Կենտրոնական բանկի «ապտակն» էկոնոմիկայի նախարարին
Էկոնոմիկայի նախարարն այս տարի Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է խոստանում։ Այդ մասին նա հայտարարեց դեռևս տարվա սկզբին։
Այն ժամանակ նախարարը նոր էր նշանակվել, և թվում էր, թե դեռ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության հետ։ Բայց վերջերս Վահան Քերոբյանը կրկին պնդեց իր ասած և հայտարարեց, որ շարունակում է մնալ նույն կարծիքին։
Դժվար է ասել, թե ինչի վրա է նախարարի հույսը, բայց շատերը քմծիծաղով են վերաբերվում նրա՝ իրականությունից կտրված լավատեսությանը։
Նախարարի կանխատեսած երկնիշ տնտեսական աճին չի հավատում նաև երկրի գլխավոր ֆինանսական կառույցը, որն առանձնանում է իր անհամեմատ բարձր պրոֆեսիոնալիզմով։ Խոսքը Կենտրոնական բանկի մասին է։
ԿԲ-ն շատ ավելի համեստ սպասումներ ունի Հայաստանի այս տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ, քան կարծում է էկոնոմիկայի նախարարը։ Ավելին, վերջերս Կենտրոնական բանկը հերթական անգամ վերանայել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը և կրկին նվազեցրել։
«Մենք վերանայել են տնտեսական աճի ցուցանիշը։ Եթե նախկինում մեր գնահատականներով՝ Հայաստանում 2021թ. տնտեսական աճը պետք է լիներ 2 տոկոս, այժմ մեր գնահատականներով՝ այն կկազմի 1,4 տոկոս»,- այս մասին օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահը։
Դժվար չէ հաշվել 1,4 տոկոսի և երկնիշ աճի տարբերությունը։ 1,4 տոկոսն առնվազն 7 անգամ պակաս է երկնիշ տնտեսական աճից։ Բայց դա դեռ ամենը չէ։
Շատ ավելի էական է այն, որ Կենտրոնական բանկի մասնագետները հոռետեսական սպասումներ ունեն առաջիկա զարգացումների վերաբերյալ, քան ունեին ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ նրանք Հայաստանում տնտեսական աճի պոտենցիալը գնահատել էին 2 տոկոս։ Այսօր արդեն գնահատում են 1,4 տոկոս։ Այսինքն՝ 0,6 տոկոսային կետով նվազեցրել են տնտեսական աճի սպասումները։
Դրան Կենտրոնական բանկում հանգել են՝ հաշվի առնելով անցած տարվա վերջին և այս տարվա սկզբին տնտեսության մեջ տեղի ունեցող անցանկալի դրսևորումները։ Այդպիսի իրավիճակ է եղել, մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտում, գյուղատնտեսության մեջ և ծառայությունների ճյուղում։
Սրանց գուցե կարելի է ավելացնել նաև տնտեսության այլ ոլորտներ։ Բայց Կենտրոնական բանկն իր գնահատականները վերանայելիս՝ կանգ է առել հիմնականում տնտեսության այս ոլորտներում տեղի ունեցած բացասական դրսևորումների վրա։
Անցած տարի դրանցում անկում արձանագրվեց։ Ընդ որում, երբեմն նաև երկնիշ։
Այս տարվա սկիզբը ևս հուսադրող չէ։ Հունվարին արդյունաբերության անկումը երկնիշ էր։ Այն կազմեց գրեթե 11 տոկոս։ Երկնիշ էր նաև ծառայությունների նվազումը՝ ավելի քան 10 տոկոս։ Շատ ավելի մեծ անկում գրանցվեց ներքին առևտրի ոլորտում. անկումն այստեղ հասնում էր 15 տոկոսի։
Գրեթե նույն իրավիճակն էր նաև տնտեսության մյուս ոլորտներում։ Բայց հավանաբար միայն դա չէ, որ ստիպել է Կենտրոնական բանկին վերանայել տնտեսական աճի իր ակնկալիքները և կրկին նվազեցնել։ Նման գնահատականների համար, ըստ էության, էական դեր են ունեցել առաջիկա սպասումները։ Այստեղ է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է խնդրահարույց մնալ։
Անորոշություններն ու անկայունությունը, երկրի անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրները, ներքաղաքական լարվածությունը, սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչնչով չեն նպաստում տնտեսական ակտիվության վերականգնմանը։ Դեռ չենք խոսում համավարակի պահպանվող ազդեցության մասին, որը տնտեսությունը և, հատկապես, ծառայությունների ոլորտը շարունակում են կրել իրենց վրա։
Այսքանից հետո զարմանալի չէ, որ անգամ անցած տարվա բավական խորն անկումից հետո՝ այս տարվա տնտեսական աճի սպասումները չափազանց համեստ են։ Իշխանությունները պարզապես անտարբերության են մատնել տնտեսությունը և բացարձակ ոչինչ չեն անում այն անդունդից դուրս բերելու համար։ Մի բան էլ խորացնում են ճգնաժամը։
Որքան երկար ձգվի այս իրավիճակը, այնքան վատ տնտեսության համար։ Պարզ է, որ համատարած անորոշությունների ու անկայունության պայմաններում անիմաստ է լուրջ հույսեր կապել տնտեսական զարգացումների հետ։
Պատահական չէ, որ այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ միայն Կենտրոնական բանկի գնահատականը չէ, որ այդքան համեստ է։ Հայաստանի տնտեսության նկատմամբ լավատեսական սպասումներ չունեն նաև միջազգային ֆինանսական կառույցները։ Անգամ կառավարությունը մեծ ակնկալիքներ չունի այս տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ անցած տարվա 7,6 տոկոս անկումից հետո կառավարությունը 2021թ. համար ունի ընդամենը 3,2 տոկոս աճի սպասելիք։ Բայց դա էլ հարցականի տակ է։ Այդ է վկայում նաև Կենտրոնական բանկի վերջին կանխատեսումը։ Այս պահին ԿԲ-ն առնվազն կրկնակի ավելի ցածր աճ է սպասում, քան կանխատեսել է կառավարությունը երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով։
Եթե զարգացումները գնան Կենտրոնական բանկի սցենարով, ինչի հավանականությունն ավելի մեծ է, ապա կրկին հայտնվելու ենք նախորդ տարվա բյուջետային շրջափուլի մեջ, երբ ստիպված եղանք կրկնակի վերանայել բյուջեի եկամուտները։
Այդ սցենարն այսօր արդեն կառավարությունն ունի աչքի առաջ։ Ու դրա համար կարծես սկսել է պատրաստվել այս անգամ բյուջեի ծախսերի կրճատման։
Արդեն այժմվանից ստեղծվում են անհրաժեշտ նախադրյալներ։ Մտադիր են կրճատել նույնիսկ պաշտպանության ոլորտի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, կրթության ծախսերը։ Թեև կրճատելու շատ ավելի հարմար տեղեր կան։
Տնտեսական այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է Հայաստանը, անշուշտ, նախանձելի չէ։
Այն տեմպերով, որով իշխանությունները մտադիր են գնալ, մեզ երկար ժամանակ պետք կլինի՝ ինչպես սպառողական պահանջարկը, այնպես էլ՝ տնտեսությունը վերականգնելու համար։ Բայց մենք դրա ժամանակը չունենք։
Մեր տնտեսությունը հայտնվել է մի իրավիճակում, որտեղից դուրս գալու համար հարկավոր են համակարգային փոփոխություններ, լուրջ տնտեսական ու ներդրումային ծրագրեր։ Բայց դրանք այսօր չկան։ Հույս չկա, որ առաջիկայում ևս կլինեն, քանի դեռ տնտեսությունն այս վիճակին հասցրած իշխանությունը մտադիր չէ իր հեռանալով՝ փոխել երկրում ստեղծված մթնոլորտը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ