Ով է ղեկավարելու նոր կառավարությունը. աբսուրդ, որի մեջ հայտնվել ենք
Ավարտվեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող, ամենախայտառակ ձևով ձախողված ու ամեն ինչ տապալած կառավարության գործունեությունը։ Կառավարություն, որը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը։
Շուտով Հայաստանում նոր կառավարություն պիտի ձևավորվի։ Ամբողջ աբսուրդն այն է, որ այդ կառավարությունը գլխավորելու է այն նույն մարդը, ով երկիրը հասցրել է այս օրվան, սարսափելի ցավ ու տառապանք է պատճառել, հազարավոր զոհերի ու կորուստների պատճառ է դարձել։
Եվ այդքանից հետո այդ մարդը կրկին պիտի ղեկավարի կառավարությունը։
Նրա գլխավորած նախորդ կառավարությունն ամբողջությամբ ձախողել է երկրի կառավարումը՝ սկսած անվտանգությունից, վերջացրած տնտեսությամբ ու սոցիալական քաղաքականությամբ։ Այլ երկրում նման կառավարությանն ու կառավարության ղեկավարին վաղուց ամենախիստ պատասխանատվության էին ենթարկել։ Բայց մեր երկրում նման մարդուն պիտի վստահվի նոր կառավարության ղեկավարումը։
Դժվար է սրան որևէ անուն տալ։ Տրամաբանությունից դուրս է, որ այդքան ձախողումներից հետո կրկին երկրի ղեկավարումը վստահվի նույն մարդուն։ Սա ուղղակի աբսուրդ է, որի մեջ հիմա մենք գտնվում ենք։
Մարդկային ու տարածքային կորուստներից, սահմանների անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներից զատ, տապալել են ամեն ինչ։ Երկիրը նստած է փլատակների վրա։ Երեք տարում միայն քանդել են ու տեղը ոչինչ չեն կառուցել։
Ծանր վիճակում է գտնվում մեր տնտեսությունը։ Տնտեսության իրական զարգացումների առումով գրեթե առաջընթաց չունենք։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունները Հայաստանում կարողացել են ապահովել միջին տարեկան ընդամենը 1,5-2 տոկոս տնտեսական աճ։
Էապես վատացել է տնտեսության որակը։
Ճգնաժամը ցույց տվեց, որ դատարկություն էին տնտեսական հաջողությունների ու աննախադեպ ձեռքբերումների վերաբերյալ այն հայտարարությունները, որոնք արվում էին մինչև ճգնաժամը։ Մեր տնտեսությունն անհամեմատ ավելի ծանր տարավ ճգնաժամը, քան այն երկրներինը, որոնց հետ գտնվում էինք նույն տնտեսական տարածքում ու տնտեսական միջավայրում։ Տնտեսական անկման ցուցանիշով Հայաստանը վատագույնն էր ամբողջ տարածաշրջանում, ինչպես նաև գործընկեր երկրների շարքում։
Նիկոլ Փաշինյանն՝ իր գլխավորած նախորդ 2 կառավարություններով, ոչ միայն տապալել է երկրի տնտեսական քաղաքականությունը, այլև մեծապես վնասել է այն միջավայրը, որը պիտի նպաստեր տնտեսության զարգացումներին։
Փոխարենը պայմաններ ստեղծելու ներդրումների ներգրավման համար՝ անընդհատ խոչընդոտներ ու խնդիրներ են հարուցել, ձախողել են սկսած ներդրումային ծրագրերը, ստիպել են ներդրողներին հեռանալ երկրից։ Ներդրումների նկատմամբ այսպիսի վերաբերմունքի արդյունք է նաև այն, որ մեր երկիրը զրկվել է դրսից ներդրումներ ներգրավելու հնարավորությունից։ Վերջին տարիներին դրանք միայն նվազել են։ Նվազել են նաև ներքին ներդրումները։ Ու դարձյալ կառավարության և իշխանությունների անպատասխանատու գործողությունների պատճառով։ Տեղի-անտեղի հետապնդումներ ու քրեական գործեր են հարուցել՝ ստիպելով մարդկանց ձեռնպահ մնալ տնտեսության մեջ ներդրումներ անելուց։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր կառավարության նման վարքագծի հետևանքով հանել են իրենց միջոցները տնտեսությունից ու երկրից։
Տնտեսության մեջ կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել մարդկանց պատժելուն և ունեզրկելուն՝ առանց դրա համար բավարար իրավական հիմքեր ունենալու կամ ստեղծելու։ Զարմանալի չէ, որ մթնոլորտը պղտորելուց բացի՝ այդտեղ էլ այլ բան չեն կարողացել անել։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նախորդ կառավարությունների սոցիալական քաղաքականությունն ավարտվեց նրանով, որ երկրում խորացավ ինչպես աղքատությունը, այնպես էլ սոցիալական բևեռացվածությունը։
Իրենց եկամուտները կրկնապատկեցին ու եռապատկեցին՝ աշխատավարձերի ու պարգևավճարների հաշվին, իսկ կենսաթոշակները բավարարվեցին բարձրացնելով ընդամենը 3 հազար դրամով։
Անցած տարվա վերջից երկիրը գտնվում է բարձր գնաճային միջավայրում, առաջին անհրաժեշտության ու լայն սպառման բազմաթիվ ապրանքներ կտրուկ թանկացել են, սրվել են սոցիալական խնդիրները, աճել է աղքատությունը, իսկ իշխանություններին դա կարծես չի էլ վերաբերում՝ պատգամավորների տնտեսական ծախսերն են հնգապատկում, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերն են կրկնապատկում ու եռապատկում, հարկատուների հաշվին չպատճառաբանված ու չտրամաբանված ծախսեր են անում։
Մի կողմից՝ թանկացումների, մյուս կողմից՝ եկամուտների դանդաղ աճի կամ կրճատման հետևանքով հիմա Հայաստանում մարդիկ ավելի վատ են ապրում, քան ապրում էին մի քանի տարի առաջ։ Կյանքը լավանալու փոխարեն՝ մի բան էլ հետ է գնացել։
Այլ ելք չունենելով՝ մարդիկ լքում են երկիրը։ Հայրենադարձության փոխարեն՝ կրկին կանգնած ենք մեծ արտագաղթի ճանապարհին։ Գնում են ոչ միայն աշխատելու նպատակով, այլև ուղղակի արտագաղթում են։ Մարդիկ հեռանում են, որովհետև սեփական երկրում այլևս իրենց անվտանգ ու պաշտպանված չեն զգում, այս իշխանության հետ ապագա չեն տեսնում։
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունները հաջողացրել են սարսափելի ծանրաբեռնել երկրի պետական պարտքի բեռը։ Նախկիններին էին մեղադրում պարտքեր կուտակելու համար, իրենք մի այլ տեմպով են դա արում։ Երեք տարում պետական պարտքն ավելացրել են շուրջ 30 տոկոսով։ Անվանական արտահայտությամբ այն անցնում է 2,1 մլրդ դոլարի։
Երբևէ չենք ունեցել պարտքի այսպիսի ծանր բեռ, որն ունենք հիմա։ Այն դուրս է եկել բոլոր գրված ու չգրված սահմաններից։ Նախկինում վայնասուն էին բարձրացնում, որ պարտքը մոտեցել է ՀՆԱ 50 տոկոսին։ Անցած տարվա արդյունքներով, այն արդեն անցել է 63,5 տոկոսը, բայց մտադիր չեն դադար տալ։ Պատրաստ են նոր պարտքեր վերցնել։
Նիկոլ Փաշինյանի ու իր ղեկավարած կառավարության ձախողումներն ամենուրեք են։ Իսկ որ ավելի վատ է՝ այդ ձախողումները կործանարար եղան երկրի համար։
Եվ այդքանից հետո այդ մարդը կրկին պիտի կառավարություն կազմի ու շարունակի ղեկավարել երկիրը։ Ո՞ր արժանիքի համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ