Մոռանալ Նիկոլին

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական կյանքն ընթանում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակի շուրջ։ Դա միանգամայն հասկանալի է ու տրամաբանական, քանի որ աղետալի պատերազմում կրած պարտությունից հետո այդ պարտության պատասխանատուի ու մեղավորի գտնվելն իշխանության ղեկին հակասում է առողջ բանականությանը։

Բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, սակայն, Նիկոլ Փաշինյանը դեռևս պահպանում է իշխանությունը, իսկ քաղաքական կյանքում դոմինանտ ուղղությունը շարունակում է մնալ նրան իշխանությունից հեռացնելու նպատակը։ Հայաստանը մխրճվել է նիկոլագոյության ու նիկոլահեռացման փոխբացառելի իրականությունների մեջ, որոնցից դուրս, կարծես, ոչինչ տեղի չի ունենում։ Դա՝ օբյեկտիվ լինելով հանդերձ, մեղմ ասած, խանգարում է պետության ու հասարակության զարգացմանը։ Այդ սինդրոմը թույլ չի տալիս մտածել երկարաժամկետ խնդիրների, ծրագրերի մասին։ Քաղաքական միտքը՝ որպես այդպիսին, չի զարգանում, ինչպես և չի զարգանում պետությունը։ Պետական ու հանրային կյանքում որևէ հիմնարար բարեփոխում չի իրականացվում, պետական համակարգի գոյության միակ իմաստը Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումն է։

Սա ինչ-որ իմաստով հիշեցնում է փակ շղթա, որից գոնե մինչև այս պահը շահում է Նիկոլ Փաշինյանը։ Շահում է պետության ու հասարակության հաշվին։ Այս շղթան ճեղքելու համար քաղաքականությամբ զբաղվողները պետք է պայմանականորեն ու առժամանակ մոռանան Նիկոլ Փաշինյանին։ Սա պետք է լինի բոլոր այն անհատների, քաղաքական ու քաղաքացիական խմբերի խնդիրը, որոնք իրապես մտահոգված են Հայաստանի ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա օրվա ճակատագրով։

Իհարկե, դա չափազանց դժվար է, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն արգելակում է որևէ զարգացում, այլ նաև Հայաստանը գլորում է դեպի անդունդ։ Բայց շարունակել ապրել «միայն Նիկոլից հետո կա հային փրկություն» ռեժիմում՝ առանց դրա իրական հնարավորության, նշանակում է՝ քաղաքական միտքը, անհատական ու հավաքական ինտելեկտը դատապարտել ճահճացման։ Հայաստանը գոյություն ունի և պետք է գոյություն ունենա նաև անկախ Նիկոլ Փաշինյանից, հետևաբար՝ Հայաստանի ապագան էլ չպետք է ուղղակիորեն ածանցվի նրա գոյությունից կամ հեռացումից։

Կարդացեք նաև

Իրականում, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ազատվել Նիկոլ Փաշինյանից, պետք է ստեղծեն այնպիսի Հայաստան, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու նիկոլիզմն ուղղակի անելիք չեն ունենա։ Դա ևս դժվար, չափազանց դժվար խնդիր է և ենթադրում է հիմնարար աշխատանք հասարակության հետ այնպես ու այնքան, որ հանրային մակարդակում նիկոլիզմը դառնա անընդունելի ու մերժելի։ Դա էլ իր հերթին՝ ենթադրում է այնպիսի արժեբանական ու գաղափարական աշխատանք, որը անհամատեղելի կլինի նիկոլիզմի, իմա՝ անհայրենիքության հետ։

Եվ եթե Նիկոլը մարմնավորում է անհայրենիքությունը, և դա աջակցություն ունի հասարակության առնվազն մի հատվածի մոտ, պետք է դրան հակադրել հայրենիքը՝ ոչ թե պաթետիկ ու ռաբիս մակերեսայնությամբ, այլ խորքային ու բովանդակ իմաստով։ Միայն հայրենիքն իրապես ու անբեկանելի արժեք համարողների հասարակության դոմինանտությունը կարող է մերժել ու ասպարեզից հեռացնել անհայրենիքությունը որպես արժեք ու նյութական բարեկեցության միջոց ընտրածներին։

Այսպիսով, հայկական քաղաքական ու քաղաքացիական միտքը պետք է փորձի դուրս գալ իշխանափոխության նպատակադրում-տապալում արատավոր ցիկլից և մշակել ավելի հիմնարար, ավելի երկարաժամկետ ու ավելի համակարգաստեղծ ծրագրեր, որոնք վերջնարդյունքում կդառնան այնպիսի հասարակության ու այնպիսի պետության հիմնասյուներ, որոնց դեպքում այսօրվա Հայաստանն ու նրա իշխանություններն ուղղակի չեն կարող տեղ ունենալ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս