Բաժիններ՝

Էկոլոգիան ու մարդկային սթրեսները փոխկապված են

Երբ բույսերը և կենդանական աշխարհը և, առհասարակ, շրջակա միջավայրը փոփոխվում են, դրան զուգահեռ՝ փոխվում է նաև մարդու բնավորությունը: Հենց այդ պատճառով էլ պետք է պահպանել այն, ինչը տարիների ընթացքում ստեղծել է բնությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ  իսկական անդամ, ակադեմիկոս, բուսաբան-սնկաբան Լիա Օսիպյանը:

Նրա խոսքով՝ բնության հետ պետք է անպայման հաշվի նստել, քանի որ, երբ վերանում է այն, բացասական հետևանքներն անխուսափելի են դառնում:  «Այնպես, ինչպես վերջին 20 տարիների ընթացքում մեզ մոտ վերացան անտառները: Նման երևույթները կարող են ագրեսիվ ինչ-որ հատկություններ առաջացնել մարդու մոտ, մանավանդ, երբ նա արդեն սովորել է այն ամենին, ինչ շրջապատում է իրեն: Պատկերացրեք, երբ մարդն ապրում է անտառապատ տարածքում ու հանկարծ հայտնվում է բուսազուրկ վայրում, դա իսկական սթրես կարող է լինել նրա համար, հետևաբար և՝ մարդը կարող է ագրեսիվ դառնալ»,- ասաց Լ. Օսիպյանը: Նրա խոսքով՝ այդ ամենն իր գիտական հիմնավորումն ունի, իսկ ծառերն ու բնությունը հիմնականում կապված են բարության և գեղեցկության հետ, հետևաբար՝ ազդում են նաև մարդու վրա:

Ըստ Լ. Օսիպյանի՝ մարդիկ, ովքեր ապրում են ոչ էքստրեմալ պայմաններում, միշտ ավելի հանգիստ են: Իսկ նրանք, ովքեր ապրում են էքստրեմալ պայմաններում, մշտապես ավելի դյուրագրգիռ-գրգռված են լինում: Կլիմայից կախված,  ըստ մեր զրուցակցի, տարբեր է նաև մարդկանց բնավորությունը: «Դա բնական է, այդպես պետք է լինի: Երբ մարդու բնավորությունն այդ ամենի հետ անմիջական կապ ունի, երբ մարդը կլիմայի փոփոխական պայմաններում կամ կտրուկ փոփոխությունների շրջանում է ապրում, դա նրա մոտ ագրեսիա է առաջ բերում»,- ասաց Լ. Օսիպյանը:

բնություն

Կարդացեք նաև

Հարցին, թե ի՞նչ պետք է անել այդ ամենը հաղթահարելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախևառաջ՝ պետք չէ կտրուկ փոխել այն պայմանները, որում մարդն ապրել է, ինչին նա սովոր է: Երկրորդ՝ պետք չէ փորձել անմիջապես և արագորեն վերացնել այն ամենը, ինչը շրջապատում է մարդուն, այնպիսի արագությամբ, ինչպես դա եղավ մեր անտառների հետ»: Մասնագետը նաև նշում է, որ յուրաքանչյուր ծառ մարդու վրա ունի իր ազդեցությունը,  յուրաքանչյուր մարդ նույնիսկ ունի իր ծառը, որը նրան կարող է ազատել լարվածությունից ու հոգնածությունից:

Իսկ ինչպե՞ս իմանալ՝ ո՞րն է ձեր ծառը: Ըստ մասնագետի՝ դրա վերաբերյալ կարելի է մի շարք գրքեր և մենագրություններ գտնել, սակայն դա իմանալու ամենաճիշտ տարբերակը զգալն է: «Դա շատ լուրջ է, դուք պետք է զգաք, որ, երբ գտնվում եք տվյալ ծառի մոտ՝ ինչպիսի՞ն է ձեր ինքնազգացողությունը, երբ փաթաթվում եք ծառին կամ մոտ եք գտնվում նրան, ձեր հոգնածությունն անցնո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Լ. Օսիպյանը՝ նշելով, որ եթե դա ձեր ծառն է, ապա այն պետք է ձեզ էներգիայով լցնի:

Լ. Օսիպյանը վերջում նշեց նաև, որ մեր երկրում կանաչապատման աշխատանքներ իրականացնելիս պետք է անպայման հաշվի առնել, թե ինչպե՞ս են այդ ծառերը մեր երկրում ապրում, քննարկեն և հասկանան՝ արդյո՞ք մեզ մոտ բավարար պայմաններ կան այդ ծառատեսակների աճեցման համար: Մասնագետի համոզմամբ՝ մեր երկրում, ցավոք, երբեմն նման հարցերը հաշվի չեն առնվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս