Եթե Արմեն Աշոտյանը, լանցետը ձեռքը, չհերձեր Փաշինյանի ստերը, հիմա իրենց տանը կլիներ. Ռուբեն Մելիքյան
«Ի սկզբանե որոշվեց հանրային ճանաչում ունեցող մարդկանց շրջանում ստորագրահավաք սկսել՝ ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների, որպեսզի մարդիկ, ում խոսքը լսելի է, քաղաքացուն ավելի շատ մտածելու տեղիք տան: Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ մեզ այնքան էլ չհաջողվեց պահել այդ սահմանումը, որովհետև շատ մարդիկ էին զանգում ու խնդրում իրենց անունը նույնպես ներառել ցանկում: Ես կեսկատակ-կեսլուրջ ասում էի՝ ինձնից իմ ողջ կյանքում այնքան շատ նեղացող չի եղել, որքան այս տասն օրվա մեջ իրենց անունը չներառելու պատճառով: Նաև Շուշան Պետրոսյանն էր բոլորիս, բայց հատկապես իր համար սիրելի Մարտակերտում ստորագրահավաք արել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավապաշտպան, փաստաբան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին ի աջակցություն տասնօրյա առցանց ստորագրահավաքին:
Նրա խոսքով՝ իրենք փորձել են իրենց այս գործողությամբ հանրային ուշադրություն հրավիրել խնդրին, և սա միայն սկիզբն է, որովհետև արդեն տեսնում են, որ բազմաթիվ իրազեկման ակցիաներ արդեն իսկ իրականացվում են:
«Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հարցը պետք է մշտապես լինի ուշադրության կենտրոնում: Մարդիկ չպետք է կարողանան մոռանալ դրա մասին: Պետք է մտածեն ու որոշում կայացնեն, մասնակցություն ունենան, որովհետև Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները զրկանքներ են կրում բոլորիս համար:
«Բոլորս էլ հասկանում ենք՝ Արմեն Աշոտյանը, եթե ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի հակահայ, հակաարցախյան հայտարարություններից հետո, ինչպես ինքն էր ասում, չվերցներ իր բժշկական լանցետն ու հերձեր նրա բոլոր մտքերը, ապա վստահ կարելի է ասել, որ նա հիմա իր տանն էր նստած ու իր գործով էր զբաղվում, ինչպես շատերը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ մեր պարտքն է օրվա մեջ որոշակի ժամանակ տրամադրել ու հիշեցնել այդ մասին:
Ինչ վերաբերում է «Բանաձև 19:00» նախաձեռնությանը, Ռուբեն Մելիքյանն ասաց՝ նպատակը նաև թաքնված է անվան մեջ: Դա այն բանաձևն է, որով 2012թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քաղաքական հասկացությանը տվեց իրավական ձևակերպում՝ քաղբանտարկյալ:
«Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցել Արմեն Աշոտյանի պարագան, բայց շատ դեպքեր կան, որ մարդիկ կարող են տարբեր մոտեցում ունենալ, որովհետև երբեմն քաղբանտարկյալ ինքնահռչակվելը լրացուցիչ պաշտպանության միջոց կարող է հանդիսանալ: Նախաձեռնության նպատակն այն է, որ մենք կարողանանք մասնագիտական լեզվով ճշգրիտ ձևակերպել՝ կոնկրետ դեպքը հանդիսանո՞ւմ է քաղաքական հետապնդում, թե՞ ոչ, ու անձը հանդիսանո՞ւմ է քաղբանտարկյալ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական վերջին նիստին, փաստաբանների գործադուլին, Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ քննվող խայտառակ կարգապահական վարույթին ու դրա մասնակիցներին:
«Կարեն Անդրեասյանի վարքագիծը վերջին շրջանում, հատկապես այս ու զուգահեռ ընթացող մեկ այլ վարույթով ուղղակի խայտառակության նոր հորիզոններ է նվաճում: Բաներ են կատարվում, որ մարդկանց մտքով ուղղակի անցնել չէր կարող՝ դռնփակ դատական նիստ, դատավորի՝ իր վերաբերյալ վարույթից հեռացում, պաշտպանության իրավունքից զրկում, մյուս վարույթով՝ մարդուն ստիպել հիվանդանոցից գալ ու մասնակցել վարույթին…»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ մարդուն պաշտպանության իրավունքից զրկելը նշանակում է, որ արդարադատության Տիտանիկն անցնում է ջրի տակ:
«Լինելով իրավապաշտպան՝ Կարեն Անդրեասյանն իրեն նման բան է թույլ տալիս: Այսպիսի օրինակ նույնիսկ միջազգային պրակտիկայում չի կարող լինել: Կյանքում մի օր դատավոր եղել ե՞ս, որ իմանաս՝ դատավորն ինչ է: Այդ մարդն իրավունք չունի դատավորի աթոռին նստել նույնիսկ առաջին ատյանում, ուր մնաց՝ ԲԴԽ-ում»,- տարակուսեց Ռուբեն Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: