««Տռզած փորերի» ժամանակը վերջ չունի. անձինք կփոխվեն, երևույթը` երբեք». Էդուարդ Զորիկյան
Հարցազրույց երգահան, հեղինակային երգերի կատարող Էդուարդ Զորիկյանի հետ
– Պարոն Զորիկյան, երգերից մեկում ասում եք` «Հոգու պոռթկումներ, մարմնի ջղային կծկումներ»… կյանքում նման պահեր հաճա՞խ են լինում:
– Կարծում եմ, որ կյանքը հենց նման պահերից է կազմված: Հոգու պոռթկումն ու ջղային կծկումը պատասխանն է այս կյանքի հարվածներին, իսկ դրանք իրոք հաճախ են լինում: Եթե մարդը հոգու պոռթկումներ չի ապրում, հանգիստ կարելի է սկսել նրա հոգեհանգստի արարողությունը:
– Անդրադառնանք «Կինը ամեն ինչ կարող է» ստեղծագործությանը: Իսկապե՞ս կարծում եք, որ տղամարդիկ ենթարկվում են կանանց, կինն ամեն ինչ կարո՞ղ է:
– Ոչ թե կարծում եմ, այլ ուղղակի համոզված եմ, ու դա վատ չէ: Հավատացեք, ավելի ճիշտ՝ հենց դա է նորմալը, քանզի ահավոր է, երբ տղամարդը ենթարկվում է տղամարդուն: Իսկ այն, որ կինն ամեն ինչ կարող է… համենայնդեպս կանայք իրենց կարողությամբ տղամարդուց գոնե մեկ բանով ավելի են` մեր զավակներին իրենք են լույս աշխարհ բերում: Համաձայնվեք, որ դա իրոք արարում է` կյանքի արարում:
– Ձեր երգերը կապվա՞ծ են Ձեր կենսագրությանը:
– Ավելի ճիշտ կլինի ասել, որ նրանք իմ կյանքի մի մասն են, ինչպես իմ ընկերները, բարեկամներն ու թշնամիները ու մնացած այն ամենն, ինչին ես իմ երգերում անդրադառնում եմ:
– Երգերի միջոցով ինչի՞ դեմ եք ընդվզում:
– Այն ամենի դեմ, ինչը խանգարում է մեզ ապրել` տգիտության, ագահության, անազնվության… շարքն անսպառ է:
– Ի՞նչն է Ձեզ հիասթափեցնում:
– Այլևս ոչինչ: Կարծում եմ, որ իմ ապրած 52 տարիների ընթացքում ինչից կարող էի՝ արդեն հիասթափվել եմ: Հիասթափվել, ներել ու շարունակել եմ ապրել` հոգուս խորքում կրելով այդ հիասթափության մատյանն, ու խենթի պես ժպտացել եմ շրջապատին:
– Երգերից մեկում ասում եք` «Գրավել եք մեծ պաշտոններ, տռզած փորեր»: Հիմա՞ էլ է այդպես, ի՞նչ եք կարծում, ե՞րբ կգա այդ ամենի վերջը:
– Այդ երգը ես գրել եմ դեռ խորհրդային տարիներին, երբ մեր օլիգարխները սեղանի տակ առանց գլուխը կախելու վազվզում էին: Բայց, ինչպես տեսնում եք, «Տռզած փորերն» այսօր ավելի արդիական երգ է: Նրանց ժամանակը վերջ չունի, հավատացեք, անձինք կփոխվեն, երևույթը` երբեք:
– Հետևո՞ւմ եք քաղաքական զարգացումներին:
– Ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ առողջություն, ո՛չ էլ ցանկություն. ես խաղամոլ չեմ:
– Առաջիկա նախագահական ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:
– Որ ընտրությունների ավարտին կրքերը կհանդարտվեն, իսկ թե ի՞նչ կլինի հետո, կապրենք՝ կտեսնենք:
– Կա՞ մի ուժ, որի հետ կապում եք Ձեր հույսերը:
– Կարծում եմ, որ մեր Երկիրը, այնուամենայնիվ, անհատների Երկիր է:
– Ի՞նչ եք կարծում` քաղաքականությունն ու բարոյականությունը համատեղելի՞ են:
– Բարոյականությունը նույնիսկ Հավատքի հետ, միշտ չէ, որ համատեղելի է, դուք ուզում եք, որ քաղաքականությա՞ն հետ համատեղելի լինի: