջնորդությունը, և Բորիս Բախշիյանը կալանավորվեց, իսկ օրեր անց՝ փետրվարի 10-ին, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց՝ խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները: ՄԻՊ-ը ծավալուն իրավական դիրքորոշում էր հայտնել՝ քննադատելով ԲԴԽ գործողություններն ու նրանց թույլ տված ընթացակարգային խախտումները:
ԲԴԽ անդամները միգուցե մոռացած լինեն, բայց կարող են կրկին ծանոթանալ նախկին ՄԻՊ-ի դիտարկումներին, ուր հատ առ հատ վեր են հանված այն անհամապատասխանությունները, որոնք առկա են ԲԴԽ հայտարարությունների ու իրականության միջև:
Փետրվարի 16-ին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով ներկա էր գտնվել Բորիս Բախշիյանի նախագահած չարաբաստիկ նիստին, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) հատկապես դատավոր անդամներն այդքան հեշտությամբ ու մեծ էնտուզիազմով տվեցին իրենց գործընկերոջը կալանավորելու թույլտվությունը, ասաց՝ շուտով կիմանանք՝ ով ինչ ակնկալիք ուներ, ում մոտ ինչ առաջընթացներ եղան, կամ ընտանիքի անդամներն ինչ առավել բարենպաստ իրավիճակներում հայտնվեցին:
«Ես անձամբ խիստ վիրավորված եմ այդ որոշումից, հատկապես այդ որոշմանը կողմ քվեարկած 4 դատավորից: Իրենք, իհարկե, դա չեն հասկանա, բայց ես վիրավորված եմ, որովհետև իրենք ոչ միայն իրավունքին հակառակ գործեցին, ոչ միայն 3 մանկահասակ երեխաներ ունեցող անմեղ երիտասարդին ուղարկեցին մեկուսարան, այլև փակեցին դատական համակարգի դագաղի կափարիչը: Դրա համար եմ ես անձամբ վիրավորված: Այդ որոշումը զարհուրելի էր»,- ասել էր փաստաբանը:
Երվանդ Վարոսյանը վստահ է՝ այս որոշման համար ԲԴԽ անդամներն անպայման բարոյական պատասխանատվության ենթարկվելու են:
«Իրենք պատասխան են տալու իրավաբանական հանրույթի առաջ, որովհետև իրենց արարքն իրավաբանական հանրույթի առաջ դառնալու է հիմնավորված ամոթ: Երիտասարդ իրավաբաններին էլ մենք պիտի ասենք, որ մեր պատմության մեջ եղել է նման խարան: Սա ուղղակի խայտառակություն է, խայ-տա-ռա-կու-թյուն է, որին կողմ քվեարկած ոչ մի անդամ, ոչ ոք երբեք չի լվացվելու, որքան էլ «ժավել» օգտագործեն: ԲԴԽ անդամներն իրենց սեփական համոզմունքով թաղել են իմ պետության դատական համակարգը, ինչի համար իրենց անունները համապատասխան տառերով գրվելու են պատմության մեջ»,- ասել էր փաստաբանը: Կալանավայրում մոտ 3 ամիս անցկացնելուց հետո՝ մայիսի 7-ին, Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց, որովհետև… Ուշադրություն… Դատավորին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն դատարան նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, չէր ներկայացրել:
ՔԿՀ-ից դուրս գալուց հետո Բորիս Բախշիյանը լրագրողների հետ զրույցում իր նկատմամբ հետապնդումը որակեց որպես դատավորի՝ իր գործունեությանը միջամտություն, ընդ որում՝ բիրտ։ Ինքը շարունակում է մնալ նույն կարծիքին։
Օրեր առաջ կրկին «Ռեվյուի» եթերում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ ԲԴԽ անդամները պետք է հիմա արդեն բացահայտեն՝ ինչ է դրված եղել իրենց սեղանին:
«Ակնհայտ է, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան կալանավորելու թույլտվություն տալու որոշումները ԲԴԽ-ի վատագույն որոշումներից էին: Հիմա, երբ արդեն դատավճիռ կա, էլ գաղտնի մարդ չկա: Թող ԲԴԽ անդամներն ասեն՝ իրենց սեղանին ի՞նչ է դրված եղել, որ այդպես են քվեարկել, մենք էլ մտածենք՝ հա, լավ, մի տոկոս շանս կար այդպես քվեարկելու: Հիմա նախաքննական գաղտնիքի խնդիր այլևս չկա: Պետք է խոսեն, որ արդարանալու շանս ունենան, որովհետև իրենց այդ որոշումը ոչ միայն մեծագույն խայտառակություն էր, քաղաքական էր երևում, այլև զրոյացնում էր դատական իշխանությունը, քանի որ, եթե դատավորը չունենա պաշտպանվածություն, երբեք չի կարողանա ուրիշների իրավունքները պաշտպանել: Բորիս Բախշիյանն իրեն պահեց տղամարդու պես, արժանապատիվ դատավորի պես: Խնդիրը Բորիս Բախշիյանը չէր»,- ասել էր Ռուբեն Մելիքյանը:
Հարցը վերահասցեագրեցինք ԲԴԽ-ին. մեզ ևս հետաքրքիր էր իմանալ՝ իսկապես ի՞նչ է դրված եղել ԲԴԽ անդամների սեղանին, որ նրանք գնացել են դատավորին կալանավորելու թույլտվություն տալու քայլին:
Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից նախ մեզ փոխանցեցին, որ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ չի մտել, և Խորհուրդն այդ հարցով որևէ մեկնաբանություն տալուց զերծ կմնա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հիմքեր էին ներկայացվել Խորհրդին, որ միաձայն կայացվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ որոշում, ԲԴԽ-ն, իհարկե, բովանդակային պատասխան չուներ:
«Քանի որ դռնփակ նիստում է քննարկվել այդ միջնորդությունը, հետևաբար՝ Խորհրդին ներկայացված փաստական տվյալների վերաբերյալ մեկնաբանություն տալ ևս չենք կարող»,- ԲԴԽ դիրքորոշումը փոխանցեցին Խորհրդի լրատվական ծառայությունից: