Անորոշ հնարավորությունների և պետական բյուջեի պակասուրդի արանքում. Որո՞նք են եվրոբոնդերի թողարկման պատճառները

Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում, որով ներգրավվել է 750 մլն դոլարի պարտատոմս։ Այս մասին կառավարության փետրվարի 4-ի նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ էության, ճանապարհ ենք բացել, որպեսզի մասնավոր ընկերությունները նույնպես թողարկեն պարտատոմսեր և ֆինանսական միջոցներ ներգրավեն»,- նշել էր նա:

Ակնհայտ ռիսկային գործընթացները դրական լույսի ներքո ներկայացնելու քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության համար նոր չէ, կառավարությունը օքսիմորոնների վարպետ է. Հաղթելով՝ պարտվել, հպարտ, բայց անտեսված լինել, լինել ժողովրդավար, բայց հակաժողովրդական քայլերի գնալ…ահա հենց այսպես՝ խոսքի մեկ հարվածով, քաղաքացու ուսերին բարձվող հերթական պարտքը որակվում է նոր հնարավորություն:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում հանրամատչելի կերպով ձևակերպել է եվրոբոնդերի ողջ էությունը. «Իբր թե վերակառուցում են անում մեր պարտքային պարտավորությունները, որն ավելի մեծ պարտքային ինստիտուտի մեջ է մեզ նետում:

Ես հասկանում եմ, որ ընդհանրապես բազմաթիվ երկրներ կան, որոնք պետական պարտքի կտրվածքով ունեն ավելի մեծ ցուցանիշներ, բայց, բոլոր դեպքերում, նրանց մոտ խնդիր չկա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պարտքային ռեսուրսները նրանք օգտագործում են արդյունավետ ու տեղին:

ՀՀ–ում պարտքային պարտավորությունները ձևավորվում են բացառապես ընթացիկ ծախսերի իրականացման համար՝ կապիտալ ծախսերը թողնելով զրոյական վիճակում: Դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ 170 միլիոն դոլարի չափ փող հավաքվեց պատերազմի համար, այդ թվում նաև՝ ճնշող մեծամասնությունը՝ սփյուռքից, և այդ փողից գողացվեց-տարվեց պետբյուջե ընթացիկ ծախսեր իրականացնելու համար: Եվ ընդհանրապես, այս կոլապսային իրավիճակում անընդհատ շարունակաբար պարտքային պարտավորությունը մեծանում է Հայաստանի Հանրապետության համար»:

Նկատենք՝ մինչ վարչապետի հայտարարությունները, եվրոբոնդերի թեման անհասկանալիորեն չէր հանրայնացվում, մինչդեռ դրա մասին տեղեկությունն արդեն տեղադրվել էր հունվարի 27-ին Գլոբալ Կապիտալ հարթակում։ 

168.am-ը փետրվարի 1-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ խնդրելով պարզաբանել 750 միլիոն դոլարի նոր՝ 10 տարի ժամկետով թողարկված պարտատոմսերին առնչվող մի քանի հարցեր:

Հարցման պատասխանները ստացանք Կառավարության հայտնի նիստից հետո միայն՝ ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյանից:

Ինչո՞ւ այս մասին չկա որևէ պաշտոնական տեղեկություն՝ մեր հարցին ի պատասխան՝ նախարարությունից նշել են. «Հարցումը ստանալու ամսաթվի դրությամբ նոր պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման գործընթացն ամբողջությամբ չէր ավարտվել: Այդ պատճառով էլ թողարկման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել: Բացի այդ, տեղեկացնում ենք, որ միջազգային կապիտալի շուկայում պարտատոմսերի թողարկումը խիստ կանոնակարգված գործընթաց է, իրականացվում է տարբեր երկրների ազգային օրենսդրությանը և միջազգային կանոնակարգերի համաձայն, որոնք որոշակի ժամանակային սահմանափակումներ են նախատեսում թողարկման վերաբերյալ թողարկողի կողմից հայտարարություններ տարածելու առնչությամբ»:

Ստացվում է՝ միջազգային տնտեսական տեղեկատվական հարթակը՝ Գլոբալ Կապիտալը, երբ հունվարի 27-ին գրում էր, թե Հայաստանը երեքշաբթի օրը վաճառել է 750 միլիոն դոլարի նոր պարտատոմս, լուրը ստացել էր օդից, քանի որ նախարարության պնդմամբ՝ հարցումը ստանալու ամսաթվի դրությամբ՝փետրվարի 1-ին, նոր պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման գործընթացն ամբողջությամբ չէր ավարտվել:

Մնացյալ հարցադրումներն ու պատասխանները՝ ստորև.

«Հարց 2. Որո՞նք են այս խոշոր գումարի ներգրավման պատճառները:

Պատասխան. Պետական արտարժութային պարտատոմսերի թողարկումն իրականացվել է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորման նպատակով: Պետական բյուջեի պակասուրդը բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումն է: Ինչպես նախորդ բոլոր տարիների, այնպես էլ 2021 թվականի պետական բյուջեն կազմվել է պակասուրդով, որի ֆինանսավորման աղբյուրներից մեկն էլ նախատեսված է պետական արտարժութային պարտատոմսերի թողարկումից մուտքը: Պետական արտարժութային պարտատոմսերի թողարկումը նախատեսված է նաև 2021 թվականի փոխառությունների ծրագրով, որը 2020 թվականի դեկտեմբեր ամսին հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:

Հարց 3. Ինչպե՞ս եք պատկերացնում այդ եվրոբոնդերի տեղաբաշխումը. որո՞նք են տեղաբաշխման երաշխիքները՝ հաշվի առնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, և ովքե՞ր են պոտենցիալ գնորդները:

Պատասխան. Տեղաբաշխման երաշխիքը տնտեսական զարգացման հեռանկարն է, իրականացվող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների սահուն իրականացումը՝ հաշվի առնելով թվարկված գործոնների առնչությամբ պոտենցիալ ներդրողների սպասումները, որոնք կարող են խարսխված լինել COVID-19 համավարակի և վերջին պատերազմական գործողությունների վրա: Թիրախավորված պոտենցիալ ներդրողների շրջանակը միջազգային կապիտալի շուկայում բարձր որակավորում ունեցող ինստիտուցիոնալ ներդրողներն են:

Հարց 4. Հավաքագրված միջոցները ո՞ր ուղղությամբ են ծախսվելու:

Պատասխան. Պետական արտարժութային պարտատոմսերի թողարկումից մուտքերն օգտագործվելու են պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ամփոփելով՝ նշենք, որ 2021 թվականին նախատեսված պետական արտարժութային պարտատոմսերի թողարկումը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թվով 4-րդն է, որը կազմակերպվում է ճիշտ նույն ձևաչափով և կարգավորումներով, ինչպես որ իրականացվել են 2013, 2015, 2019 թվականների թողարկումները: Իսկ, մասնավորապես, 2015 թվականի թողարկման իրականացումից հետո, «168 Ժամ» թերթի խմբագրակազմին մանրամասն պարզաբանումներ են ներկայացվել այս պարտատոմսերի թողարկման կազմակերպման ամբողջ գործընթացի վերաբերյալ»:

Տեսանյութեր

Լրահոս