«Փաշինյանական իշխանությունը շարժվում է թուրքական վեկտորի ուղղությամբ, ՀՀ-ի համար բազմավեկտորություն կամ արևմտյան վեկտոր չկա». Արեշև

Մինչ ուկրաինական պատերազմն աշխարհը նախապատրաստում է նոր աշխարհակարգի, հետսովետական տարածքում և հատկապես Հարավային Կովկասում աշխարհաքաղաքականության նոր տարրերն արդեն ի հայտ են գալիս, որոնցում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական վերադիրքավորման փորձերն էական ուշադրության են արժանանում:

Ինչո՞ւ հենց Հայաստանի արտաքին քաղաքական շարժումները, քանի որ տարածաշրջանի միակ, այսպես կոչված, ռուսական կողմնորոշում ունեցող երկիրը, որտեղ նաև ռուսական ռազմաբազա է գործում, Հայաստանն է, ու Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումն էականորեն կարևորվում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության կոնտեքստում, քանի որ Վրաստանն ունի եվրո-ատլանտյան վեկտոր, Ադրբեջանը՝ թուրքական, և դիտարկվում է, որ տարածաշրջանում ՌԴ-ն իր ազդեցության մեծ մասը պահպանում է Հայաստանի ու Արցախում խաղաղապահ կոնտինգենտի շնորհիվ:

Տարածաշրջանային ու ռուսաստանյան լրատվամիջոցների, վերլուծաբանների ուշադրությունից չի վրիպում վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ իշխանությունների փորձերը՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ, որի նպատակով պաշտոնական Երևանը, որը վերջին տարիների ընթացքում գերպասիվ արտաքին քաղաքականություն է վարում, կամ, ավելի ճիշտ կլինի բնորոշել՝ չի վարում, սկսել է որոշ քայլեր ձեռնարկել արևմտյան ուղղությամբ:

Ուկրաինայում սկսված պատերազմի ընթացքում պաշտոնական Երևանը տարբեր մակարդակներով շփումներ է ունեցել Փարիզի, Վաշինգտոնի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, Բեռլինի, Անկարայի, ինչպես նաև Մոսկվայի հետ, այս ընթացքում Երևանը նաև դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու նպատակով:

Թեև հարկ է նշել, որ այս ընթացքում եղել են նաև հայ-ռուսական բարձրաստիճան ու նախարարական շփումներ ռուսական նախաձեռնությամբ, դրանք միանշանակորեն զիջում են Երևան-Արևմուտք շփումների ինտենսիվությանը:

168.am-ի հետ զրույցում ռուս հեղինակավոր կովկասագետ Անդրեյ Արեշևն ասաց, որ բանակցություններն ընթանում են, և, թե ինչի կհանգեցնեն դրանք՝ բարդ է ասել:

Նրա որակմամբ, իրավիճակն Ուկրաինայի շուրջ՝ ՌԴ-Արևմուտք հարաբերություններում, չափազանց անհանգստացնող, անորոշ է, և թե ինչի կհանգեցնեն բանակցություններն Ուկրաինայում, և գործընթացները՝ Անդրկովկասում, դժվար է ասել ռազմական նման լարվածության պայմաններում: «Այն, ինչ հստակ է ինձ համար, չի բացառվում, որ Կովկասում լինեն ռազմական կոնֆլիկտներ, քանի որ երևում է, որ Ադրբեջանը փորձում է ուկրաինական հակամարտության աղմուկն օգտագործել սեփական նպատակների համար, մաքսիմալ զիջումներ ստանալ հայկական կողմից, ուստի հայաստանցի քաղաքական գործիչները փորձում են Արևմուտքի միջոցով կարգավորել այս իրավիճակը, քանի որ փաշինյանական իշխանությունն այս տարիների ընթացքում արել է ամեն ինչ, որպեսզի թուլացնի ՀՀ անվտանգությունը:

Եթե հաշվարկը նրանում է, որ Արևմուտքն օգնի, ապա, կարծում եմ, որ դժվար թե օգնի՝ բացառությամբ տաք ողջույնների՝ ազատատենչ հայ հասարակությանը, 2020 թվականի աշնանը տեսանք, թե ինչով ավարտվեցին այդ աջակցության խոսքերը: Կարծում եմ՝ այս փուլում ևս տեսնելու ենք նույնպիսի իրավիճակ»,- ասաց Անդրեյ Արեշևը:

Ռուսաստանցի կովկասագետի տպավորությամբ՝ Հայաստանը ցանկանում է վերադառնալ նախկինում իր վարած բազմավեկտոր քաղաքականությանը:

«Սակայն ներկայումս այդ քաղաքականությունն այլ նրբություններ ունի: Կարծում եմ, որ Հայաստանի համար բազմավեկտորությունը ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում նշանակում է՝ Թուրքիայի հետ ամուր հարաբերությունների կառուցում, այլ ոչ թե՝ Արևմուտքի հետ:

Որքանով Մոսկվայից տեսնում եմ, հայկական կողմը բավականին ակտիվ շարժվում է  այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ արևմտյան վեկտորը Հայաստանի համար հենց թուրքական վեկտորն է, իսկ մնացածը երկրորդական և անկարևոր հարցեր են: Եթե այդպիսին է ընտրությունը, ապա այդպիսին է, մենք չենք կարող, չէ՞, թելադրել Հայաստանին՝ ինչպես իրեն դրսևորի, ինչ ընտրություն կատարի»,- նման կարծիք հայտնեց փորձագետը:

Նրա խոսքով, Ռուսաստանի համար գլխավորն այն է, որ որոշակի երկրներից ռազմական սպառնալիք չլինի:

«Մենք տեսանք, որ Ուկրաինայում ռազմական օպերացիան հենց դրանով էր պայմանավորված՝ սկսած միջուկային զենքից՝ մինչև կենսալաբորատորիաներ, ահաբեկչություն, կրիմինալ և այլն: Ու դրանք փաստեր են, մեր նախորդ զրույցում ես այդ մասին խոսեցի: ՀՀ-ում կան կենսալաբորատորիաներ, հայ հասարակության մի մասն ակտիվ դեմ է դրան, այս կենսալաբորատորիաների թեման Անդրկովկասում ավելի ու ավելի կարևոր անվտանգային թեմա է լինելու Ռուսաստանի համար ապագայում, ռուսական կողմը, եթե չհասնի դրանց դուրսբերմանը, ապա գոնե կհասնի դրանց հնարավորինս թափանցիկությանը` այն հուշագրի համաձայն, որը կա Երևանի ու Մոսկվայի միջև: Սակայն այս փուլում ինձ համար բարդ է թվում ավելի խորը վերլուծություններ անելը, քանի որ գլոբալ հարցերում ոչինչ հստակ չէ»,- նշեց Արեշևը:

Տեսանյութեր

Լրահոս