«Բանակի հրամանատարը բոլոր իրավունքներով օժտված է եղել՝ իր բանակը ղեկավարելու համար». Մովսես Հակոբյան
Հուլիսի 7-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Այս տեղեկատվության ֆոնին փորձագիտական և ոչ փորձագիտական շրջանակները նորից հիշեցին 2018-ի ապրիլ-մայիսին ադրբեջանական առաջխաղացումների մասին: Սրա մասին այդ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները կատարող Մովսես Հակոբյանը շատ ուշ էր իմացել, համենայնդեպս, այդպես է հայտարարել ինքը:
2020թ. նոյեմբերին լրագրողների հետ հանդիպմանը Մովսես Հակոբյանը, մասնավորապես, ասել էր, որ իր ենթակա 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Դավթյանը թաքցրել է այս փաստն իրենից:
«Մենք 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Եվ այն ժամանակ ես գտնվում էի Արցախում: Մենք զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդն առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում: Արտակ Դավթյանը եղել է հրամանատար, ես իրեն հարցրել եմ, նա թաքցրել է»,- ասել էր նա:
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում Արտակ Դավթյանն արձագանքել էր Մովսես Հակոբյանի հայտարարությանը:
«Եթե ինքն ասում է, որ ես 5-րդ կորպուսի հրամանատարն էի, ինքն էլ ԳՇ պետն էր, բա ինչո՞ւ ինքը որոշում չկայացրեց, որ այդ 6 կմ-ը մենք գնանք առաջ: Եթե կար էդքան տարածություն՝ 5-6 կմ, որ մենք կարող էինք առաջ գնալ, ինչի՞ չենք գնացել: Գոյություն ունի պատասխանատվության գոտի, և դիրքի ցանկացած փոփոխություն ներկայացվում է, և եթե ընդունում է որոշում կորպուսի հրամանատարը, այն պետք է հաստատի վերադասը»,- շեշտել էր Դավթյանը և պնդել՝ իր պաշտոնավարման ընթացքում որևէ դիրք, հենակետ չենք կորցրել այդ հատվածում:
2018-ի ապրիլին փորձագիտական շրջանակները և մամուլը հայտնում էին արդեն Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական կուտակումների մասին: 168.am-ին հասած տեղեկություններով՝ ապրիլին այս մասին զեկուցվել է ԳՇ ղեկավարությանը: Արդյոք Մովսես Հակոբյանին այս կուտակումների մասին զեկուցվե՞լ է, և ե՞րբ է իմացել ինքը ադրբեջանական առաջխաղացումների մասին, որը, ինչպես հետո հայտարարվեց, եղել է միջդիրքային տարածքում:
Որոշ հարցերի շուրջ զրուցել ենք Մովսես Հակոբյանի հետ:
– 2018-ի ապրիլից արդեն Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական կուտակումներ էր նկատվում, Արտակ Դավթյանը ե՞րբ է Ձեզ զեկուցել դրա մասին, և Ձեր կողմից ի՞նչ արձագանք է եղել՝ որպես Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ:
– Մանրամասն չեմ հիշի, կարծեմ մայիսին, իշխանափոխությունը ե՞րբ է եղել:
– Ապրիլին: Եվ հենց ապրիլից արդեն կուտակումներ կային, ե՞րբ եք Դուք իմացել այդ մասին: Ձեզ ապրիլին չի՞ զեկուցվել:
– Երբ որ Արտակ Դավթյանը նշանակվել է պաշտոնի՝ ԳՇ պետ, դրանից մեկ օր առաջ:
– Արտակ Դավթյանը ԳՇ պետ է նշանակվել մայիսի 24-ին, մինչև այդ Դուք էիք ԳՇ պետը, և արդեն դիրքային առաջխաղացումներ կային:
– Ինձ չեն զեկուցել: Ես գնացել եմ, անձամբ տեղում նայել և իմացել՝ ինչ է կատարվում:
– Ինչպե՞ս եք իմացել, որ գնացել եք…
– Որոշակի հետախուզական ինֆորմացիա կար, որ առաջխաղացում կա, բայց կորպուսի հրամանատարի կողմից այդպիսի զեկույց չի եղել: Ես գնացել եմ տեղում նայել և տեսել՝ ինչ է կատարվում: Դա եղել է իրեն այդ պաշտոնից հանելուց մեկ օր առաջ:
– Այսինքն, զեկույց այդ մասով, օրինակ, ՊՆ-ում և ԳՇ-ում չի լինի:
– Պիտի լինի, բայց չի եղել:
– Այլ թեմայի անդրադառնանք. Ձեր հարցազրույցներից մեկը լսեցի, պարոն գեներալ, այդտեղից հարց՝ Դուք եղել եք ՊԲ հրամանատար, ի՞նչ լիազորություններ ունի ՊԲ հրամանատարը խաղաղ և պատերազմի պայմաններում:
– Իմ զբաղեցրած բոլոր պաշտոններից ամենից մեծ իրավունքները, հնարավորությունը ունեցել եմ այդ պաշտոնում, ամեն ինչ…
– Ամեն ինչ, իսկ կոնկրետ ի՞նչ իրավունքներ, հնարավորություններ:
– Որպես զինվորական՝ ամեն ինչի որոշում կայացնելու հնարավորություն:
– Բնականաբար, այդ նույն հնարավորությունն ունեցել է նաև Ջալալ Հարությունյանը:
– Միանշանակ:
– Այսինքն, եթե անգամ, օրինակ, այստեղից՝ ԳՇ-ից հրաման չուղարկվեր, ինքը միանձնյա որոշումներ կայացնելու որոշակի հնարավորություն, լիազորություն ուներ:
– Դա բացատրելը դժվար է: Բայց զինվորականները կիմանան, որ բանակի հրամանատարը բոլոր իրավունքներով օժտված է եղել՝ իր բանակը ղեկավարելու համար:
– Բաց աղբյուրները կան, որտեղ և՛ զոհվածների ծնողներն են վկայում, և՛ պատերազմի մասնակից ու վերադարձած զինծառայողները, որ շատ տեղերում, կարևոր ուղղություններում զինվորները զորամասերում են եղել, պատերազմը դիմավորել են զորամասում:
– Ծնողների ասածը չեմ մեկնաբանի:
– Դա միայն ծնողների ասածը չէ, պատերազմից վերադարձած զինվորներն էլ են ասում, կան տեսանյութեր, այդ թվում՝ «Զինուժի»:
– Եթե պլանավորված է եղել, որ պատերազմի սկսման ժամանակ պիտի լինեն զորամասում, ուրեմն՝ պիտի լինեն, եթե պիտի լինի դիրքում, ուրեմն՝ դիրքում: Բայց զինվորը չի որոշում… նա չի կարող իմանալ, թե բանակն ինչո՞վ է զբաղվում:
– ԳՇ պետն ի՞նչ լիազորություն ունի և ինչո՞ւմ է թերացել, ՊԲ հրամանատարը՝ ինչո՞ւմ:
– Դա բարդ հարց է, պիտի ողջ իրենց գործառույթն ուսումնասիրես, որ այդպիսի գնահատական տաս:
– Դուք վերոնշյալ հարցազրույցում ասում եք, որ Օնիկ Գասպարյանը կարող էր Ջալալ Հարությունյանին հանել, եթե ՊԲ-ն չի կատարել իր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի որոշումը:
– Այո:
– Բայց Դուք ասացիք, որ Ջալալ Հարությունյանն ուներ լուրջ լիազորություն և կարող էր պահպանությունից պաշտպանության անցնել:
– Այո:
-Չեն անցել, հետևաբար՝ առաջին հերթին ո՞ւմ մեղավորությունն է:
– Էդ ո՞վ է որոշողը, որ չեն անցել:
– Շատ տեղերում չեն անցել, դրանք բաց աղբյուրներից փաստեր են:
– Ես չեմ կարող դա հիմա ասել, տեղս հարմար չի…
– Լավ:
Հ.Գ. Ի դեպ, Մովսես Հակոբյանը նորմալ չհամարեց այն, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը պատերազմը սկսելուց հետո է տանից շտապել աշխատավայր:
Նշենք, որ ըստ տարբեր տեղեկությունների, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը պատերազմը սկսելուց հետո է տանից գնացել աշխատանքի: Ընդ որում, լուրեր են պտտվում, որ պատերազմի առաջին օրը Ջալալ Հարությունյանը հրամանատարական կետում չի էլ եղել:
168.am-ը ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այդ առնչությամբ հարց էր տվել, որին նա այսպես էր պատասխանել.
«ԶՈՒ ողջ ղեկավար կազմը պետք է լիներ համապատասխան կառավարման կետերում, դրա համար կար ԳՇ պետի կարգադրություն: Ի դեպ, իմ ունեցած տեղեկությամբ, նաև Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարը տեղում չի եղել»: