Բաժիններ՝

Կա՛մ իշխանությունը փոխում է իր վարքագիծը, կա՛մ իշխանությունը փոխվում է, և նոր իշխանությունն է կարողանում դա անել. Տնտեսագետ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը. Հայաստանում բարձր գնաճ է, թանկացել է հատկապես սննդամթերքը։ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%, միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 6,4 տոկոս։ Եթե սրան հավելում ենք նաև 2021թ․ հիմնական մարտահրավերները՝ պատերազմի ու կորոնավիրուսի թողած երկարատև սոցիալ-տնտեսական հետևանքները, էներգակիրների գների աճը ու նաև պարտքային բեռի անխուսափելի ավելացումը, ապա կարող ենք փաստել, որ տնտեսության մեջ սպասումները շարունակում են մնալ բացասական:

«Ճգնաժամի ամենավատ պահը հաղթահարել ենք, բայց դեռ պարզ չէ՝ ինչ վիճակում ենք հիմա, որովհետև պարզ չէ, թե մենք այս փուլում դուրս ենք գալիս դեպի տնտեսական վերականգնո՞ւմ, թե՞ ուղղակի տնտեսական կոլապսի վիճակից դուրս ենք գալիս, բայց նորմալիզացում էլ չկա»,- 168.am-ի հետ զրույցում այսպես բնորոշեց առկա տնտեսական իրավիճակը տնտեսագետ, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը:

Նա այս փուլում սպասումների մասին հիմնական միտումները ձևակերպում է՝ «Աճը կվերականգնվի՞, թե՞ մենք ուղղակի դանդաղ նվազման փուլում ենք լինելու» հարցադրմամբ:

Անդրադառնալով պարտքի աճին, նոր պարտատոմսերի թողարկման վերջին հրապարակումներին և պատասխանելով հարցադրմանը, թե սա լրացուցիչ ճնշում չէ՞ մեր տնտեսական համակարգի վրա՝ տնտեսագետը նկատեց.

«Պարտքի աճը, իհարկե, պրոբլեմատիկ խնդիր է. մի կողմից՝ պարտքի աճից խուսափել հնարավոր չի լինի, մյուս կողմից՝ ուրիշ հարց է, թե որտեղ են այս գումարները ծախսվելու:

Եթե իշխանությունն ուզում է նոր պարտք վերցնել, որպեսզի մեծացնի որոշ սոցիալական ծախսերը և դրանով իր վարկանիշը բարձրացնի, ապա սա շատ անպատասխանատու վարեվալակերպ է: Եթե, ամեն դեպքում, կա ցանկություն ինչ-որ ներդրումներ անել, ապա այս ծախսի աճը նույնիսկ ավելի արդարացված է»:

Մեր զրուցակիցը, այդուհանդերձ, շեշտում է. «Մեզ պետք է պատասխանատու մակրոտնտեսական քաղաքականություն, որովհետև հիմա մեծ ծախսերը զգալի մասով միտված են իշխանության վարկանիշի պահպանմանը, և պետք է ձգտել նրան, որ այդ ծախսերը նվազեցվեն, որպեսզի ռեսուրսներն արդյունավետ օգտագործվեն, և այստեղ խոսքը ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, այլ այն մասին, թե ինչ ծրագրերի վրա է ծախսվում այդ գումարը, ամբողջ բյուջեն:

Օրինակ, մենք տեսանք շատ անարդյունավետ ծախս Հայաստան հիմնադրամում՝ այդ թվում կար հրապարակում, որ 50 միլիոն դոլարի չափով ծախսվել է դրամի փոխարժեքի պահպանման վրա: Եթե նման ծախս է արվել, սա սմբողջությամբ անարդյունավետ ծախս է, և սա ևս միտված է իշխանության պահպանմանը»:

Հայաստանում առկա գնաճին, թանկացումներին անդրադառնալով՝ տնտեսագետը նշում է, որ դրանք երկարատև են լինելու, իսկ բուն Արցախյան պատերազմի հետևանքով կորուստների (հացահատիկների դաշտեր, այգիներ, ՀԷԿ-եր, որոնք անցել են թշնամու վերահսկողության տակ) ուղղակի ազդեցությունը տնտեսության վրա ավելի զգալի կլինի ամռանը:

Ընդհանուր առմամբ, տնտեսագետն իրավիճակից ելքը պայմանավորում է քաղաքականության փոփոխությամբ. «Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը չի կարող լուծել վիճակը, չի կարող հայության ռեսուրսներն օգտագործել: Այսինքն՝ գլխավոր խնդիրը հայության ամբողջ ռեսուրսը համախմբելն է հիմա: Այս իշխանությունը բաժանարար գծեր է ստեղծում, չի կարողանում դա օգտագործել, և գուցե և չի ուզում. օրինակ՝ նախագահն ասում է, որ իր կարողությունները հինգից տասը տոկոսով են օգտագործվում և ոչ ավելի:

Այսպիսով, զգալի մասով այստեղ ելքերը քաղաքական են. կա՛մ իշխանությունն ամբողջության փոխում է իր վարքագիծը և համախմբում է հայության ռեսուրսները, և Հայաստանի վերականգնման գործընթաց է սկսում, այլ ոչ թե ներքին պայքար, կա՛մ իշխանությունը փոխվում է, և նոր իշխանությունը կարողանում է դա անել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս