Երջանիկ կլինեի, եթե ունենայի այնքան տեղ, որ այդ գորգերն ավելի երկար պահեի ինձ մոտ, սակայն, ցավոք, փակուղի է. Մարկ Գրիգորյանը՝ Շուշիի թանգարանի գորգերի մասին

Ավելի վաղ գրել էինք, որ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում էին ժամանակավորապես պահպանվում 44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի գորգերի թանգարանից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերից փրկված մոտ 170 գորգ, սակայն պարզվում է՝ թանգարանի տնօրինությունն այլևս չի կարող դրանք պահել, և ասել են, որ հանեն գորգերը:

«Ես ո՞ւր տանեմ. դուրս գամ եթեր, ասեմ՝ ժողովուրդ, գորգերը ոչ ոքի պետք չեն, եկեք-տարե՞ք: Թող սպասեն, էլի, էքսպերտիզա են անում: Ընթացք է, գնում է: Երևանում ընթանում է գորգերի անձնագրավորման, գնահատման գործընթացը, որպեսզի Արցախի կառավարությունը գորգերը ձեռք բերի: Սա նոնսենս է: Ասել եմ, որ չեմ կարող հանել, եթե այստեղից դուրս գա՝ վերջնական մի տեղ պետք է գնա: Ես այստեղից չեմ կարող տանել մեր տուն, հետո՝ ուրիշ տեղ: Արցախի կառավարությունն էքսպերտիզան սկսել է նոյեմբերից, չգիտեմ, գուցե 1-2 ամիս տևի ամբողջ գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը:

Կապ հաստատեցինք Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ, պարզելու, թե ո՞րն է նման որոշում կայացնելու պատճառը:

«Մեր պայմանագիրը կես տարով էր, որը վաղուց անցել է, և այդ դահլիճում դեռ պատերազմից առաջ պետք է լիներ Ճարտարապետության թանգարանի ուսումնական ցուցադրությունը: Խնդիրն այն չէ, որ ասել եմ՝ հանեն, խնդիրն այն է, որ դա ճարտարապետության հետ կապ չունի: Բոլորս կարծում էինք, որ դա լինելու է կես տարվա ցուցահանդես, իսկ հետո Վարդանը կստանա իր թանգարանի համար պատշաճ մի տեղ: Մենք վստահ էինք, որ պետությունը՝ լինի Հայաստանի թե Արցախի կառավարությունը, տարբերություն չկա, կկարողանա ինչ-որ մի ձևով այդ թանգարանի համար ճիշտ տեղ գտնել: Ցավոք, պարզվեց՝ մեր կառավարությունները չկարողացան դա անել:

Էքսպերտիզան վերջացել է արդեն, բայց գիտեմ, որ գորգերը տանելու տեղ չունի: Ես գիտեմ, որ սա փակուղի է, որտեղ մեր կամքով չենք հայտնվել: Անհասկանալի վիճակ է ստեղծվել, և պետք է միասին փորձենք այդ փակուղուց դուրս գալ: Ուզում եմ ասել՝ Շուշիի գորգերի թանգարանը ընդունեցի ես, ընդունեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, ուրիշ ոչ ոք, հասկանո՞ւմ եք: Ես երջանիկ կլինեի, եթե ունենայի այնքան տեղ ու հնարավորություն, որ այդ գորգերն ավելի երկար պահեի ինձ մոտ, սակայն, ցավոք, փակուղի է, որից պետք է փորձենք ելք գտնել»,- մեզ հետ զրույցում ասաց Մարկ Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս