«Հիմա արդեն նախաքննական գաղտնիքի հարց չկա. ԲԴԽ անդամները պետք է ասեն՝ իրենց սեղանին ի՞նչ է դրված եղել». Ռուբեն Մելիքյան

«Աննա Վարդապետյանին շատ լավ եմ ճանաչում, միասին բավական երկար աշխատել ենք: Աննա Վարդապետյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նշանակված դատախազ է: Այո, պրոֆեսիոնալ է, այո, վստահաբար կարող եմ ասել՝ գիտելիքների մեծ պաշար ունեցող իրավաբան է, բայց իմ ընդհանուր գնահատականները՝ կապված նրա հետ, թե ինչպե՞ս է հնարավոր, որ պրոֆեսիոնալները համագործակցեն այս իշխանությունների հետ, որևէ բացառություն չեն նախատեսում»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նշանակմանը:

Անդրադառնալով գլխավոր դատախազի տեղակալների՝ իրենց պաշտոններին հերթով հրաժեշտ տալուն, Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ դա և նորմալ է, և ոչ: Նշեց, որ նորմալ է այն առումով, որ ցանկացած ղեկավար էլ ցանկանում է իր թիմով աշխատել, և եթե առավել արժանավոր թեկնածուներ գտնվեն, ինքը խնդիր չի տեսնում տեղակալների փոփոխության մեջ:

Իրավապաշտպանը նաև նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մերձավորագույն կադրերից գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի՝ իր պաշտոնավարումը շարունակելը պայմանավորեց «Մարտի 1»-ի գործով:

«Ամենևին չեմ բացառում, որ դա պայմանավորված է «Մարտի 1»-ի գործին նրա ներգրավմամբ՝ որպես մեղադրող դատախազ, և այն հանգամանքով, որ «Քաղաքացիական պայմանագրի» տեսանկյունից Գևորգ Բաղդասարյանը եղել է իրենց քաղաքական նպատակների համար տուժած անձ: Այս առումով գուցե արդարության ինչ-որ էլեմենտ կա»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Անդրադառնալով Կարեն Անդրեասյան-Երանուհի Թումանյանց զույգի՝ Բարձրագույն դատական խուրհուրդ (ԲԴԽ) իրավաբան-գիտնականների քվոտայով «գործուղմանը»՝ Ռուբեն Մելիքյանը նախ նկատեց՝ ինքն անգամ չգիտեր, որ Երանուհի Թումանյանցը իրավաբանական գիտությունների թեկնածու է:

«Երանուհի Թումանյանցին ճանաչել եմ ԲԴԽ-ում դատավորների վերաբերյալ Կարեն Անդրեասյանի բերած կարգապահական դիմումների քննարկման ժամանակ… Դե՜… Լավ, ոչինչ չեմ կարող ասել՝ ոչ դրական, ոչ բացասական»,- ասաց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է 168.amի հրապարակմանը այսօր Երանուհի Թումանյանցի տված արձագանքին, թե իր մասնագիտական աշխատանքի ստաժը բավարարում է օրենքի պահանջին, քանի որ ինքը 2006թ. է սկսել աշխատել, Ռուբեն Մելիքյանն ասաց՝ մասնագիտական աշխատանք կարող է համարվել մասնագետի աշխատանքը, երբ մարդն արդեն մասնագետ է, այսինքն՝ դիպլոմ ունի:

«Եթե մարդն այդ պահին ուսանող է, իրավաբան չէ, կարո՞ղ է իրականացնել մասնագիտական գործունեություն: Ես աբսուրդ կհամարեի, եթե պատասխանը լիներ՝ այո, հնարավոր է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Անդրադառնալով Երանուհի Թումանյանցի՝ 2019թ. պաշտպանած թեկնածուական թեզի այն հատվածին, որում նա գրել է, թե օրենքով պետք է արգելվի արդարադատության նախարարին կարգապահական միջնորդություններ ներկայացնել դատավորների վերաբերյալ, Ռուբեն Մելիքյանը չկարողացավ զսպել ծիծաղը:

«Լո՞ւրջ եք ասում, նման բա՞ն է գրել… Ա՜յ քեզ բան… Փաստորեն «բարձր հեղինակություն» ունեցող մասնագետները կարող են ժամանակի ընթացքում 180 աստիճանով փոխել իրենց մոտեցումները: Գուցե արդեն դոկտորական ատենախոսության մեջ դրա հակառակ թեզը հիմնավորի, ի՞նչ իմանանք… Օրինակ, Կարեն Անդրեասյանն այս աղջկան ինչո՞ւ է այսքան վատ վիճակի մեջ դնում»,- ասաց արդարադատության նախկին փոխնախարարը:

Խոսելով ԲԴԽ գնալու՝ Կարեն Անդրեասյանի մոտիվացիայի մասին՝ Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ վստահ չի, որ Կարեն Անդրեասյանն ինքն է ուզում գնալ ԲԴԽ:

«ՔՊ-ն՝ որպես քաղաքական թիմ, ունի մեծ կադրային պրոբլեմ: Ես շատ լավ գիտեմ, որ շատ մարդկանց առաջարկվել է, մարդիկ մերժել են: Մարդիկ ունեն արժանապատվություն: Ես կարծում եմ՝ լավ օրից չէ, որ Կարեն Անդրեասյանին են գործուղում: Այս իշխանության հետ աշխատող կադրերը գնալով դառնում են բարևազուրկ: Խայտառակություն է, երբ դու ԲԴԽ իրավաբան-գիտնականի քվոտայով ուղարկում ես մի աղջկա, որի անունը լսելով՝ մարդիկ զարմանում են՝ ո՞նց, այս աղջիկը նաև գիտությունների թեկնածո՞ւ է… Մեկը թող ասի, որ Երանուհի Թումանյանցին ճանաչում է այլ կարգավիճակով, քան Կարեն Անդրեասյանի… Նուուուու… Ենթակա… լավ, այս բառն օգտագործենք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Խոսելով կնոջ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական միջնորդության մասին, Ռուբեն Մելիքյանն ասաց՝ վստահ է, որ այստեղ դեր է ունեցել այն հանգամանքը, որ Աննա Փիլոսյանը Ռուբեն Մելիքյանի կինն է, սակայն հարցը համակարգային է, և Արդարադատության նախարարությունը փոխանակ լուծելու դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրը, զբաղված է կարգապահական վարույթների հարուցմամբ: ԲԴԽ-ն, ի դեպ, մերժել էր արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը:

Զրույցի ընթացքում չշրջանցվեց նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի՝ դատարանի կողմից արդարացվելու թեման:

«Ակնհայտ է, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան կալանավորելու թույլտվություն տալու որոշումները ԲԴԽ-ի վատագույն որոշումներից էին: Հիմա, երբ արդեն դատավճիռ կա, էլ գաղտնի մարդ չկա: Թող ԲԴԽ անդամներն ասեն՝ իրենց սեղանին ի՞նչ է դրված եղել, որ այդպես են քվեարկել, մենք էլ մտածենք՝ հա, լավ, մի տոկոս շանս կար այդպես քվեարկելու: Հիմա նախաքննական գաղտնիքի խնդիր այլևս չկա: Պետք է խոսեն, որ արդարանալու շանս ունենան, որովհետև իրենց այդ որոշումը ոչ միայն մեծագույն խայտառակություն էր, քաղաքական էր երևում, այլև զրոյացնում էր դատական իշխանությունը, քանի որ, եթե դատավորը չունենա պաշտպանվածություն, երբեք չի կարողանա ուրիշների իրավունքները պաշտպանել: Բորիս Բախշիյանն իրեն պահեց տղամարդու պես, արժանապատիվ դատավորի պես: Խնդիրը Բորիս Բախշիյանը չէր»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է շարունակում քննվել դատարանի դահլիճում ողբերգականորեն կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց՝ ամեն կերպ պետք է հասնենք Արմեն Գրիգորյանի արդարացմանը:

«Նա առավել քան արժանի է դրան: Բոլոր ատյաններով գնալու ենք՝ Վերաքննիչ, Վճռաբեկ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մինչև հասնենք Արմենի արդարացմանը, ու կհասնենք»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս