ԲԴԽ-ն թույլ է տվել քրեական հետապնդում սկսել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ու կալանավորել նրան
168.am-ը արդեն տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։
Մեր տեղեկություններով 17:00-ից սկսված միջնորդությունների քննությունը ԲԴԽ-ում դեռ շարունակվում է։ Այս պահի դրությամբ ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը։ Այժմ քննվում է նրա անձեռնմխելիությունը հաղթահարելոը հարցը։
Հիշեցնենք նաեւ, որ Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Հ. Գ. Նյութն արդեն հրապարակվել էր, երբ տեղեկացանք, որ հաղթահարվել է նաև դատավորի անձեռնմխելիության արգելքը։ Իսկ սա նշանակում է, որ ԲԴԽ-ն թույլ է տվել կալանավորել դատավոր Բորիս Բախշիյանին։