Ոստիկանները 10-ից ավելի գողության դեպք են բացահայտել, այդ թվում՝ հեծանիվների
Սեպտեմբերի 23-ին ոստիկանությունում մեկ ժամ տարբերությամբ գողությունների վերաբերյալ ահազանգեր ստացվեցին։ Մայրաքաղաքի Կողբացու և Հանրապետության փողոցներից գողացել էին 4 հեծանիվ։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Ոստիկանները պարզեցին, որ գողությունները կատարել է նույն անձը։
Բացահայտման աշխատանքները շարունակվում էին, սակայն սեպտեմբերին ու հոկտեմբերին ստացվեցին մայրաքաղաքում կատարված գողությունների վերաբերյալ ևս 6 ահազանգ։
Տարբեր վայրերից հափշտակել էին հեծանիվներ, անվադողեր, կենցաղային իրեր։ Ոստիկանների վարկածը, որ սրանք նույնպես նույն անձի ձեռքի գործն են, հաստատվեց։
Ճշտվեց կասկածյալի ինքնությունը, և նոյեմբերի 26-ին Երևանի 23-ամյա բնակիչը, գողություններ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Կատարվում է քննություն։