Արատավոր շրջափուլը շարունակվում է
Կառավարության համար սովորական են դարձել բյուջեի թերակատարումները։ Խոսքը, մասնավորապես, ծախսերի, թերակատարման մասին է։ Նախատեսում են ծախսեր, բայց չեն կարողանում կատարել։
Վատն այն է, որ փողը կա, բայց չեն կարողանում ծրագրերն իրականացնել։
Ամեն տարի խոստանում են, որ հաջորդ տարի լավ կլինի, բայց էլի նույն, երբեմն՝ նույնիսկ ավելի վատ վիճակ է։ Ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ այս իրավիճակից ու, ինչպես միշտ, երկիրը կանգնեցնում են նույն կոտրած տաշտակի առաջ։
Ֆինանսների նախարարությունն ամփոփել է առաջին եռամսյակի բյուջեի կատարողականը, ու տեսնում ենք, որ կրկին պատկերը չի փոխվել։
Դեֆիցիտով պլանավորված բյուջեն դարձել է պրոֆիցիտային։ Պատճառն այն է, որ թերացել են կատարել նախատեսված ծախսերը։ Դրանք էապես շեղվել են պլանից։
Առաջին եռամսյակում ծախսերի ճշգրտված պլանով պիտի կատարեին 486 մլրդ դրամից ավելի ծախսերը, կատարել են ընդամենը 397 միլիարդը։
89 միլիարդի ծախս չի կատարվել։
Թերակատարումն անցնում է 18 տոկոսից։
Չնայած պլանավորված աճին, նույնիսկ ավելի քիչ ծախս են արել, քան արել էին նախորդ տարի։
Այս տարվա առաջին եռամսյակում բյուջետային ծախսերը կազմել են շուրջ 397 մլրդ դրամ, անցած տարի կազմել էին 405 միլիարդ։ Ավելի քան 8 միլիարդով շատ, քան կատարվել է այս տարի։
Թվում է, թե ռուս-ուկրաինական հակամարտության ու կիրառվող պատժամիջոցների հետևանքով սրված տնտեսական խնդիրների պայմաններում կառավարությունն ամեն ինչ պիտի աներ հնարավորինս շատ փող ներարկելու տնտեսության մեջ՝ տնտեսական գործընթացները խթանելու համար։ Հատկապես որ, բարձր գնաճի ֆոնին Կենտրոնական բանկն իրականացնում է կոշտ դրամավարկային քաղաքականություն՝ ազդելով ինչպես տնտեսության մեջ մտնող փողի, այնպես էլ՝ տնտեսական ակտիվության վրա։
Այսպիսի իրավիճակներում սովորաբար էլ ավելի է կարևորվում կառավարության կողմից ծախսերի խթանումը։
Բայց, ինչպես տեսնում ենք, կառավարությունը ոչ միայն մեծապես թերացել է կատարել նախատեսված ծախսերը, այլև դրանք ավելի քիչ են եղել, քան նախորդ տարի էին։
Թերակատարվել են՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ կապիտալ ծախսերը։
«2022 թվականի առաջին եռամսյակում ծրագրային ցուցանիշներից շեղումներ են արձանագրվել՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (կապիտալ ծախսեր) գծով: Ընթացիկ ծախսերում շեղումների հիմնական մասը բաժին է ընկել սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, ծառայությունների և ապրանքների ձեռքբերման ծախսերին և այլ ծախսերին»,- արձանագրել է Ֆինանսների նախարարությունը։
Նախատեսել էին այս տարի կտրուկ ավելացնել կապիտալ ծախսերը, բայց առաջին եռամսյակում դրանք նույնիսկ կրճատվել են։ Ավելի քիչ կապիտալ ծախսեր են իրականացրել, քան իրականացրել էին անցած տարի։
Ու սա՝ այն դեպքում, երբ այս տարի կապիտալ ծախսերի 60 տոկոսանոց աճ են պլանավորել բյուջում։ Հիմնականում դրա հետ են կապել նաև նախատեսված տնտեսական աճի ապահովումը։ Բայց արդեն տարեսկզբին բախվել ենք կապիտալ ծախսերի խորը թերակատարման հետ։
Առաջին եռամսյակի համար պլանավորել էին 67,2 մլրդ դրամի կապիտալ ծախսեր։ Այնինչ՝ կատարել են ընդամենը 37,2 մլրդ դրամը։
Միայն առաջին եռամսյակում 30 միլիարդով կապիտալ ծախսերը հետ են ընկել։
Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ճշգրտված պլանի ընդամենը 55,3 տոկոսը։
Արձանագրվել է 44,7 տոկոսի հասնող թերակատարում։ Ունենք խայտառակ վատ կատարողական։
Իրականացված կապիտալ ծախսերն էապես զիջել են նույնիսկ նախորդ տարվա ցուցանիշը։
2021թ. առաջին եռամսյակում կատարվել էր՝ 49,6 միլիարդի, այս տարի՝ 37,2 միլիարդի կապիտալ ծախս. ավելի քան 25 տոկոսով պակաս, քան 2021թ.։
«Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (կապիտալ ծախսերի) ցածր կատարողականը հիմնականում պայմանավորված է «Ճանապարհային ցանցի բարելավում», «Քաղաքային զարգացում», «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» և «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրերի կատարողականով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշի 14,4 մլրդ դրամով նվազումը պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի նվազմամբ: Վերջինս էլ հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման շրջանակներում կատարված ծախսերի կրճատմամբ, որոնք կազմել են 27,4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 41,5 մլրդ դրամի դիմաց»,- նշված է բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվության մեջ։
Անկախ նրանից, թե ինչով է պայմանավորված կապիտալ ծախսերի թերակատարումը, դա ոչնչով չի արդարացնում կառավարությանը։ Փողը տնտեսության մեջ ներարկելու, առկա բազմաթիվ խնդիրների պայմաններում՝ տնտեսությանը խթաններ հաղորդելու փոխարեն, իրենց համար հեշտ եկամուտներ աշխատելու ձև են գտել ու ոչ մի կերպ չեն ուզում դուրս գալ այդ արատավոր շրջափուլից։
Նախատեսված կապիտալ ու նաև ոչ կապիտալ ծախսերը չեն կատարում, փողը տնտեսությունից հանում են, տնտեսությանը զրկում են շրջանառու միջոցներից ու տանում փողը դնում են բանկերում, ինչ է թե՝ տոկոսներ են ստանում։
Առաջին եռամսյակում, հիմնականում ծախսերի թերակատարման պատճառով, բյուջեն 28,7 միլիարդի հավելուրդ է ունեցել՝ պլանավորված 67,1 միլիարդի պակասուրդի դիմաց։ Արդյունքում՝ բյուջեի ազատ միջոցներն ավելացել են գրեթե 88 մլրդ դրամով։ Այդ գումարներն էլ բանկերում ավանդ են դրել՝ նախատեսված բյուջետային ծրագրերը ժամանակին կատարելու և տնտեսության մեջ ներարկում անելու փոխարեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ