«Մեզ ասում են՝ դուք փախստական չեք, այլ բռնի տեղահանված…». Արցախից տեղահանվածները կվերսկսեն բողոքի ակցիաները

2020 թվականի 44-օրյա պատերազմի, ապա նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի հետևանքով Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիները շուրջ 3-ամսյա դադարից հետո կրկին փողոց դուրս կգան։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ, Հադրութի բնակիչ Լևոն Հայրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հաջորդ շաբաթվանից կրկին դիմելու են տարբեր գերատեսչություններին, բարձրաձայնելու են Արցախի կարգավիճակի, ինչպես նաև իրենց փախստականի կարգավիճակ տալու հարցերը․

«Որոշել ենք վերականգնել մեր բողոքի ակցիաները։ Եթե հիշում եք, մենք այն ժամանակ 4 կետ էինք առաջ քաշում՝

1-ինը՝ Արցախի կարգավիճակի հարցը, 2-րդը՝ մեզ փախստականի կարգավիճակի տրամադրումը, 3-րդը՝ բնակարանների հատկացում, և 4-րդ՝ սոցիալական աջակցություն։ Վերջին կետը ոնց որ բանակցությունների ընթացքում ստացվել է, Արցախի կառավարությունը որոշել է հուլիսի 1-ից 40.000-ական դրամներ տրամադրել, ընդ որում՝ մեզ խոստացել են, որ մինչև տվյալ անձին բնակարան չտան, այդ 40.000-ները պետք է վճարեն»,- ասաց Հայրյանը։

Դիտարկմանը, որ փախստականների համաշխարհային օրվա առիթով այսօր Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի հետ հանդիպում է տեղի ունեցել։ Անդրադարձ է եղել տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրների լուծմանը, Լևոն Հայրյանը փոխանցեց․

«Մեզ ասում են՝ դուք փախստական չեք, այլ բռնի տեղահանված եք։ Ասում եմ՝ նախ դուք ինձ բացատրեք տարբերությունը, երկրորդ, եթե գտնում եք՝ բռնի տեղահանված ենք, այդ կարգավիճակը տվեք։ Թղթի վրա որոշում չեն անում, բայց այդպես կխոսեն․․․»։

Ճշտող հարցին՝ ո՞վ է ասել՝ բռնի տեղահանված, ոչ թե փախստական, Հայրյանը տվեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի անունը․

«Անցած տարվա հունվարին մեզ խոստացել էր, որ 1 ամսվա ընթացքում մեզ բռնի տեղահանվածի կարգավիճակ են տալու։ Արդեն մեկուկես տարի անցել է, բայց ո՛չ կարգավիճակ են տվել, ո՛չ էլ բացատրություն են տալիս․․․

Նախորդ բոլոր իշխանություններն էլ ունեն իրենց մեղավորությունը, բայց հիմնական մեղավորն այսօրվա իշխանությունն է։ Որ մտածես՝ այսօրվա իշխանությունը ժամանակ չի ունեցել, բա 4 տարի անցել է, 4 տարում կարելի էր աշխարհը քանդել ու նորից հավաքել, այդքանից հետո մեղադրել նախկիններին՝ դա արդեն պարզ անբարոյականություն է․․․»։

Տեսանյութեր

Լրահոս