Նման բան չկա, սա ապատեղեկատվություն է. Սարիգյուղի ղեկավարը՝ մազերը դեղին ներկած, եղունգներին կարմիր լաք ունեցող աշխատակցի մասին
Սեպտեմբերի 8-ից Ֆեյսբուքում տեղեկություն է շրջանառվում այն մասին, թե Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի մշակույթի բաժնում աշխատելու են հրավիրել մեկի, ում մազերը դեղին են ներկած, եղունգներին կարմիր լաք կա:
«…Սույն անսեռ երևույթին հրավիրել են Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի մշակույթի բաժնում աշխատելու: Ինձ պարզապես փորձեք բացատրել: Ի՞նչ գործ ունի մազերը դեղին ներկած, կարմիր մանիկյուրով սույն եսիմինչը մեր մշակույթի հետ»,- գրել է օգտատերը:
Սարիգյուղ համայնքի ղեկավար Սեյրան Սարիբեկյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ ասելով.
«Նման բան չկա, սա ապատեղեկատվություն է: Գրել եմ նաև օգտատերերից մեկին՝ հասկանալու, թե այս ինֆորմացիայի աղբյուրը որտեղի՞ց է: Մենք մշակույթի բաժին չունենք, ընդամենը մեկ գրադարանավար ունենք, ու վերջ: Նա համայնքային ծառայության երկրորդ դասի մասնագետ է, ով զբաղվում է գրադարանի գործունեությամբ: Երեկվանից այս տեղեկությունը պտտվում է, անգամ մարզպետարանի հետ եմ կապ հաստատել, այնտեղ էլ տեղյակ չէին»:



