«Էդ երեք անչափահաս երեխի երեսին ես ո՞նց եմ նայելու». անհայտ կորած զինծառայողի ծնողը քաշքշեց հրամանատարին

«Ես մինչև վերջին պահը եղել եմ իմ զինվորականների մեջ, ես իրենց հետ միասին այդ նույն տերիտորիայի մեջ եմ ընկել՝ շրջափակման մեջ: Երկու օր հետո  22 զինծառայողների հետ միասին կարողացել ենք փրկվել ու դուրս գալ»,- Էջմիածնի զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն այսպես արձագանքեց այն անհայտ կորած զինծառայողների հարազատների քննադատություններին, որոնք պնդում էին, թե ինքն իր զինվորականներին լքել է մարտի դաշտում:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ չեն կարողացել օգնություն ցույց տալ մյուս զինվորներին, նա պատասխանեց.

«Որովհետև հանկարծակիի ենք բռնվել թշնամու հետ մարտի. մարտ ենք տվել, ով հասցրել է փրկվել՝ փրկվել է: Ով չի կարողացել փրկվի, կամ գերի է ընկել, կամ փախել է»:

Ըստ նրա՝ այդ պահին որոնողական աշխատանքներ իրականացնել հնարավոր չի եղել. «Որովհետև փախուստ է եղել, շրջափակման մեջ անկանոն կռիվ է սկսվել»:

«Կարմիր Խաչը երեկվանից սկսել է աշխատանքներ իրականացնել, հենց Զանգիլար շրջանում: Հիմա բանակցություններ են իրար հետ վարում, որ յուրաքանչյուր տեղ որոնողական աշխատանքներ իրականացնեն.  այսինքն՝ զինվորն անմիջապես հենց այդ տեղում չի կարող լինել, կամ փախել է ինչ-որ մի տեղ,  կամ պադվալում, փնտրում են, որոնողական աշխատանքներ են իրականացնում, ես մեկնում եմ այնտեղ, եթե թույլ տան՝ ես մտնեմ-մասնակցեմ իրենց հետ մասին»,- հավելեց Արսեն Աբգարյանը:

Նա հաստատեց այդ հատվածից հակառակորդի մոտ գերիների մասին տեղեկությունները՝ նկատելով.

«Թշնամու կողմից հրապարակված տեսանյութերում են երևում, բայց թիվը չեմ կարող ասել՝ քանի հոգի են»:

Մի՞թե չէիք կարող ավելի արագացված կատարել աշխատանքները հարցին էլ ի պատասխան՝ նշեց. «Հակառակորդի հետ միշտ եղել են բանակցություններ, առանց հակառակորդի հետ համաձայնության գալու (այդ տարածքը հիմա հակառակորդի վերահսկողության տակ է)` ոչ մեկը չի կարող մտնել այդ տարածք:

Կարմիր խաչը միշտ բանակցել է, նախարարությունը բանակցել է, հիմա թույլտվությունը ստացել են, երեկվանից սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել  այդ տարածքում:

Ծնողներից մեկը հուզված արձագանքեց Արսեն Աբգարյանի բացատրություններին. «Ոչխարի պես տարաք երեխեքին բրախեցիր, թողիր-փախար»:

«Ես չեմ փախել, ես երկու օր մնացել եմ նույն շրջափակման մեջ»,- հակադարձեց զորամասի հրամանատարը:

Զինծառայողի հայրը պատասխանեց, ապա քաշքշեց հրամանատարին. «Թողել փախել ես, չես մնացել. իմ երեխային դո՛ւ ես տարել, գնա՛ իմ երեխիս, էսքան ծնողի երեխեքին բե՛ր տուր: Կտամ-կսպանեմ, ես ոչ դատվելուց եմ վախենում, ոչ էլ մեռնելուց եմ վախենում. անգրագետներ:

Երեք անչափահաս երեխեքը տունը՝ ասում են՝ պապի՛, պապան ե՞րբ է գալու: 3, 5, 7 տարեկան, մինչև գիշերվա երեքը չեն քնում:

Ամսի 8-ին ժամը 2-ին Երևանից  նախարարությունից եկել-հասել եմ տուն, երեխեքը երեք–երեք նստած են եղել, չեն քնում, էդ երեք անչափահաս երեխի երեսին ես ո՞նց եմ նայելու: Ի՞նչ անեմ, դե ասե՛ք:

Ինձ համար հաճելի՞ է գամ էստեղ օրական ջղայնանամ, գնամ նախարարություն՝ ջղայնանամ: Ես կտամ իրեն կսպանեմ»:

Անհետ կորած զինծառայողի մեկ ուրիշ ծնող էլ նշեց. «Սուսուփուս հավաքեցին տարան ու հիմա մատները մատներին չեն տալիս, ի՞նչ եք մեզ խաբում ամեն անգամ»:

Հիշեցնենք, առավոտից անհետ կորած 34 զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են Էջմիածնի զորամասի դիմաց՝ հույսով, որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, խոստումի համաձայն, կգա և տեղեկություններ կփոխանցի որոնողական աշխատանքների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս