«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան փակվում է. աշխատակիցներին ազատում են աշխատանքից
Թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան փակվում է: Մարտի 1-ին կառավարության ուշադրությունը գրավելու համար նրանց անցկացրած բողոքի ակցիան, երբ ընկերության տարածքում՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում, թվով 8000 հավ նվիրեցին գյուղացիներին, կարծես թե անօգուտ է եղել, քանի որ, ինչպես աշխատակիցներն են նշում, որևէ փոփոխություն չի եղել:
«Որևէ լուրջ փոփոխություն չի եղել, համենայնդեպս, ֆիրման փակվում է, արդեն աշխատակիցներ են ազատվել աշխատանքից: Բոլորս էլ ազատվելու ենք, դիմումներ ենք գրում, մեծ մասն էլ աշխատանքի չի գալիս: Հիմա ամբողջ ֆաբրիկան է փակվում, ոչ թե մի մասը:
Ֆաբրիկայում այնպիսի վիճակ է, որ ինչքան հնարավոր է՝ կերակրում են, բայց սա երկար չի կարող տևել: Ձվի արտադրություն հիմա ընդհանրապես չունենք, որովհետև հավերը, բավական ժամանակ է, ինչ չեն կերակրվել, չեն էլ ածում: Ուղղակի քիչ-քիչ են կերակրվում, որ չսատկեն: Կերը քիչ է՝ ածելու համար: Այսինքն, ոչ թե կերի խնդիր կա՝ չենք կարողանում գնել, այլ ֆինանսի խնդիր է: Փորձում են գոնե ազատվող աշխատակիցների աշխատավարձը տալ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեցին թռչնաֆաբրիկայի աշխատակիցները:
Խնդրի առնչությամբ զրուցել էինք նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ, ով հայտնել էր, որ այստեղ խնդիր չի տեսնում, ասում է՝ Հայաստանում երեք տարին մեկ այսպես է լինում:
«Այդ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ շուկան չի կանոնակարգվում, այսինքն՝ տեղում տոհմային տնտեսություն չունենք, որ իմանանք, թե տարվա կտրվածքով ինչքան է լինելու: Ամեն տարի ներկրում են մեկ օրական ճտեր, ու ածան հավերի գլխաքանակն ապահովելու համար երբեմն շատ են ներկրում: Հիմա էլ, որ դրսում թռչնագրիպ է, ով ինչ կարողանում է՝ բերում է: Գումարած սրան՝ փոքր ձեռնարկությունների թիվն ավելանում է, ու դա շատ լավ է: Հիմա էլ հավկիթի գինն էժան է, բա ինչո՞ւ են դժգոհում»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Սերգեյ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ դժգոհության պատճառն այն է, որ չեն կարողանում մրցակցել:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշել էր. «Շուկայում դեմպինգ (չհիմնավորված ցածր գնի սահմանում) կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեմպինգի հարցը կարող է դիտարկել այն պարագայում, երբ այն իրականացվել է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3%-ը և ավելին:
Ինչ վերաբերում է հավի ձվի շուկայում արձանագրված վերջին գնիջեցմանը, որը կապվում է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հետ, ապա շուկայում ունեցած նրա մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը։ Հետևաբար՝ ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել»: