«Եթե մեր իշխանությունը վարում է հակահայ, թրքամետ քաղաքականություն, ինչո՞ւ պետք է ուրիշը գա՝ մեր շահերը պաշտպանի». Լիլիթ Բեգլարյան

ՀՀԿ ԵԿ միջազգային քարտուղար Լիլիթ Բեգլարյանն օրերս ընտրվել է աշխարհի 80 երկրի 120 անդամ կազմակերպություն միավորող Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) փոխնախագահ:

«ՀՀԿ-ն կառույցին անդամակցում է 2017 թվականից, և նույնիսկ 2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանում կառույցի հավաքն ենք կազմակերպել: Մենք փորձել ենք կառույցը մաքսիմում ծառայեցնել Հայաստանի շահերին: Դուք կհիշեք նաև՝ պատերազմի ընթացքում կառույցը հայտարարություն էր տարածել՝ հստակ ձևակերպումներով, և հետո Ալիևի կուսակցությունը կապվել էր կառույցի մայր կուսակցության հետ, խնդրել էր, փորձել էր ճնշումներ գործադրել, այնպես անել, որ հեռացվեր հայտարարությունը: Այսինքն՝ այստեղ մեր գործունեությունը նոր չէ, բայց այսպիսի ձևաչափով ներկայացվածությունը, բնականաբար, մեզ հնարավորություն կտա նաև երկկողմանի և բազմակողմանի կապերը զարգացնել, քանի որ կառույցում ներկայացված են հիմնականում մեր գաղափարակից կուսակցությունները, և այն բավական լայն հարթակ է, կազմը շատ բազմազան է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը չի՞ խոչընդոտում ձեր աշխատանքը միջազգային կառույցներում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել էր, որ «Սյունիքի վերջին դեպքերի հետ կապված, ինչպես միշտ, հաղորդագրություններ եմ գրել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի տեղեկացված լինեն Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ վարքագծի մասին և դատապարտեն այն։ Ստացած արձագանքները ապշեցուցիչ են։ Մեր խնդիրներին մշտապես ու աչալուրջ եվրոպացի գործընկերներս ինձ պատասխանում են, որ այս դեպքերի կապակցությամբ հանրային սուր դիրքորոշում հայտնելուց զերծ կմնան, քանի որ «Հայաստանի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ այդ ճանապարհի հատվածը հանդիսանում է Ադրբեջանի սուվերեն տարածք, ուստի ադրբեջանական կողմին հնարավոր է մեղադրել միայն «ապակառուցողականության» մեջ»:

Ի պատասխան՝ Լիլիթ Բեգլարյանն ասաց, որ առաջին դեպքը չէ, երբ նման արձագանք են ստանում միջազգային կառույցների կողմից: «Բնական է, որ դա մեր աշխատանքը մի քանի անգամ բարդացնում է: 2018թ. հետո շատերը մեզ ասում են՝ դուք ձեզ այնպես եք դրսևորում, կարծես դուք լինեք իշխանության՝ նկատի ունենալով մեր միջազգային գործունեությունը, և դա իսկապես այդպես է: Երբ մենք միջազգային հանրության առջև ելույթ ենք ունենում, մաքսիմում փորձում ենք Հայաստանի պետական և ազգային շահը առաջ տանել: Եվ այս երեք տարիների ընթացքում ՀՀԿ կուսակցական դիվանագիտությունը փոխարինել է երկրի արտաքին քաղաքականությանը: Բայց հասկանալի է, չէ՞, որ երկրի մեկ կուսակցության գործունեությունը, ինչքան էլ այն ուժեղ լինի, ինչքան էլ մեր կապերը այնտեղ լայն լինեն, չի կարող փոխարինել պետական արտաքին քաղաքականությանը:

Մեր գործընկերները, տեսնելով, որ մենք մի բան ենք ասում, իսկ մեր այսօրվա իշխանությունում գտնվող մարդիկ այլ բան են ասում, բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ ինչո՞ւ պետք է մենք ձեր երկրից ավելի հետամուտ լինենք ձեր ազգային շահերի պահպանմանը: Հետևաբար, այդ պայմաններում փորձել որևէ պրոհայկական բանաձև, հայտարարություն անցկացնել, կրկնակի բարդ է: Այսինքն՝ եթե նույնիսկ մեր կառավարությունն ունակ չէ որևէ բան անել, գոնե չխանգարի, որպեսզի կարողանանք մեր կապերը ծառայեցնել մեր երկրին, բայց խանգարում են: Եթե միջազգային հանրույթը տեսնում է, որ մեր երկրի իշխանությունը հետաքրքրված չէ, ինչո՞ւ պետք է ուրիշը գա՝ մեր շահերը պաշտպանի:

Շատ դեպքերում մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է հենց դրա վրա՝ մենք պարբերաբար օգնություն ենք խնդրում երկրներից, հետո նեղանում կամ վրդովվում ենք, որ այդ երկրները չեն գալիս օգնության: Բայց պետք է հասկանանք, որ ոչ մի երկիր պարտավոր չէ գալ և տեղում մեր շահերը պաշտպանել: Եթե մեր պետությունը վարում է հակահայկական, թրքամետ, պարտվողական քաղաքականություն, ինչո՞ւ պետք է մնացած երկրները փորձեն այլ բան անել մեր երկրի համար,- ասաց նա՝ հավելելով,- ՀՀ կառավարությունում գտնվող անձանց վարած գործունեությունից պարզ է, որ նրանք ազգային օրակարգի հետ որևէ կապ չունեն, նրանք առաջ են տանում մեր թշնամիների գիծը»:

ՀՀԿ ԵԿ միջազգային քարտուղարը անդրադարձավ Փաշինյանի նշանակած այն կադրերին, որոնզ պետք է զբաղվեն ՀՀ արտաքին քաղաքականությամբ. «Խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ունենք մի մարդ՝ DJ Էդուարդ Աղաջանյանը, որը որևէ կապ չունի արտաքին քաղաքականության հետ: Եթե չեմ սխալվում, ինքն իր խոսքում, երբ նշում էր, թե ինչու պետք է դառնա այդ հանձնաժողովի ղեկավար, ասում է, որ եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար և այդ ընթացքում շփվել է դեսպանների հետ: Ես ուզում եմ հասկանալ՝ դա արդյո՞ք բավարար է, որպեսզի պաշտոնյան զբաղվի երկրի արտաքին քաղաքականությամբ, այն էլ՝ այդ մակարդակով: Չէ՞ որ խորհրդարանական դիվանագիտությունը, հատկապես՝ հիմա, մեզ համար տասն անգամ ավելի կարևոր է: Արդյո՞ք մենք իրավունք ունենք այդպիսի դիլետանտիզմ ցուցաբերել և այդպիսի մարդկանց նշանակել: Թեկուզ հենց Արարատ Միրզոյանի նշանակումը: Արարատ Միրզոյանը երեք տարի եղել է մի խորհրդարանի ղեկավար, որը ամբողջությամբ տապալել է խորհրդարանական դիվանագիտությունը, հիմա ո՞նց է կարողանալու այս մարդը արտաքին քաղաքականություն վարել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս