Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյանը հույս ունի, որ ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունը կարձանագրի բոլոր խախտումները, իսկ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նախորդ շաբաթվա վերջին անցկացված ռեկտորի ընտրությունը պատասխանների փոխարեն՝ նոր հարցեր է առաջացրել: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը համալսարանի շուրջ ծավալվող իրադարձություններին առնչվող բոլոր հարցերին մանրամասն կանդրադառնա վաղը հրավիրած ասուլիսի ժամանակ։

«Մամուլի ասուլիսի ժամանակ ամեն ինչ ասելու եմ»,– 168.am–ի հետ զրույցում ասաց Հայրապետյանը:

Չնայած ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթը ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա կասեցվել էր դատարանի արգելանքով, սակայն հուլիսի 17-ին կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որի ժամանակ երկու թեկնածուներից ռեկտոր ընտրվեց նույն բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Ի դեպ, նույն օրը Դիանա Գալոյանը նաև աստիճանազրկվել էր ԲՈՀ-ի որոշմամբ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուբեն Հայրապետյանը նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է՝ նրանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ակնկալում է, որ նոր իշխանությունները կարձագանքեն իր բարձրացրած խնդիրներին, նա պատասխանեց.  «Նոր իշխանություն կոչվածը շատը հարաբերական է, որովհետև իշխանության ներսում կան ներկայացուցիչներ, որոնք որ զբաղված են առերևույթ դիտավորությամբ ապօրինություններով (որոնց մասին մանրամասն կխոսեմ, կներկայացնեմ վաղը), բայց, բնականաբար, նրանք չենք ներկայացնում իշխանությունն ամբողջությամբ:  Եվ ես մեծ հույս ունեմ, որ ժողովրդավարական եղանակով ընտրված բարձրագույն իշխանությունը շատ շուտով կարձանագրի բոլոր խախտումները, իսկ այդ խախտումների մեղավորները կենթարկվեն պատասխանատվության, այդ թվում ՝ քրեական»:

Հիշեցնենք, ՀՊՏՀ խորհրդի անդամ Համլետ Թադևոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդել էր՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթն առոչինչ է, քանի որ խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի. «Հայտնում եմ, որ՝ լինելով ՀՊՏՀ խորհրդի անդամ, հուլիսի 16-ի երեկոյան պաշտոնական նամակ եմ ստացել ՀՊՏՀ խորհրդի նախագահի անունից առ այն, որ այդ պահի դրությամբ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթի արգելանքն ուժի մեջ է, որովհետև դատարանի որոշումից հետո Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դեռևս չի հանել արգելանքը: Սակայն այս պաշտոնական նամակից հետո կապի որևէ միջոցով չի ուղարկվել նիստի հրավեր կամ ծանուցում, որ արգելանքը հանվել է, կամ, որ մենք հրավիրվում ենք նիստի: Հիշեցնեմ նաև, որ համաձայն ռեկտորի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի՝ «խորհրդի նիստը հրավիրում է խորհրդի նախագահը՝ ապահովելով խորհրդի անդամների և հավակնորդների մասնակցությունը: Այնուհետև հեռուստատեսությամբ պատահաբար տեսնում եմ, որ խորհրդի անդամների մի մասն արդեն ռեկտոր է ընտրել, և միայն նիստը սկսելուց հետո հայտնել են, որ րոպեներ առաջ արգելանքը հանվել է»:

Ռուբեն Հայրապետյանն էլ երեկ ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ դիմել էր Գլխավոր դատախազությանը, Ոստիկանությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, Հատուկ քննչական ծառայությանը՝ ներկայացնելով ՀՊՏՀ ռեկտորի մրցույթին նախորդած մի շարք խախտումների մասին փաստերը. «Մրցույթի նախորդ օրը՝ ժամը 20:34-ին, խորհրդի անդամները պաշտոնապես ծանուցվել են, որ մրցույթի արգելանքը ԴԵՌ ՈՒԺԻ ՄԵՋ Է՝ ի հեճուկս ԿԳՄՍՆ-ի վաղաժամ և ապօրինի հրճվական հայտարարության: Հաջորդ օրը՝ մրցույթից մի քանի ՐՈՊԵ առաջ, խորհրդի նախագահին հրավիրում են համալսարան և տեղեկացնում, որ մարդկության համար չլսված «հանճարեղ» օպերատիվությամբ արգելանքը հանվել է: Ըստ օրենքով սահմանված կարգի՝ նիստը հրավիրում է խորհրդի նախագահը: Բնական է, որ խորհրդի նախագահը չէր հասցնելու անդամներին պաշտոնապես տեղեկացնել, որ արգելանքը հանվել է ու նիստը հրավիրվել (ոչ իր մեղքով), և նիստը ԿԳՄՍՆ ներկայացուցիչների միջամտությամբ կազմակերպվել է միայն այն անդամների մասնակցությամբ, որոնք ոչ պաշտոնական եղանակով են տեղեկացել դրա մասին, այսինքն՝ առանց նիստի հրավերի:

Արդյունքներն անվավեր ճանաչելով՝ հարցը չի փակվելու. սա քրեական է, հարգելինե՛րս»,- ավարտում է իրավապահ մարմիններին ուղղված դիմումը Ռուբեն Հայրապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս