Գրականությունը նյութի փոխակերպումն է հոգևորի

«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը թարգմանիչ Ռուզաննա Պետրոսյանն է:

-Ռուզաննա՛, Ձեր թարգմանական գրքերը միշտ բուռն են ընդունվում ընթերցողների կողմից, իսկ Ձեզ ի՞նչ զգացողություն է համակում, երբ գիրքն արդեն դրվում է սեղանին:

-Թող մեծամտաբար չհնչի, բայց, իսկապես, այնպես է ստացվել, որ իմ թարգմանությամբ լույս տեսած գրքերը շատ արագ վերածվում են բեսթսելլերների: Չափազանց հաճելի զգացողություն է. նշանակում է` գրքերը վաճառվում են, պահանջարկ ունեն: Ուրախ եմ գիրքը տպող հրատարակչության, հեղինակի, թարգմանված երկի և ինձ համար, կնշանակի՝ ընթերցողը սիրել է գիրքը: Թարգմանված երկն իմն է, քանի դեռ չեմ ուղարկել խմբագրին, քանի դեռ գիրք չի դարձել: Տարօրինակ զգացում է, երբ գիրքը հայտնվում է սեղանին, կարծես քոնը չլինի, և, իսկապես, այն այլևս ընթերցասեր հասարակությանն է: Սակայն, մյուս կողմից, միայն իսկական թարգմանիչները, իրենց տողը սիրող և փայփայող թարգմանիչները գիտեն, թե որքա՛ն երանելի և երջանկավետ են արդեն գիրք դարձած թղթերդ գրկելու ակնթարթները:

-Ինչպե՞ս եք ընտրում թարգմանելիք գրքերը, կամ գուցե նրա՞նք են «գտնում» Ձեզ:

-Պետք է ուրախությամբ նշեմ, որ առավել հաճախ գրքերն իրենք են ինձ «գտնում» և զարմանալիորեն շատ նման են ինձ: Երբ ինձ հարցնում են, թե ո՞րն է հատկապես իմ թարգմանած վեպերի հաջողության և մեծ ընդունելության գաղտնիքը, վստահաբար պնդում եմ` իմ, որպես թարգմանչի և վեպի ընդհանրական գծերի, հեղինակի հետ փոխըմբռնման, տողերի հետ մեղմ և միահյուս ներդաշնակության մեջ: Նախկինում թարգմանվելիք նյութի հանդեպ առավել քմահաճ էի, թարգմանում էի բացառապես իմ նախընտրելի գրքերը, հիմա տուրք եմ տալիս նաև «պարտադիր ընթերցանության գրականություն» կոչվածին: Օրինակ` Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպը հրատարակչության հետ թարգմանեցինք ոչ միայն այն պատճառով, որ լավագույններից մեկն էր, այլ որովհետև ամբողջ աշխարհում Հայաստանն էր լինելու առաջին թարգմանողը, մեկ ուրիշ անգամ թարգմանեցինք Խավիեր Սիեռայի ‹‹Անկյալ հրեշտակը›› վեպը, և ոչ միայն այն պատճառով, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անձամբ էր հրավիրել վեպի հեղինակին Հայաստան, այլ որովհետև վեպը մեր` հայերիս մասին է:

-Այս ժամանակներում, երբ բազմատեսակ ու տարաբնույթ գրքեր են առատապես դրվում ընթերցողի սեղանին, ինչպե՞ս կողմնորոշվել՝ ինչ կարդալ:

-Կողմնորոշվել նշանակում է ճիշտ ընտրություն կատարել, իսկ ճիշտ գիրք ընտրելու համար, կարծում եմ, պետք է որ նաև վատ գրականություն կարդացած լինես: Գրական ճաշակը, որպես կանոն, ձևավորվում է տարիների ընթացքում, թեև բացառված չէ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իրենց խորհրդով կօգնեն ձեզ լավ գրքեր ընտրել: Գեղարվեստականից զատ` պակաս կարևոր չեն նաև մասնագիտական գրքերը: Կարդալու և չկարդալու սահմանագիծը բավական հեղհեղուկ է: Կարծիքները կարող են բավականին իրարամերժ լինել. մի դեպքում ասում են` կարևորը կարդալն է, նույնիսկ եթե լավ գրականություն չես կարդում, այսինքն` չկարդալուց լավ է, մյուս կողմից` քննադատում են վատ գրքի կամ վատ գրականության տարածումն ու սպառումը: Հաշվի առնելով բոլոր կարծիքները, այնուհանդերձ, համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է ընտրի իր տեսակին, իր խառնվածքին, իր ճաշակին համանման գրականություն, ինչպես ֆիլմերի դեպքում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ընտրությումը կատարում եմ այն նույն սկզբունքով, որով թարգմանում եմ, այն է` վերնագիրը, առաջին երկու տողը և հեղինակի անունը արդեն իսկ բավական են հասկանալու համար` դա իմ գիրքն է, թե ոչ:

-Իսկ ինչպիսի՞ ընթերցող է Ռուզաննա Պետրոսյանը: Ի՞նչ եք նախընտրում կարդալ:

-Եթե անկեղծ, ապա երբեմն նախանձով եմ նայում ազատ ընթերցողներին, որոնք ազատ ժամանակ ունեն և կարող են սրտի ուզածի չափ կարդալ: Ցավոք, ես չեմ կարող ինձ նման ճոխություն թույլ տալ, որովհետև փորձում եմ տարեկան առնվազն չորս հաստափոր գիրք թարգմանել և հրամցնել ընթերցողին: Ընթերցողները սիրում են ինձ, անհամբեր սպասում են հաջորդիվ տպագրվող գրքերին, այնպես որ շտապում եմ նոր գրքեր թարգմանել նրանց համար: Նախընտրում եմ ճիշտ այնպիսի գրքեր, ինչպիսիք թարգմանում եմ, հիմնականում դրանք առավել մոդեռնիստական` էքզիստենցիալիստական վեպեր են, որոնք թերևս առավել մոտ են իմ բնույթին, գրական ճաշակին: Գրականությունը չի կարող սոսկ ժամանցի մաս լինել, թեև այդպիսիք նույնպես կան, իսկ լուրջ, բարձրարժեք գրականությունը մտածելու տեղիք է տալիս, ինչ-որ բան է փոխում քո մեջ, մտածողություն և ճաշակ է ձևավորում, այս կամ այն կերպ հետաքրքիր ձևափոխումների առիթ դառնում: Գրականությունը, ըստ իս, նյութի փոխակերպումն է հոգևորի. այն հնարավորություն է ընձեռում արթնացնելու և զարգացնելու ձեր ուրույն երևակայությունը, կարծում եմ` հենց այդ է պատճառը, որ օրինակ` համանուն վեպի վրա նկարահանված ֆիլմը մեծամասամբ հիասթափեցնում է ընթերցողին, որովհետև այնպիսին չէ, ինչպիսին ինքն էր կերտել իր մտապատկերում` սկսած դերասանների արտաքին տվյալներից, մինչև զգացողությունների այս կամ այնպիսին լինելը:

-Առաջիկայում ի՞նչ անակնկալ է սպասվում ընթերցողին։ Ո՞րն է լինելու հաջորդ գիրքը։

-Ես կասեի` անակնկալներ: «Անտարես« հրատարակչությունը լույս կընծայի միանգամից երեք գիրք: Իմ թարգմանությամբ լույս կտեսնեն ժամանակակից գրողներ Խավիեր Սիեռայի «Անկյալ հրեշտակը», Կառլոս Ռուիս Սաֆոնի «Քամու ստվերը» և Նոբելյան մրցանակակիր Կամիլո Խոսե Սելայի «Փեթակը» վեպերը: Խմբագրման փուլում է նաև իսպանալեզու պոեզիայի անթոլոգիան, որում ամփոփված են իսպանացի և լատինաամերիկացի քսանվեց պոետների լավագույն բանաստեղծությունների թարգմանությունները:

-Ձեր մաղթանքը՝ մեր ընթերցողին:

-Խաղաղություն եմ մաղթում նախևառաջ մեր երկրին, որպեսզի սիրտ և ժամանակ ունենանք միայն և միայն լավ գրականություն կարդալու համար:

Պատրաստեց Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս