Սփյուռքում ուղղակիորեն օրերն են հաշվում, որ այս վարչախումբը Հայաստանի ղեկից վռնդվի դեպի պատմության աղբամանը․ Մհեր Գարագաշյան

Սփյուռքի Հայ դատի հեղինակավոր գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի Հայաստան մուտքն արգելելու ՀՀ իշխանությունների աղմկահարույց որոշումը շարունակում է լայնորեն քննարկվել ոչ միայն հայաստանյան լրատվական, հանրային ու քաղաքական դաշտում, այլև սփյուռքում և միջազգային տարբեր շրջանակներում։

Այս համատեքստում շատերը հիշում ու հիշեցնում են, որ նմանօրինակ վերջին սկանդալային միջադեպն արձանագրվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին, երբ 1992թ․-ի հունիսի 29-ին Հայաստանից արտաքվեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը։

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը 168.am հետ զրույցում տեղեկացրեց՝ Կանադայի հայ համայնքում բացասաբար է ընկալվել Մուրադ Փափազյանի հանդեպ ՀՀ գործող իշխանությունների պահվածքը։

«Անհեթեթության հասնող այսպիսի կամայական որոշում ընդունել և ճանաչել անցանկալի անձ, երբ որևէ պատճառաբանություն չկա: Պարզապես Մուրադ Փափազյանին առանձնացրել են գրեթե չորս ժամ, հետո առաջնորդել են օդանավ։ Մի գործչի, որն ամբողջ կյանք է նվիրել Հայ դատին, լրջագույն աշխատանքներ ծավալել Հայաստանի, Արցախի հարցերի ուղղությամբ՝ բարձրագույն մակարդակներում՝ թե՛ Ֆրանսիայում, և թե՛, առհասարակ, Եվրոպայում։ Եվ սրա դիմաց նմանօրինակ վերաբերմունք ունենա՞լ,- նշեց Մհեր Գարագաշյանը՝ նկատելով, որ այս պահին միայն ենթադրել կարող է, թե ինչու է նման որոշում կայացրել գործող վարչախումբն ու նրա առաջին դեմքը,- Գուցե այն պատճառով, որ Մուրադ Փափազյանը դաշնակցակա՞ն էր, կամ արդյո՞ք որովհետև ֆրանսահայությունը պետք եղած ընդունելությունը չտվեց Զարեհ Սինանյանին, կամ ավելի առաջ՝ Փաշինյանին դիմավորեցին իրեն հարիր կերպով, այսինքն՝ ցույցերով կամ բողոքի ակցիաներով, և կամ՝ նույնիսկ կարող ենք հետևություն անել, որ սա պատվեր էր՝ օտարամուտ, կամ թուրքական գործոնի կողմից»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից հնչող այն ահազանգերին, թե Հայաստանի իշխանությունները Զարեհ Սինանյանի ձեռամբ լծվել են Սփյուռքը պառակտելու և հայրենիքից անջատելու գործին՝ սփյուռքահայ գործիչը մի շարք դիտարկումներ արեց։

«Առկա փաստերը և իրենց գործողությունները ամբողջացնելով՝ ես կարող եմ հստակորեն ասել, որ ուղղակիորեն վիհ կա Սփյուռք-Հայաստան հարաբերությունների իմաստով, և այն գոյացել է արհեստական կերպով․ մանավանդ ճիգ է թափվում Սինանյանի կողմից։ Մի օրինակ բերեմ՝ երբ նա այցելության է գալիս Սփյուռք, փորձում է շրջանցել Սփյուռքի ամբողջ կենսագրությունը կերտած ավանդական կառույցները։ Այն եռամիասնությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, որը կար, այսօր չկա՝ շնորհիվ ներկա վարչախմբի արած քայլերի, որոնք սկսվում են ապիկարությամբ և ավարտվում ազգադավ ինչ-որ մթին գործարքներով»,- արձանագրեց նա։

Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահը հավելեց, որ նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրից հետո իշխանության քայլերը մեծ հիասթափություն և հուսախաբություն են առաջացրել Սփյուռքի ստվար զանգվածի մոտ։

«Նոյեմբերի իննից սկսած՝ ինչ էլ լինեն արդարացումները, ինչ էլ լինեն բացատրությունները, մեզ համար տակավին անհասկանալի, անընդունելի, դատապարտելի կմնա այս պատերազմի անփառունակ վախճանը, որին շողշողուն «Հաղթելու ենք» վերնագիրն էին դրել օրվա իշխանությունները, իսկ վերջում պարզվեց՝ ոչ միայն չենք հաղթել, այլ ուղղակիորեն ինչ-որ սցենար կար, որին հետևում էին»։

Հարցին՝ արյդո՞ք այդ եռամասնությունը խաթարելու հեռահար նպատակներից է նաև այն խաղաղության օրակարգերի իրագործումը, որոնք հապճեպորեն մեկնարկել են իշխանությունները, Մհեր Գարագաշյանը պատասխանեց․

«Վստահաբար, եթե իրենց, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի շաքարապատ թակարդի խոսակիցները Թուրքիան և Ադրբեջանն են, ապա նրանք շատ լավ գիտեն, որ Սփյուռքն այս իմաստով պահանջատիրական մեծ փորձ ունի և ծանոթ է Թուրքիայի խաբեություններին։ Ի վերջո, Սփյուռքը մեծամասնորեն կազմավորվել է Ցեղասպանության ժառանգների միավորումից։

Երբ քո խաղաղության դարաշրջանի դրոշը ձեռքդ բռնած՝ բայրամ ես շնորհավորում, բայց մյուս կողմից՝ հայ մարդուն արգելում ես հայրենիք մուտք գործել, դա նախ ցույց է տալիս, թե որքան ճղճիմ ես, քինախնդիր ու վախկոտ, ինչը որևէ առաջնորդի վայել չէ, և հետո՝ թեև չունեմ փաստը, բայց երևում է, որ պատվեր է կատարվում։ Չեմ զարմանա, եթե ամեն մի շնորհավորական բայրամային հեռախոսազանգի հետևում ինչ-որ թելադրանքներ կան Թուրքիայի կողմից՝ տկարացնել այդ եռամիասնությունը։

Մեր պարտականությունն է դա վերականգնելը, բայց այս իշխանության ներկայությամբ անկարելի է վերականգնել, որովհետև Հայաստանի վարչախումբն ավելի հետամուտ է օտար պատվիրատուների ապսպրանքներն իրագործելու մեջ, քան մտածելու համազգային նյութերի ու հեռանկարային ծրագրերի մասին։

Երբ մեկը հայտարարում է, թե Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր, կամ՝ ո՞ւմ է պետք սարը, որ տարին տասներկու ամիս ձյունով է ծածկված․․․ Սփյուռքի մեջ, Կանադայում մեծ թվով հայորդիներ ուղղակիորեն օրերն են հաշվում, որ այս վարչախումբը Հայաստանի ղեկից վռնդվի դեպի պատմության աղբամանը»։

Ի՞նչ եք կարծում՝ ընդդիմության «Դիմադրության շարժումը» կկարողանա՞ լուծել այդ խնդիրը․ արդյո՞ք նաև շատերի ձերբակալության, կալանավորման ու անգամ կյանքի գնով շարունակվող այդ պայքարը կկարողանա ինչ-որ բան փոխել երկրում՝ մեր վերջին հարցին ի պատասխան՝ սփյուռքահայ գործիչը վստահեցրեց, որ համոզված է՝ այդ շարժումը հաջողելու է։

«Հակառակ նրա, որ գուցե շատ մարդիկ հիասթափված են, թե առաջին փուլն ավարտվեց, Ֆրանսիայի հրապարակի վրանները հավաքվեցին, սակայն համոզված եմ՝ շարժումը չմարեց․ հստակ էր, և հայտարարված, որ երկարատև պետք է լինի այս պայքարը,- շեշտեց մեր զրուցակիցը, ապա թվարկեց շարժման ձեռքբերումները,- Նվազագույնը՝ վերականգնեց հավատը, որ կարելի է բան փոխել, որ աշխարհին հստակորեն ասեց՝ հայությունն ինչ-որ մոխրագույն բիոզանգված չէ՝ ինչպես Փաշինյանն ու իր ընկերները, այլև կա հստակ կեցվածք, ազգային դիմագիծ, որ ո՛չ է ասում այդ քաղաքականությանը։

Երբ նայում ես այսօրվա ողորմելի վարչախմբին, իրենց լկտի ինքնավստահ պահվածքին, որով նայում են ընդդիմության այսրոպեական դանդաղ քայլերին (մինչդեռ ես վստահ եմ, որ աշնանամուտին ամեն ինչ կթեժանա նորից), երբ դիմում են Մուրադ Փափազյանի մուտքն արգելող քայլերին, երբ կալանավորվում են մարդկանց, որոնից մեկը մեծ հայրենասեր Արմեն Գրիգորյանն էր, որ կալանքի տակ մահացավ (և ըստ իս՝ սխալ չեն այն մեկնաբանությունները, թե նա սպանվեց, որովհետև եթե կալանքի մեջ չլիներ, վստահաբար, այս վախճանը չպիտի ունենար), երբ դիմում են շանտաժներին, թե մանդատները կվերցնենք պատգամավորներից, երբ վրաերթի են ենթարկում հղի անմեղ կնոջ, և պատասխանատվություն ոչ մեկը չի կրում, սրանք ինձ համար նախանշաններ են սնանկության, որի վերջը շատ հեռու չէ, և հավատում եմ, որ Դիմադրության շարժումն այս առումով ճիշտ ընթացքի մեջ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս