«Փաշինյանն այլ ելք չունի». Ռուսական պարբերականի անդրադարձը
Ռուսական gazeta.ru պարբերականի հրապարակման մեջ մեկնաբան Վլադիմիր Կուլագինը գրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հույս ունեն բանակցություններ վարել սահմանների շուրջ իրավիճակի կարգավորման թեմայով:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու ցանկության մասին: Gazeta.ru-ի հարցմանը մասնակից փորձագետների կարծիքով՝ Երևանն այլ ելք չունի, քան թշնամու հետ բանակցելը: Այլ եղանակով պարզապես հնարավոր չի լինի անվտանգություն երաշխավորել: Հակառակ դեպքում երկրին կսպառնան նոր ներքին ցնցումներ»,- գրել է Կուլագինը:
Հաջորդիվ հոդվածագիրը գրում է այդ հանդիպման նախադրյալների ու այն ազդակների մասին, որոնք ստացվում են թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմերից: Ապա նշել է, որ հատկանշական է, որ հոկտեմբերի 4-6-ը ՌԴ պաշտոնական այցով ժամանում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Կուլագինի խոսքով՝ իր զրուցակիցները կարծում են, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն անպայման կսկսվեն, և ամենաբարձր մակարդակով հանդիպումները բացառված չեն:
«Այսպես, հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ենթադրել է, որ միջնորդների միջոցով կողմերի միջև երկխոսություն հաստատելու անդրկուլիսային գործընթացն արդեն ակտիվորեն թափ է հավաքում»,- գրել է հոդվածագիրը:
Մեջբերելով հայ քաղաքագետի խոսքերը՝ նա նկատել է, որ երկու կողմերն էլ շտապելու իրենց պատճառներն ունեն:
«Ադրբեջանն ուզում է առավելագույնս սեղմ ժամկետներում մոնետիզացնել իր անցած տարվա հաջողությունն ու Հայաստանի տարածքով կոմունիկացիաներից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև խաղաղության պայմանագիր ստանալ, անցկացնել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա: Փաշինյանի կառավարությունն էլ իր հերթին շտապում է իրականացնել Բաքվի պահանջները, որպեսզի ինքն էլ հնարավորություն ստանա օգտվել ադրբեջանական կոմունիկացիաներից: Բացի դրանից, Թուրքիայի պահանջներից մեկն էլ հենց այդ է, որպեսզի կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները»,- ասել է քաղաքագետը:
Երևանում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողի հետ զրույցում ասել է, որ Երևանի ու Բաքվի օրակարգում թեպետ շատ հարցեր կան, նրանց դիրքորոշումները գրեթե ոչ մի հարցում չեն համընկնում: Փորձագետի կարծիքով՝ Բաքուն ճնշման շատ լծակներ ունի, ինչը վատացնում է Հայաստանի դիրքերը: Վերլուծաբանը կարծում է, որ թեպետ 100 տոկոսանոց վստահություն չկա, երկու երկրների առաջնորդների հանդիպումը լրիվ իրատեսական է:
«Հայաստանը քիչ ռեսուրսներ ունի՝ բանակցությունների սեղանի շուրջ իր շահերը պաշտպանելու համար, բայց պարտվողական քայլերի գնալը, որոնք հասարակությունը կարող է ընդունել՝ որպես աղետալի, վտանգավոր է ցանկացած առաջնորդի համար: Փաշինյանի համար մանևրելու դաշտը շատ փոքր է, բայց այն կա»,- կարծում է փորձագետը:
Այս տեսակետի հետ համաձայն է նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը:
«Փաշինյանը ստիպված է ցանկացած միջոցով նստել բանակցությունների սեղանի շուրջ թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմի: Բայց եթե նոր լուրջ զիջումներ կլինեն, ապա Փաշինյանին չեն ների նաև Ղարաբաղի կորուստը… Եվ եթե չապահովվի ներկայիս սահմանների անվտանգությունը, Փաշինյանի տակի աթոռն առավել մեծ թափով կերերա: Բացի դրանից, նոր արտաքին քաղաքական պարտությունները Փաշինյանի դեմ համախմբվելու բոլոր չբավականացնող խաղաքարտերը կտան ընդդիմադիրներին»,- ներքաղաքական գործոնի մասին է հիշեցնում փորձագետը:
Միևնույն ժամանակ, Մուխանովի կարծիքով, Բաքուն հանդես է գալիս ուժի դիրքերից, որպես պատերազմում հաղթող կողմ, և դրա համար էլ կշարունակի թելադրել իր պայմանները:
«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտ այլևս չկա: Երևանի համար դա այդպես չէ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին ու այնտեղ ապրող հայ ազգաբնակչության անվտանգությանը, անգամ, եթե այնտեղ հիմա 100 000-ից քիչ բնակչություն կա: Բաքուն կշարունակի ճնշում գործադրել Երևանի համար Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»,- վստահ է Մուխանովը:
Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանին, որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավորի, ձեռնտու է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությունը:
«Անկասկած, Ռուսաստանը դա ուզում է: Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցող ուղիղ շփումները հենց ՌԴ-ի և այլ 3-րդ կողմերի միջոցով են ընթանում: Բոլոր արտաքին ուժերին, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, պետք են տարածաշրջանում հանգստությունն ու կայունությունը»,- եզրակացնում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ միայն այդ ուղիղ հանդիպման փաստը կցնցի հայ հասարակությանը, սակայն հավանաբար ամեն ինչ կավարտվի փողոցային ակցիաներով:
Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ եթե հայ հասարակությունն ու քաղաքական էլիտան մաքսիմալ անկեղծ լինեին, նրանք կընդունեին, որ Հայաստանը գործող իշխանության ձեռքով արդեն վերածվել է «Հարավկովկասյան Սիրիայի»:
«Ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում բախվում են մի կողմից՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Իրանի շահերը: Եվ այնտեղ, և այստեղ գտնվում են այլ երկրների զորքեր, իսկ առաջնորդը չի վերահսկում ողջ տարածքը»,- զուգահեռներ է անցկացնում քաղաքագետը՝ նշելով, որ հայկական պետականության համար կարող է կործանարար լինել Փաշինյանի այն հույսը, թե հետագա իրադարձությունների խաղաղ զարգացումը հնարավոր է բացառապես Ռուսաստանի և Իրանի ուժերի միջոցով:
Վադիմ Մուխանովն էլ հիշեցնում է, որ սեպտեմբերի վերջին Ալիևը ռուս խաղաղապահների նկատմամբ է պրետենզիաներ ներկայացրել այն բանի համար, որ օտարերկրացիներ են ներթափանցում իբր թե Ադրբեջանի տարածք: Բայց այդ ժամանակ ընդհանուր առմամբ նա դրական է գնահատել ռուս խաղաղապահ կոնտինգենտի աշխատանքը:
«Հիմա երաշխիքներ չկան, որ 5 տարի անց նրանք պատրաստ կլինեն երկարաձգել Ղարաբաղում խաղաղապահների մանդատի ժամանակը: Իսկ առանց այդ գործոնի Հայաստանի համար իրավիճակը, իհարկե, կփոխվի ամբողջովին, դեպի վատը, բնականաբար»,- պոտենցիալ ռիսկի մասին է խոսում ռուս փորձագետը:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը