«Ժողովո՛ւրդ ջան, էս գեներալներին մի՛ տվեք ձեր երեխեքին՝ տանեն-սպանեն». Անհայտ կորած զինծառայողի ծնող
Անհետ կորած 34 զինծառայողների հարազատները կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են։ Նրանք սպասում են Պաշտպանության նախարարության ներկայացուցչին: Լրագրողի հարցին, թե ինչ տեղեկություն պետք է փոխանցեն՝ անհետ կորած զինծառայողի կինը՝ Մանյա Մելոյանը, պատասխանեց. «Այսօր սպասում ենք, որպեսզի գան ՊՆ-ից և Մուրադովի հայտնած տեղեկությունը մեզ փոխանցեն՝ մեր հարցի վերաբերյալ»:
Նշենք, որ այդ հարցը Զանգելանի շրջանի որոնողական աշխատանքներին է վերաբերում. «Երկու օր առաջ գնացիք ՊՆ, հենց դա էր փոխանցվել, որ, այո՛, կգան, որոնողական աշխատանքները կսկսվեն: Մինչև ժամը 2-ը մնացել ենք ՊՆ-ում, մեզ ասեցին՝ դուք մի եկեք, մենք կգանք և Մուրադովից ստացված տեղեկությունը ձեզ կհայտնենք: Հիմա մենք սպասում ենք իրենց»։
Հստակ ժամ ասե՞լ են՝ հարցին ի պատասխան էլ՝ նշեց. «Ասեցին՝ 11-ին. դե հիմա իրենք սովոր են սպասեցնել, տեսնենք՝ ինչքանով են հարգում»:
Արդյոք հստակ պատասխաններ ստանալու հույսեր կա՞ն՝ լրագրողի դիտարկմանն էլ Մանյա Մելոյանն արձագանքեց. «50 օրվա մեջ ոչ մի իր խոսքը հարգող սպայական կազմի չենք հանդիպել, հույսը մեր այն է, որ մեր տղաները կան: Իրենց հետ կապված հույս չունենք ու սպասելիք չունենք»:
Զինծառայողների ծնողներից մեկը զանգահարեց որոնողական աշխատանքներ իրականացնող ռուս խաղաղապահներից մեկին՝ ճշտելու, թե ո՞ր տարածքներում են այսօր իրականացվում որոնողական աշխատանքները:
Խաղաղապահը մասնավորապես հայտնեց. «Այսօր երկու խումբ որոնում է, Հադրութում է, հերթում են՝ Ջաբրայիլի, Զանգելանի և Ֆիզուլիի շրջանները»:
Նա հաստատեց տեղեկությունը, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են մեծ խմբով, որին մասնակցում են երկու պետությունների ներկայացուցիչներ, ականազերծման մասնագետներ: Անհայտ կորած զինծառայողի մոր հարցին, թե արդյո՞ք իրենց հրամանատարը (նկատի ունի Էջմիածնի զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին) ևս պետք է մասնակցի այդ աշխատանքներին, ռուս խաղաղապահը պատասխանեց. «Չեմ կարող զեկուցել»:
Իսկ թե կոնկրետ Զանգելանի հատվածում երբ կսկսվեն որոնողական աշխատանքները. այս հարցին ի պատասխան էլ՝ տեղեկացրեց. «Գուցե վաղը, գուցե մյուս օրը»:
Զրույցի վերջում անհայտ կորածի մայրը նկատեց. «Մենք, 52 օր է, սպասում ենք, էլի կսպասենք, բայց թող մեր հրամանատարը լինի: Մենք՝ ծնողներս, արդեն չենք դիմանում, արդեն ամեն մեկս էնքան դեղ ենք խմել, որ դեղերը մեզ չեն օգնում: Չգիտե՛մ, թող պետությունը մտածի մեր երեխաների մասին»:
Ծնողների հետ հանդիպման դուրս եկավ նաև հիշյալ հրամանատարը՝ Արսեն Աբգարյանը: Հավաքվածների հորդորներին, թե՝ գնա Զանգելան, նա ասաց.
«Գնում եմ, ես գնում եմ Զանգելան: Գնում եմ Ղափան ուղղության ղեկավարին տեսնեմ, թե ոնց են ինձ թույլատրում: Պետք է թույլտվություն տան ինձ իրենց հետ մտնելու, ես մտնելու եմ, պարզ ասում եմ»:
Հարցին, թե քո թույլատրողն ո՞վ է, նա պատասխանեց. «Կարմիր Խաչը, որ ասի՝ հետս արի, գնալու եմ մտնեմ»:
«Ներվերս չի հերիքում, ախպոր պես, չտեսնեմ քեզ ստեղ…»,- արձագանքեց անհայտ կորած զինծառայողներից մեկի հայրը:
Մեկ այլ ծնող էլ դիմելով հրամանատարին՝ նշեց.
«Չոբան գեներալ-լեյտենանտդ ասում է՝ մենք իմացանք, որ տղաներն այնտեղ զասադի մեջ են ընկել, բոյի մեջ են, երեք ժամ բոյ է տալիս սալդատը: Ասում ենք՝ պարոն գեներալ-լեյտենանտ, ինչի՞ դու չգնացիր, ասում է՝ ես որ գնայի, ինձ էլ կխփեին: Բա դու ո՞վ ես, արա՛, 18 տարեկան զինվորը գնում է, 11 հոգի փրկում է, ինքը զոհվում է:
Երեկ իմ երեք տարեկան թոռին (տվյալ իմ տղու, որն էնտեղ է) հարցնում եմ՝ ախպե՛ր, քեզ ի՞նչ առնեմ, ասում է՝ պապի ջան, ինձ ավտոմատ առ, գնամ պապայիս հետ թուրքերին կրակեմ, բայց գեներալն ասում է՝ ես գնայի, ինձի կխփեին: Բա գեներալ, ինչի՞ համար ես, ի՞նչ գեներալ:
Ես պաշտպանության նախարարին եմ ասում, որ նման գեներալների պագոնները պոկեք, գցեք զիբիլանոցը: Ժողովո՛ւրդ ջան, էս գեներալներին մի՛ տվեք ձեր երեխեքին՝ տանեն-սպանեն, տանեն տան թուրքի բերանը, իրենք փախնեն, մի՛ տվեք: Ավելի լավ է, գնան երկու տարի նստեն՝ բանակ չգնան. ի՞նչ բանակ, չոբաննե՛ր: Գեներալ-լեյտենանտը չոբան է, իր նմանին տվեցին երեխեքին ձեռը, տարավ կորցրեց…»: