Բաժիններ՝

Զատիկից 1-2 շաբաթ հետո և՛ գնանկում կունենանք, և՛ շուկայում հավկիթի քանակի խնդիր չենք ունենա. Բաբկեն Պիպոյան

Խանութներից այսօր անհետացել է հավկիթը ու, եթե նախկինում մարդիկ կարողանում էին գնել 90-110 դրամով, հիմա զրկված են նաև այդ «հաճույքից»:

«Այսօր առավոտյան 9:30 մտել եմ բոլոր՝ SAS», «Parma», «Երևան սիթի» հայտնի սուպերմարկետները՝ չկա ոչ մի հավկիթ: Գոնե մի 5 հավկիթ կարողանայի գտնել ու գնել, քանի որ երեխաս անհամբեր սպասում էր»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց քաղաքացիներից մեկը:

Ոչ այնքան հայտնի սուպերմարկետներից մեկից էլ ասացին՝ հավկիթի դեֆիցիտ է, չկա:

«Մենք հենց արտադրող ընկերություններից մեկից ենք ստանում հավկիթ, խոստացել էին բերել, բայց չկա»,- նշեց սուպերմարկետի աշխատակիցը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով սպառողների ահազանգերի մասին՝ ասաց, որ այնպես չէ, որ ոչ մի տեղ ձու չկա, բայց փաստ է՝ կա դեֆիցիտ:

«Հայաստանում հավկիթի շուկայում ըստ էության հիմնական խնդիրները ծագեցին 2010 թվականից, երբ մեծ ծավալի ներմուծում եղավ, տոհմային տնտեսությունների վերջը տվեցինք, որովհետև չդիմացանք այդ մրցակցությանը, և 2012-2013թթ. սկսվեց տնտեսության վերականգնման  գործընթացը, որի ժամանակ ամբողջ տարվա ընթացքում արտադրանքը բավարարում էր շուկան, իսկ Զատիկից և Ամանորից առաջ ունենում էինք որոշակի դեֆիցիտ, և ամեն տարի պետությունը քայլեր էր ձեռնարկում՝ արտադրողների հետ որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերվում, հստակ քվոտաներ էին տրվում՝ ըստ արտադրական ծավալների, որ ամեն մեկն ինչ-որ ծավալ ներմուծի, այս դեֆիցիտը փակի: 2019 թվականից ի վեր մեր տնտեսությունը դարձավ ինքնաբավ և, ըստ էության, Զատիկին ու Ամանորին ներմուծման կարիք չէինք ունենում: 2020 թվականը ստանդարտ տարի չէր՝ կորոնավիրուսի համաճարակ էր, հետո պատերազմը եղավ, տնտեսությունը չթարմացվեց, և ածան հավերի ՕԳԳ-ն նվազեց: Այս ընթացքում պետությունը տնտեսվարողների հետ պետք է պատշաճ աշխատանք կատարեր, երկկողմ պարտավորություններ ստանձնեին, արտադրողները երաշխավորեին քանակների մատակարարումը ոչ թե մոտավոր, այլ նախորդ տարվա ծավալներով: Մենք գնացինք հին մեթոդով՝ առանց ճշգրիտ հաշվարկներն ու պարտավորությունները ստանձնելու և սահմանելու ու, արդյունքում փորձը ցույց տվեց, որ անհրաժեշտ ծավալը, որը կբավականացներ Զատիկին անհրաժեշտ քանակը փակելու համար՝ չունեցանք»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ այս ամենին գումարվեց նաև լրացուցիչ խուճապը, որն առաջացրեցին:

«Կար խուճապի բնական գործոն, երբ մարդիկ տեսնում էին, որ ձու չկա, բայց նաև ըստ որոշ արտադրողների՝ դա ստեղծվեց արհեստական, այսինքն, որոշ մատակարարներ հիմնական շուկայից ապրանքը վերցրեցին, տվեցին ոչ հիմնական  շուկա, ու դեֆիցիտ առաջացավ և արհեստական խուճապ: Այն, որ սուպերմարկետներում ձու չկար, դա արհեստական էր արված, ինչը պետք է պարզեն պետական կառույցները: Զատիկից 1-2 շաբաթ հետո, իմ կարծիքով, և՛ գնանկում կունենանք, և՛ շուկայում հավկիթի քանակի խնդիր չենք ունենա»,- եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս