Դատախազությունը մարդկանց խայտառակում է իր պաշտոնական կայքով, սակայն նրանցից ներողություն է հայցում Խաչատուր Սուքիասյանի աշխատող «փեսա Հարութով»

2018թ. հեղաշրջումից հետո Նիկոլ Փաշինյանի հրահանգով սկսեցին հարուցվել բազմաթիվ քրեական գործեր, նախաձեռնվեցին ձերբակալություններ ու կալանավորումներ, որոնց նպատակը նախկին իշխանության օրոք որոշակի պաշտոններ զբաղեցրած անձանց, նրանց հետ առնչվող անձանց ու իրենց քիմքին հաճո որոշումներ չկայացնողների վարկաբեկումն էր ու մեկուսացումը, բնականաբար՝ հեղափոխության ժանրին համահունչ PR-կանոններով՝ հասարակության աչքին «անարդարության դեմ պայքարողի» կերպար ձևավորելու, շոուներ սարքելու նպատակով:

Այդ քրեական գործերը հարուցվում էին մեծ աղմուկով, տարածվում իրավապահ համակարգի կայքերով ու սոցցանցային էջերով: Առավել ակտիվությամբ դրանց անդրադառնում էր ՀՀ Գլխավոր դատախազությունը, որը նույն գործի մասին հաղորդագրություն տալիս էր մի քանի անգամ՝ վարույթը հարուցելիս, նախաքննությունն ավարտելիս, դատարան մտնելիս, եթե արանքում էլի առիթ չէր հորինվում:

Եվ եթե, օրինակ, դատավոր Բորիս Բախշիյանի առնչությամբ հարուցված քրեական վարույթն աղմկահարույց էր ու շատ քննարկված, և երևի թե հիմնավորված էր դրա մասին լրացուցիչ հաղորդագրություն տարածելը, ապա Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վարորդի՝ Արտակ Հովհաննսյանի գործի դեպքում Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել դեռևս ուժի մեջ չմտած դատավճռի մասին, և այդ հաղորդագրությունը տարածվել է զուտ Հրայր Թովմասյանի անունը ևս մեկ անգամ ենթադրյալ իրավախախտման համատեքստում տալու համար:

Նշված երկու անձինք՝ թե՛ Բորիս Բախշիյանը, թե՛ Արտակ Հովհաննիսյանը, վերջնական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել են անմեղ, արդարացվել են, և Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն պիտի հայցեր նշված անձանցից: Սակայն այդ ներողությունը չկար ու չկար՝ ո՛չ Դատախազության կայքում, և ո՛չ էլ սոցցանցային էջում: 

Կարդացեք նաև

168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ դատախազություն՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

1. Ինչո՞ւ Գլխավոր դատախազության կայքում տեղադրված չեն այդ ներողությունները:

2. Ինչո՞ւ ներողություն չի խնդրում քրեական հետապնդում հարուցած մարմինը: Եթե խնդրել է, որտե՞ղ են դրանք հրապարակված:

3. Եթե որևէ կայքում դրանք հրապարակված են, խնդրում եմ տեղեկացնել՝ ի՞նչ հիմունքներով: Կա՞ արդյոք պայմանագիր տվյալ լրատվամիջոցի հետ, ինչպե՞ս է ընտրվել լրատվամիջոցը, ֆինանսական ի՞նչ հարաբերություններ են դրված դրա հիմքում: Որքա՞ն ժամանակ է պահպանվելու տվյալ կայքում այդ ներողությունը:

Գլխավոր դատախազությունից, ինչպես սովորաբար, ստացանք բավականին «խոսուն» պատասխան:

«Վերլուծությունը հստակ վկայում է այն մասին, որ հրապարակային ներողություն հայցելու եղանակի ընտրությունը օրենսդիրը թողել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը, և առկա չէ որևէ պահանջ առ այն, որ հրապարակային ներողության հայցումը պետք է իրականացվի քրեական հետապնդում հարուցած մարմնի պաշտոնական կայքի միջոցով»,- գրված էր Դատախազությունից մեզ հասցեագրված պատասխանում: Հավելել էին նաև, որ Դատախազությունը պատշաճ կատարում է Քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ իրավական նորմի պահանջը:

Մեր մյուս հարցերին չէին պատասխանել, սակայն դատախազության պատասխանից ակնհայտ էր, որ այդ ներողությունն ինչ-որ տեղ հրապարակված է, ու քանի որ մասնավորապես Բորիս Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Դատախազությունն իր պաշտպանյալից ներողություն է խնդրել, սկսեցինք պեղել այդ «ներողությունը»: Ու գտանք…

Պարզվեց՝ Դատախազությունն իր ներողությունները հայցում է մեզ ու վստահաբար լրատվական դաշտի համար ոչինչ չասող ինչ-որ mediaroom.am կայքում:

Ընդ որում թե՛ Բորիս Բախշիյանի և թե՛ Արտակ Հովհաննիսյանի դեպքում Դատախազությունն իր հայցած ներողությունը հրապարակել էր հունվարի 3-ին՝ ամանորյա տոների օրերին, երբ ակնհայտորեն շատ քիչ քանակությամբ մարդիկ կարող էին այն տեսնել, ինչը որևէ կերպ չէր կարող բավարարել անձի ռեաբիլիտացիայի իրավունքին, որն ի դեպ օրենսդրության պահանջն է: Եվ երբ նույն օրենքը քեզնից չի պահանջում անձին մեղսագրվող արարքի մասին հաղորդագրությունը նույնպես պաշտոնական կայքով հրապարակել, իսկ դու դա անում ես, սակայն նույն կերպ չես վարվում ներողության տեքստը հրապարակելու ժամանակ, դու ակնհատ միտում ունես ներողություն հայցելու պատրանք ստեղծել: Բացի դրանից, պաշտոնական կայքում հրապարակվածը չի կարող հանվել, իսկ որևէ կայքում հրապարակված տեքստը ցանկացած ժամանակ կարող է հեռացվել կայքից:

Ինչևէ, 168.am-ը փորձեց հասկանալ՝ ի՞նչ կայք է, այնուամենայնիվ, Mediaroom.am-ը: Առաջինը, ինչը գրավեց մեր ուշադրությունը, այն էր, որ կայքի գլխամասային հատվածում, որտեղ սովորաբար հրապարակվում են կայքի համար հույժ կարևոր նյութերի մասին նշումները, տեղ էր գտել իշխանական հայտնի կեղծ օգտատեր, մշտապես քարոզչական ստահոդ-կեղծ լուրեր տարածող Ռեգինա Պրազյանի սոցցանցային գրառումն այն մասին, թե իբր  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի սկզբին պատրաստվում է հեղաշրջում իրականացնել:

Ինչպես տեսնում եք՝ արդեն մարտի 2-ն է, և չկա այդ հեղաշրջում կոչվածը:

Կարճատև լրագրողական հետաքննությունը հետաքրքիր հանգամանք բացահայտեց: Կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված հեռախոսահամարը համապատասխան ծրագրով նույնականացնելուց հետո պարզվեց, որ այն պատկանում է «փեսա Հարութին»:

Թե ում փեսան էր Հարութը, մեզ հետաքրքիր չէր, առավել հետաքրքիր էր՝ ով էր Հարութը: Եվ քանի որ կայքի լրատվական քաղաքականությունը շատ նման էր իշխանական քարոզչամեքենաների դասական ձեռագրին, փեսա Հարութին սկսեցինք փնտրել նրանց մեջ ու պարզեցինք, որ Հարութն Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ առնչվող araratnews.am կայքի գլխավոր խմբագիր Հարություն Մկրտչյանն է, որի ֆեյսբուքյան էջում նշված է, որ վերջինս նաև mediaroom.am կայքի գլխավոր խմբագիրն է:

Հիշեցնենք, որ նույն Հարություն Մկրտչյանը 2015թ. դատապարտվել էր 2008թ. կատարած արարքի՝ առանձնապես խոշոր չափերով գողության համար։ Դատապարտվել էր սեփական հորաքրոջ բողոքի հիման վրա։ Նա ընդունել էր մեղքը՝ խնդրելով իրեն ներել, նշել էր, որ այդ քայլին է դիմել առանց գիտակցելու։

Փաստորեն, Գլխավոր դատախազությունը մարդկանց խայտառակ է անում, հանիրավի մեղադրում է իր պաշտոնական կայքով ու սոցցանցային էջով, սակայն, երբ վերջիններս արդարացվում են, ներողություն հայցում է «Գռզոնյուզով»:

Տեսանյութեր

Լրահոս