«Իրանցիներն առայժմ վերլուծական շրջանակների մակարդակով արծարծում են մեկ այլ միջանցքի խնդիր, որը կանցնի Նախիջևանի հյուսիսային հատվածով». Վարդան Ոսկանյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Նախիջևանի միջանցքից» կարող են օգտվել՝ ինչպես Թուրքիան և Ռուսաստանը, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունը։

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հունվարի 7-ին մեկնաբանել էր Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների՝ Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ:

«Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,- նշել էր Փաշինյանի խոսնակը:

Ի դեպ, փորձագետները բազմիցս են նշել, որ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելը մահացու կլինի Հայաստանի համար, այդ միջանցքը վերջնականապես երկիրը չորս կողմից շրջափակման մեջ կգցի, ավելին՝ մինչև այժմ Հայաստանն անվտանգ և առանց արգելքի իր բեռները հասցրել է Ռուսաստան և Իրան։

168.amի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, նկատեց՝ պետք է նախ հասկանալ՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է նման ճանապարհ տրամադրել Հայաստանին։

«Չափազանց կարևոր է հասկանալ, թշնամական պետությունը, որի հետ մենք փաստացի պատերազմի մեջ ենք գտնվում, արդյո՞ք պատրաստ է Հայաստանին այդ ճանապարհները տրամադրել, և եթե պատրաստ է՝ ի՞նչ պայմաններով, ամեն ինչ պետք է հստակեցվի, որպեսզի հասկանանք, դա որքանով է մեզ ձեռնտու»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Անդրադառնալով ըստ Ալիևի գծագրված «Նախիջևանի միջանցքի» վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշումներին՝ Վարդան Ոսկանյանն ասաց, որ իրանցիները չափազանց անհանգստացած են Մեղրիի տարածաշրջանով Նախիջևանն Ադրբեջանին կապելու հաղորդակցության միջոցների ստեղծմամբ։

«Նախ և առաջ՝ այդ ամենը չի բխում Իրանի շահերից, և իրանցիները վտանգ են տեսնում այդ համատեքստում։ Իրանը Հայաստանի հետ ցամաքային կապը համարում է  այլընտրանք ադրբեջանաթուրքական տարբերակներին։ Սրա հետ կապված ամենատարբեր հայտարարություններ են եղել Իրանի ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների շուրթերից։ Հետևաբար՝ իրանցիները փորձելով ինչ-որ առումով նաև կառավարել այդ գործընթացը՝ առայժմ վերլուծական շրջանակների մակարդակով արծարծում են մեկ այլ միջանցքի խնդիր, որը կանցնի Նախիջևանի հյուսիսային հատվածով՝ մոտավորապես այն կետով, որտեղ հատվում են Իրանի, Թուրքիայի և Նախիջևանի սահմանները՝ Սադարակի շրջանի հատվածում, և որը կապ կապահովի Հայաստանի և Իրանի միջև։ Խնդիրը շատ բազմակողմ է, և հայտարարությունները, որոնք  իրենց մեջ չեն պարունակում հստակություն, կարծում եմ՝ լրջորեն պետք է քննարկվեն լայն շրջանակի հետ, որից հետո միայն որոշումներ կայացնեն»,- հավելեց Վ. Ոսկանյանը։

Ըստ իրանագետի՝ որևէ մեկը ոտքի վրա չի կարող արագ հաշվարկել այդ ճանապարհների օգտագործման առավելությունները և թերությունները։ Սակայն այստեղ կարևորագույն խնդիրը Հայաստանի անվտանգության հարցն է, և այժմ հստակ չէ, թե այդ ճանապարհներն ինչպիսի անվտանգային ռիսկեր կարող են պարունակել։ Նաև՝ արդյո՞ք այդ ճանապարհներն Ադրբեջանը չի դարձնի լրացուցիչ գործիք՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու առումով, այս բոլոր հարցերի հետ կապված որևէ քննարկում չի ընթանում։

«Կարծում եմ՝ բազմակողմ ու բազմաշերտ ծրագիր պետք է ներկայացվի, որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, միայն ոտքի վրա հայտարարություններով նման խնդիր արծարծելը, չեմ կարծում, որ բխում է մեր պետության շահերից։

Նշեմ, որ Իրանը մեր գործընկեր պետությունն է, և Իրանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում ունեն կենսական նշանակություն։ Կարծում եմ՝ եթե խնդիր կա մեր ճանապարհներն ավելի հարմարավետ դարձնելու համար, պետք է անդրադարձ կատարվի Հյուսիս-Հարավի շինարարությանը, որն ըստ էության ունի կենսական նշանակություն, և մեր պետությունը կարող է այդ ճանապարհն օգտագործելու դեպքում դառնալ տարանցիկ երկիր Իրանի և սևծովյան տարածաշրջանի միջև։ Հետևաբար՝ պետք է քննարկվեն բոլոր այլընտրանքները, նույնիսկ Խորհրդային Միության տարիներին Նախիջևանի տարածքով մարդատար գնացքներն ունենում էին խնդիրներ՝ կապված տեղի բնակչության վերաբերմունքի հետ։ Ադրբեջանի հետ ստորագրվել է զուտ հրադադարի մասին հայտարարություն, և Ադրբեջանի կողմի հայտարարությունները՝ ուղղված Հայաստանին, իրենց մեջ պարունակում են ագրեսիայի զգալի տարրեր։ Ժամանակից առաջ ընկելն ու այդ խնդիրներն արծարծելը, կարծում եմ՝ արդիական չեն, եթե միտված չեն պոպուլիստական հայտարարություններով ինչ-որ միավորներ հավաքելուն»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս