Բաժիններ՝

«Այն դեպքում թանգարանի մեջ թանգարան չէր կարող լինել, երբ թանգարանը, որը գալիս է, իր բնօրրան ունի, բայց մեր բնօրրանը թշնամու ձեռքում է, մենք տեղ չունենք». Վարդան Ասծատրյան

Մայիսի 13-ին տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ Շուշիի գորգերը կտեղափոխվեն և այսուհետև կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում:

Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք գորգերն արդեն տեղափոխվել են, մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց.

«Պատմության թանգարանը վերջին շրջանում վերանորոգման ակտիվ փուլում է, հատկացված հատվածում դեռ վերանորոգում չեն սկսել, ու թե հիմա ինչպե՞ս պետք է լինի, չգիտեմ: Եվ հետո, ասում են՝ 6 ամսով ցուցադրվեն Շուշիի գորգերը, Պատմության թանգարանում առկա Արցախի գորգերի հետ միասին, ու անունը դնենք Արցախյան գորգերի ցուցադրություն: Ես ԿԳՄՍ նախարարությանն ասել եմ՝ վերջնական մի տեղ տվեք, որ պահեմ գորգերը, ասում են՝ հես ա մտածենք: Ասում են՝ թանգարանի մեջ թանգարան ինչպե՞ս կարող է լինել: Սա անհիմն խոսակցություն է: Այն դեպքում թանգարանի մեջ թանգարան չէր կարող լինել, երբ թանգարանը, որը գալիս է, իր բնօրրանն ունի, բայց մեր բնօրրանը թշնամու ձեռքում է, մենք տեղ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ասծատրյանը:

Հիշեցնենք, որ գորգերը ժամանակավորապես պահվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, բայց գորգերը տեղափոխելու պահանջ էր ներկայացվել: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը խոսելով կայացած որոշման մասին՝ ասել էր.

«Մեր պայմանագիրը կես տարով էր, որը վաղուց անցել է, և այդ դահլիճում դեռ պատերազմից առաջ պետք է լիներ Ճարտարապետության թանգարանի ուսումնական ցուցադրությունը: Խնդիրն այն չէ, որ ասել եմ՝ հանեն, խնդիրն այն է, որ դա ճարտարապետության հետ կապ չունի: Բոլորս կարծում էինք, որ դա լինելու է կես տարվա ցուցահանդես, իսկ հետո Վարդանը կստանա իր թանգարանի համար պատշաճ մի տեղ: Մենք վստահ էինք, որ պետությունը՝ լինի Հայաստանի թե Արցախի կառավարությունը, տարբերություն չկա, կկարողանա ինչ-որ մի ձևով այդ թանգարանի համար ճիշտ տեղ գտնել: Ցավոք, պարզվեց՝ մեր կառավարությունները չկարողացան դա անել: Էքսպերտիզան վերջացել է արդեն, բայց գիտեմ, որ գորգերը տանելու տեղ չունի: Ես գիտեմ, որ սա փակուղի է, որտեղ մեր կամքով չենք հայտնվել: Անհասկանալի վիճակ է ստեղծվել, և պետք է միասին փորձենք այդ փակուղուց դուրս գալ:

Ուզում եմ ասել՝ Շուշիի գորգերի թանգարանն ընդունեցի ես, ընդունեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, ուրիշ ոչ ոք, հասկանո՞ւմ եք: Ես երջանիկ կլինեի, եթե ունենայի այնքան տեղ ու հնարավորություն, որ այդ գորգերն ավելի երկար պահեի ինձ մոտ, սակայն, ցավոք, փակուղի է, որից պետք է փորձենք ելք գտնել»,- կայացրած որոշումն այսպես էր հիմնավորել Մարկ Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս