«Բա թող զբաղվեն այն հարցով, որ օգնություն եմ ուզել, բայց ինձ ոչ մեկը չի եկել օգնության». Պատերազմի մասնակիցն ուշագրավ մանրամասներ է հայտնում
«Մեր ջոկատը եղել է 24 հոգի: Եղել ենք քիմիկների հետ՝ ավտոբուսների մեջ նստած: Անցել ենք 3 պոստ, ու մեզ չեն զգուշացրել (իրենք պոստ են կանգնում ու չեն ասում), որ դիմացներս թուրք է լինելու: Մենք գնում էինք սովորականի պես գործողություն կատարելու՝ իմանալով, որ էնտեղ կարող է լինի թուրք, բայց 10-20 հոգի (ու դա մեզ ասում են 100 տոկոսանոց տվյալ), ու մենք հասնում ենք այնտեղ, էդ 10-ը դառնում է 500, ու մնում ենք շրջափակման մեջ»,- Էջմիածնում անհայտ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ պատմեց նույն պատերազմի մասնակից կամավորական Դավիթ Կատանյանը:
Նա նշեց նաև, որ իրենց հետ մեկ այլ ավտոբուսի մեջ եղել է նաև հարազատ եղբայրը, որին կորցրել է արդեն մարտական գործողության ժամանակ:
Հարցին, թե իրենք զրահաբաճկոններ ունեցե՞լ են, Դավիթ Կատանյանը պատասխանեց. «Մենք՝ այո, բայց քիմիկները՝ ոչ, անգամ քիմիկների մագազինները դատարկ են եղել, դեռ լիցքավորված չի եղել, որովհետև չեն սպասել, որ կարող է հարձակման մեջ մնան»:
Դավիթ Կատանյանը պատմեց, որ հրաշքով է փրկվել. «Մենք կիրի հանքից դուրս ենք եկել ողջ-առողջ, հանդիպել ենք գրադի անձնակազմին, ու հրետանավորներն ասում էին՝ այնտեղ պիտի մարդ չգնար, մենք պիտի հրետակոծեինք: Բանից դուրս է գալիս, որ մենք այնտեղ չպիտի լինեինք, բայց գնացել ենք»:
Կոնկրետ գործողությունը ղեկավարած գեներալը, ըստ պատերազմի մասնակցի, գեներալ Անդրանիկ Մակարյանն է եղել:
Նա հավելեց, որ քիմիկներին չի ճանաչում. «Մենք իրենց հետ գնացել էինք, որ ռազվեդկան անեինք՝ գանք, իրենք մեր թիկունքը պահեին, բայց լրիվ հակառակն է լինում՝ մենք բոլորս ընկնում ենք շրջափակման մեջ»:
Դավիթ Կատանյանը նշեց նաև, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, թեև ունի 2500-անոց աշխատակազմ, սակայն որևէ պատասխան չեն տալիս իրենց հարցերին:
Անդրադառնալով մարտական գործողությունների մանրամասներին՝ նա տեղեկացրեց. «Հրամանատար ես չեմ ունեցել: Մերը կոնկրետ առաջնագծի բոյ չի եղել, մենք խրամատ չենք ունեցել. առաջնագիծը համարվում է այն, որ ունես խրամատ, թաքնվելու տեղ, բայց մենք չենք ունեցել, մենք անակնկալ դուրս ենք եկել ու մնացել ենք մարտի մեջ»:
Հարցին, թե հրամանատարական սխալի՞ պատճառով, պատասխանեց. «Դե՝ բնականից. հրաման ենք, չէ՞, կատարել,- ապա հավելեց,- Կոնկրետ ես Զանգելանից կապվել եմ Ղափանի բրիգադ՝ ասելով՝ շրջափակում ա, վիրավոր, զոհ ունեմ իմ կողքը, օգնություն ուղարկեք, չի եկել»:
Նա պատմեց, որ իրեն հիմա Ռազմական ոստիկանությունում պետք է պատասխանատվության ենթարկեն՝ որպես դասալիք. «Այդ զորամասից իմ գործերն ուղարկում են նախարարություն, ուղարկում են Ռազմական ոստիկանություն, որ ինձ՝ որպես դասալիք, պատասխանատվության ենթարկեն, որ Ջաբրայիլից՝ ռմբակոծության տակից, հասցրել եմ ողջ մնալ, հետ եմ քաշվել։
Բա թող զբաղվեն այն հարցով, որ օգնություն եմ ուզել, բայց ինձ ոչ մեկը չի եկել օգնության, ինչի՞ չեն զբաղվում, թե՞ պիտի անպայման մեզ ուղարկեն ռազմական, որ մենք զբաղվենք մեր հարցերով, էդ հարցերով չդիմե՞նք պետությանը:
Էս պետության համար ափսոսում եմ, որ գնացել եմ ես պատերազմի, ուրիշ ոչ մի բան չեմ ասի, զուտ գնացել եմ 18 տարեկան երեխեքի համար, դրանով եմ ուզում հույս տամ ինձ հիմա, ոչ թե պետության. սա պետություն չի համարվում»:
Հիշեցնենք՝ առավոտից անհետ կորած 34 զինծառայողների հարազատները կրկին հավաքվել էին Էջմիածնի զորամասի դիմաց՝ հույսով, որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, խոստումի համաձայն, կգա և տեղեկություններ կփոխանցի որոնողական աշխատանքների վերաբերյալ: