«Կոռուպցիայի մեջ կարելի է մեղադրել նույնիսկ գերեզմաններում մահացած մարդկանց». Վարդան Ղուկասյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի հասկանում, թե իշխանություններն ինչու են թերահավատորեն վերաբերվում ԲՀԿ-ի՝ մեծ հանրահավաք անցկացնելուն:

«Մեկ բան հաստատ կարող եմ ասել, եթե շատ մարդիկ մտածում են, որ իրենք այնքան բան են արել ազգի համար, որ այսօր ժողովուրդը հենց դրա համար է իրենց ձայն տվել՝ չարաչար սխալվում են: Նախկին իշխանությունների վատ աշխատանքի կապակցությամբ են իրենց ձայն տվել: Թող գիտենան, որ ժողովուրդն իրենցից շատ բան է սպասում: Իրենց տված խոստումներից արդեն անցել է երկու տարի՝ չեն կատարել: Դրա համար բոլորս, ես էլ եմ ձայն տվել և շատ լուրջ մասնակցություն եմ ունեցել, սպասում ենք այն խոստումներին, որ ժողովրդի ապրելու պայմանները պետք է լավանան, աշխատատեղեր ստեղծվեն, այս լոմբարդային իրավիճակը, որի պատճառով մտնում են մարդկանց գրպանները, փոխվեն: Դրա համար մենք սպասում ենք, թե իշխանությունը երբ պետք է հստակ քայլեր անի»,- խորհրդարաանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:

Դիտարկմանը՝ հունիսին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարության 100 տոկոսանոց հրաժարական էր պահանջում, բայց այսօր նրա հռետորաբանությունը փոխվել է, և դրա մասին կարծես չի հիշատակում, Վարդան Ղուկասյանը նկատեց՝ Գագիկ Ծառուկյանն ինչ ասում է, իր խոսքերի տերն է:

«Այն ինչ անում է Ծառուկյանը, մենք բոլորս տեսնում ենք, նա հանդիպումներ  է անցկացնում, ասում է, որ այստեղ այսպես չի կարելի աշխատել, այսպես պետք է աշխատել: Մարդը լուծումներ է տալիս ու ասում է՝ այս խնդրի լուծումը սա է, նա միայն չի քննադատում: Ասում է՝ անփորձ երիտասարդներ են իշխանության, ճիշտ է ասում, ես էլ եմ համաձայն, նրանք պատահական եկել՝ նախարար են դարձել, օրինակ՝ դրան ես էլ եմ դեմ»,- հավելեց Վարդան Ղուկասյանը:

Նրա կարծիքով՝ իշխանությունները միայն մի բան են սովորել ու անընդհատ ասում են՝ կոռուպցիա, կոռուպցիա, որի համար բոլորին կարող են մեղադրել՝ վերից վար:
«Դրա համար կարելի է մեղադրել նույնիսկ պապերին, գերեզմաններում մահացած մարդկանց: Ընդհանրապես բռնել տալով, ասֆալտին փռելով՝ երկիր չեն կառուցի, պետք է ապրեն ու ապրեցնեն»,- շեշտեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս