«Փաշինյանը չի պատկերացնում՝ ինչ է պետություն ղեկավարելը. չի՛ կարելի խուսափել պատասխանատվությունից». Հովհաննես Ղազարյան

«5165» շարժման համահիմնադիր, «Հայրենիքի վերականգնման և զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն անհեթեթ է համարում այն, որ իր անձով պայմանավորված «5165» շարժումը կապվում է Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

«Ես ոչ միայն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում եմ աշխատել, դրանից առաջ ՄԱԿ-ում եմ աշխատել, դրանից առաջ՝ ՀՀ նախագահի աշխատակազմում, դրանից առաջ՝ ՊՆ-ում, և մասնագիտական գործունեություն եմ իրականացրել: Պետք է նայեն արված գործին, և ես չեմ կարծում, որ այն մշակույթը, որ եթե դու ինչ-որ տեղ աշխատում ես, քեզ պետք է անպայման կապեն այն մարդու հետ, ով հանդիսանում է այդ կառույցի ղեկավարը… ես երբեք չեմ ընդունել այդ կառույցը՝ որպես Աննա Հակոբյանի հիմնադրամ։ Ես դա ընդունել եմ՝ որպես հիմնադրամ, որտեղ կա հոգաբարձուների խորհուրդ, որի նախագահն Աննա Հակոբյանն էր»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ նմանատիպ հայտարարություններ անողների նպատակն է՝ արատավորել «5165» շարժման մղումները և այն մարդկանց, ովքեր, նրա խոսքով՝ համախմբվել են ազգային արժեքների շուրջ.

«Ֆինանսական աղբյուրների հետ կապված՝ մենք, ըստ օրենքի պահանջի, կհրապարակենք: Բոլորը ճանապարհ անցած մարդիկ են, և հավաքվել ենք այս պատերազմի հետևանքի արդյունքում»:

Հարցին՝ տարբեր շեշտադրումներ են արվում, թե, օրինակ՝ անձամբ Հովհաննես Ղազարյանի համար խնդիր չէ՞ր ընդունել մի տիկնոջ կողմից արվող աշխատանքի առաջարկ, որը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում երկրորդ անգամ բացման արարողություն կազմակերպեց, այնինչ, կենտրոնի հիմնանորոգումն իրականացվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ջանքերով, կամ, որ Աննա Հակոբյանի PR-ն ապահովելու համար Սյունիքի մարզադպրոցի բացումը երկրորդ անգամ արվեց, այնինչ դպրոցը հիմնանորոգվել էր մարզպետի ջանքերով, և այլն, այսինքն՝ բարոյական խնդիր է առկա, ինչպե՞ս է կարողացել աշխատել Աննա Հակոբյանի հետ, նա պատասխանեց. «Այն, ինչ նշեցիք՝ իմ գործունեության ժամանակ չի եղել, իմ գործունեության տիրույթում չի եղել, հետևաբար՝ ճիշտ կլինի, որ պատասխանեմ այն հարցերին, որոնք իմ գործունեության տիրույթում կամ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում են եղել»:

Ճշտող հարցին՝ արյունաբանական կենտրոնի դեպքն իր պաշտոնավարումից առաջ է եղել, ինքը տեղյակ չի՞ եղել այդ մասին, նա պատասխանեց.

«Արյունաբանականի գործունեությունը իմ գործունեության հետ կապ չի ունեցել, ես տեղյակ չեմ եղել, առաջին անգամ Ձեզնից եմ լսում արյունաբանականի դեպքի մասին: Իսկ դպրոցի բացումը իմ հրաժարականից հետո է եղել: Իմ գործունեության համար հիմք է ծառայել ինչ-որ մի դրական փոփոխություն և ազդեցիկ ծրագրեր իրականացնելը: Թե ինչ է անում Աննա Հակոբյանը, դա իմ գործունեության տիրույթից դուրս է: Իհարկե, ես էլ չեմ ընդունում, որ կարելի է դպրոցի բացումը կրկնակի անգամ օգտագործել, գուցե PR-ի համար: Չգիտեմ: Գուցե դա է եղել նպատակը: Բայց այն, որ դպրոցը վերանորոգվել է, ինքն իրենով լավ փաստ է, ով ոնց է շահարկում, չարաշահում դրա բացումը, թող հանրությունը դատի և իր կարծիքը հայտնի»:

Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին՝ նա ընդգծեց. «Ամենամեծ աբսուրդն այն է, որ պետության ղեկավարը չի պատկերացնում՝ ինչ է պետություն ղեկավարելը, ինչ բան է առաջնորդ լինելը, և մենք սրա ականատեսը եղանք պատերազմի ընթացքում, ես նույնիսկ չէի կարող երևակայել, թե ինչպես է հնարավոր՝ երկրի ղեկավարը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, լայվերով մարդկանց կոչ անի, թե ինչ է պետք անել: Որպես կառավարման մասնագետ՝ շատ մեծ ուշադրություն եմ դարձնում որոշումների կայացման մեխանիզմներին։ Մենք տեսանք, որ որոշումների կայացման մեխանիզմ գոյություն չունի, միանձնյա որոշումներ են կայացվում: Սա վատագույն տարբերակն է»:

Դիտարկմանը՝ Փաշինյանն ասաց, որ ինքը մոդերատորն էր, ոչ թե միանձնյա որոշողը, նա արձագանքեց. «Հենց այդ արտահայտությունն էլ վկայում է այն մասին, որ նա չգիտի, թե ինչ բան է՝ լինել երկրի առաջնորդ: Ի՞նչ է նշանակում՝ լինել մոդերատոր, ինքը որոշումներ կայացնողն ու որոշումների կայացման գործընթացը ղեկավարողն է, ինչի՞ համար են երկրի ղեկավար ընտրում:

Երկրի ղեկավարը համար 1 պատասխանատուն է, չի՛ կարելի խուսափել պատասխանատվությունից: Դու հայտնվել ես այդտեղ հենց դրա համար, որպեսզի պատասխանատվություն կրես և ապահովես, որ որոշումները ճիշտ կայացվեն և արդյունավետ: Տեսեք՝ նույն այս փաստաթղթի հետ կապված, որն անվանում են երկրորդ կապիտուլյացիոն ակտ, Փաշինյանը մի բան է ասում, ասում է՝ սա 100 տոկոսով բխում է մեր շահերից, դեռ մի կողմ թողնենք, որ մինչև այդ արտահոսք է լինում, ինքը դա հաստատում է կառավարության նիստին, կառավարության անդամներից ոչ ոք ոչ մի ձևով չի արձագանքում, չնայած՝ իմ դիտարկմամբ՝ բոլորն անակնկալի են գալիս: Հետո դրան հետևում է ԱԽ քարտուղարի հարցազրույցը, որտեղ ասում է՝ դե, սա առաջարկ է, մենք քննարկում ենք: Բա, որ առաջարկ է, որտեղի՞ց այդ համոզմունքը, որ այն 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից: ԱԳ նախարարի տեղակալն ասում է՝ մենք տեղյակ չենք: Ո՞նց կարելի է հայտարարել, թե քննարկվում է փաստաթուղթ, որը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից, եթե ԱԳՆ-ն, որն այդ հարցերով զբաղվող գլխադասային գերատեսչությունն է, տեղյակ չէ դրանից: Հետո ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է հայտարարում, որ տեղյակ չէ դրանից: Այս բոլոր փաստերը համադրելով՝ կարելի է գալ եզրակացության, որ մեզ մոտ կառավարման կոլապս է: Միջազգային հարաբերությունների տեսության մեջ կա ձախողված պետություն տերմինը. ձախողված պետության մասին ենք մենք հիմա խոսում»:

Նա հավելեց, որ «5165» շարժումը որևէ ուժի հետ կոալիցիա չի կազմելու:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս