Այ հիմա ժամանակն է, որ ղեկավար պաշտոն զբաղեցրած արցախցիները բարձր խոսեն. Ռուբեն Մելիքյան
«Իհարկե, կարելի է ներարցախյան շահառուների անուններ ասել, բայց ես ձեռնպահ կմնամ ներարցախյան գործիչների անուններ տալուց այն պարզ պատճառով, որ այդ գործընթացն ուղիղ ուղղորդվում է հայաստանյան իշխանությունների կողմից՝ իրենց վրայից մեղքը գցելու համար: Այո՛, արցախյան իշխանությունների մասով որոշակի հարցեր կարող են լինել, դա ոչ ոք չի ժխտում, բայց Նիկոլ Փաշինյանի փոխարեն արցախյան իշխանություններին մեղադրելը նույնն է, թե գնդակահարողի փոխարեն այլ մարդկանց մեղադրես, ովքեր փորձել են փակել գնդակի ճանապարհը, և իրենց դա չի հաջողվել: Սա անտրամաբանական է, աննորմալ: Այն ժամանակ, երբ այդ մարդիկ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն հայաստանյան իշխանությունների տեղակայման շենքերի մոտ՝ Կառավարություն, Ազգային ժողով (ԱԺ), նոր դրանից հետո մեղավորներ հայտարարեն արցախյան գործիչներին, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, բայց մոռանալով Նիկոլ Փաշինյանին՝ սլաքներն ուղղել դեպի Սամվել Շահրամանյանը, ակնհայտ կարելի է համարել ուղղորդված»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ մի խումբ արցախցիների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի ակցիային՝ հավելելով, որ Արցախի գնդակահարության որոշումը նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին Պրահայում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր:
Վերջինս նշեց՝ երբ փակվեց Լաչինի միջանցքը, և միջազգային տարբեր կառույցների ու դեսպանատների մոտ տեղի ունեցան բողոքի ակցիաներ, ինքն արցախցի պաշտոնյաներին հարցրել է՝ իսկապե՞ս չեն հասկանում՝ ով է այս ամենի մեղավորը:
«Այ հիմա ժամանակն է, որ այդ մարդիկ բարձր խոսեն: Ոմանց հետ ես խոսել եմ և հույս ունեմ, որ մասնավոր զրույցներում մեր խոսակցությունը հրապարակային էլ է դառնալու: Այն ժամանակ սկսվեց ծածկադմփոցի գործընթացը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Անդրադառնալով Սամվել Շահրամանյանի այն դիտարկմանը, որ «Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը», Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանն ասաց՝ «Ավելի քան ակնհայտ էր. ատրճանակի տակ ստորագրված փաստաթուղթ է»:
«Այս ամենը շատ զզվելի ձևով սկսվեց ուղիղ ՔՊ-ական կարկառուն դեմքերի կողմից: Ես լավ հիշում եմ, որ Անդրանիկ Քոչարյանը նման մի բան ասաց՝ եթե Սամվել Շահրամանյանի փոխարեն լինեի, ինքնասպանություն կգործեի: Ու չգիտես ինչու՝ սա քրեորեն պատժելի չէ: Այս մեղսագործ իշխանությունները պետք է ինչ-որ մի քարոզչական գիծ բռնեին իրենց արածը թաքցնելու համար, և շատ հարմար թիրախ էր առանձնապես Շահրամանյանը և առհասարակ Արցախի ռազմաքաղաքական էլիտան»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Ստրասբուրգում կրկին «ժողովրդավարություն» բրենդը վաճառելու, ինչպես նաև այն դիտարկման մասին, որ ժողովրդավարությամբ կարելի է անվտանգություն ապահովել, անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն արձագանքին, որ «Բոլոր ֆորմատներով հնարավոր է ապահովել, և ժողովրդավարությունը երևի լավագույն ձևն է, բայց ձեր կարծիքով՝ Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է։ եթե ժողովրդավարությունն այդպիսին է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևէ մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալներ կան, եթե այսօր մեր հայրենիքի մի հատվածի 150 000-ն ուղղակի արտաքսվել է, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը», Ռուբեն Մելիքյանն ասաց՝ համաձայն է Սերժ Սարգսյանի ձևակերպումների հետ:
«Անգամ կդժվարանամ մտածել, թե ինչպես կարելի է առողջ տրամաբանությամբ վիճել այս մտքերի հետ: Ծիծաղելի է ՀՀ-ն ժողովրդավար համարելը: Ծաղր է ժողովրդավար համարել մի երկիր, ուր «Սամվել Շահրամանյանը պետք է ինքնասպանություն գործեր» ասողին ոչինչ չի պատահում, իսկ Գեբելսի հետ համեմատության համար ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն այսօր դատվում է: Կամ Մամիկոն Ասլանյանի դեպքը: Մարդն ընտրվեց Վանաձորի քաղաքապետ, ու դրանից հետո արդեն երկու տարուց ավելի կալանավորված է: Ըստ Նիկոլ Փաշինյանի և իրեն ծափահարող եվրոփարիսեցիների՝ ժողովրդավարությունը այն է, ինչ դու ես ուզում, և այն չէ, ինչ մարդիկ են ուզում, բայց դու չես ուզում»,- ասաց իրավապաշտպանը:
Անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության խայտառակ նիստին և այդ նիստերի ընթացքում դատախազների կատարյալ պասիվությանը, Ռուբեն Մելիքյանն ասաց՝ իր տպավորությամբ դրա պատճառն այն է, որ մեղադրանքի ֆունկցիան իրականացնում էր նախկին դատախազ Դոլմազյանը, այլ ոչ թե նա իրականացնում էր դատավորի գործառույթ:
«Դատախազները հանգիստ նստած էին, որովհետև կարծում եմ՝ լավ հասկանում էին, թե ինչ է լինելու դատարանի որոշումը»,- ասաց Արմեն Աշոտյանի պաշտպանը:
Խոսելով երաշխավորների ներկայացուցչական կազմի և դատավորի այն զավեշտալի մտքի մասին, թե ինքը չի ճանաչում Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն ներկայացրած Կոլումբիայի նախկին նախագահին և ԵԱՀԿ ԽՎ նախագահին, հետևաբար՝ նրանք իր համար վստահություն չեն ներշնչում, Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ որևէ երկրի նախագահ լինելու հանգամանքը կամ ԵԱՀԿ կառույցի ղեկավար լինելն ինքնին հեղինակության մասին է վկայում:
«Երաշխավորության գաղափարն այն մասին չէ, որ դատավորը պարտադիր պետք է ճանաչի երաշխավորներին: Ի՞նչ կարող է լինել առավել մեծ հեղինակության մասին, քան Կոլումբիայի նման երկրում նախագահ դառնալը: Մարդն ասում է՝ ես իմ խոսքն եմ դնում սեղանին: Բավականին մեծ գումար առաջարկված գրավը, երաշխավորների անձը, տնային կալանքը, որը գրեթե կալանքին հավասար բան է, փաստորեն որևէ նշանակություն չունեցան: Էլ չենք խոսում առհասարակ Արմեն Աշոտյանի անձի ու նրա հեղինակության մասին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի այն որոշմանը, ըստ որի՝ Արմեն Աշոտյանին վերագրվող փողերի լվացման հանցակազմ այս քրեական վարույթում չկա, ու այդ առնչությամբ չի հաստատվել հիմնավոր կասկածի շեմը, պաշտպանն ասաց՝ այդ որոշման առնչությամբ իրենք պատրաստվում են միջնորդություն ներկայացնել:
«Կա դատարանի որոշում, որով սևով սպիտակի վրա գրված է, որ փողերի լվացման մասին այստեղ խոսք լինել չի կարող անգամ ցածրագույն չափանիշով: Եվ դա արձանագրված է: Այդպիսի դեպքեր հազվադեպ են լինում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հարցին՝ ինչո՞ւ է վրեժխնդիր լինում իշխանությունը, պաշտպանն ասաց՝ Արմեն Աշոտյանի կերպարն առանձնահատուկ է:
«Ամեն ինչ կարելի է նրան վերագրել, բացի գորշ լինելուց: Նա վառ անհատականություն է, մարդ, որը կարողանում է փաստարկված խոսել այն խայտառակությունների մասին, որ մեր երկրում տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ: Արմեն Աշոտյանի կերպարն այնպիսին է, որ նա իրոք մեծ վնաս էր տալիս գործող իշխանությանը նաև իր խարիզմայով ու քաղաքական կապերով: Հայաստանի պատմության մեջ մեկ այլ պետության նախկին նախագահ որևէ մեկի համար երաշխավորություն չի ներկայացրել: Մեր քաղաքական դաշտում Արմեն Աշոտյանի նման մարդիկ մի ձեռքի մատների վրա կարող ես հաշվել: Պարզ է, որ իշխանություններին պետք է ձեռնտու լինի, որ նման մարդիկ գտնվեն անազատության մեջ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: