«Կարևոր չէ՝ լինել լավ գիտնական, լավ երաժիշտ, պետք է բոլորը լինեն լավ քաղաքացի. Գագիկ Գինոսյան

168.am-ի զրուցակիցն է «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Մինչ հարցազրույցը սկսելը, խոսեցինք մարդկային արժանիքների, մարդու առաքելության և հնարավությունների մասին: Գագիկ Գինոսյանը մարդու հոգու մասին խոսելիս՝ ասում է. «Մարդու հոգին խորը ձոր է»: Այդտեղից էլ սկսեցինք մեր զրույցը:

– Ձեր հոգին նմանեցնո՞ւմ եք խորը ձորի:

– Ես ձևականորեն ինձ չեմ բարդացնում: Իմ հոգին շուռ տալը, կարծում եմ, այնքան էլ հեշտ չէ: Այն, ինչ իմ աշխատանքն է, ես մշտապես ցուցադրում եմ, բայց այն, ինչ իմ անձնականն է, ես չեմ ցուցադրում: Խորը ձորն ուսումնասիրելը բարդ է, փոքրիկ փոսը՝ հեշտ: Կարծում եմ, ամեն մարդ ինքնակերտմամբ է զբաղված և հրաբխի նման ժայթքելով՝ իրենից արարում է մի մեծ ժայռաբեկոր: Իսկ ամեն ճիշտ շերտ իր քարանձավներն ունի: Դա խորհրդանշում է խոգու խորությունը, որն ամեն մարդու համար չի:

Կարդացեք նաև

– Դուք Ձեզանից ի՞նչ եք կերտել:

– Ես՝ չգիտեմ: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ ունենա իր լեռնագնացն ու քարանձավագետը, որ կարողանան քեզ մագլցել: Դու ինքդ քեզ շատ դժվար կկարողանաս հասկանալ: Կողքինը, մագլցելով, կարող է քեզ  հասկանալ, այն, թե ինչ էության մարդ ես դու: Այլ հարց է, թե քո ժայռը մագլցելիս դիմացինը հպարտություն կապրի՞, թե՞ ոչ:

– Ո՞ւմ  թույլ կտաք մագլցել Ձեր «ժայռը»:

Ես շատ բարդ մարդ եմ: Իմ գերխնդիրը ժողովրդին իր հարստությունը վերադարձնելն է: Այն, ինչ իմ առաքելությունն է, կարծում եմ, շատ պարզ և մատչելի է  բոլորի համար՝ նաև գողացողների: Իմ սուփրեն բոլորի առաջ բաց է, բաց է նաև նրանց առաջ, ովքեր օգտվելուց հետո թքում և հեռանում են:

– Հիասթափվե՞լ եք մարդկանցից:

– Պարտադիր չէ, որ  այդ մարդիկ ինձ հետ աշխատած լինեն: Սկսած ԱՄՆ-ից՝ մինչ  Պարսկաստան, բոլոր նրանք, ովքեր փորձել են վերադառնալ իրենց ազգայինին` ես ամեն կերպ փորձել եմ օգնել: Մեր նյութերն աշխարհի շատ երկրներում տեսաերիզի տեսքով պտտվում են, ունենք խմբեր, որոնք օգտագործում են մեր վերականգնած պարերը: Իրականում բավական մեծ ծավալի աշխատանք է տարվել: Բայց լինում են նաև մարդիկ, ովքեր մեր վերագտածն աղավաղում և, իբրև թե, նորաձև մշակման ենթարկելով, ներկայացնում են հանրությանը: Մի բան էլ տակը գրում են, թե հեղինակային իրավունքները պաշտպանված են:

–  Պատերազմ ապրած ժողովուրդը հե՞շտ տրվեց վերստին գտած երգ ու պարին:

– Մեր ամենամեծ բացթողումն այն էր, որ մենք բացթողնման էինք մատնել մեր պարերը: Ես ինքս մի քանի անգամ ռազմաճակատ գնալիս` տարազս հետս տարել եմ: Սովորեցրել եմ կռվող տղերքին, միասին պարել ենք: Պարը կերտում, զարգացնում է հայ զինվորին: Կարծում եմ՝ դա պետք է նաև մտցվի դպրոցական դասացանկի մեջ: Պարի մեջ ամեն ինչ կա՝ մարտարվեստի փիլիսոփայություն, իմաստ, խորություն: Բացի այդ, պարն իր հետ խինդ է բերում, որը կոտրում է ձանձրույթը: Սոցիալիստական կոչվող մշակույթի մեջ խցկվեց ամեն ինչ, և այն, ինչ այդ ստանդարտից դուրս էր` ուղղակի դուրս շպրտվեց: Դա է մեր լուրջ խնդիրը, որ հիմա վերստին փորձում ենք հետ բերել, վերականգնել մեր մոռացված մշակույթը: Վստահ եմ, որ հիվանդը մահացու չէ, և հնարավոր է նրան վերադարձնել կյանք և կենսունակություն հաղորդել:

– Ունե՞նք մասնագետներ, ովքեր կկարողանան  «հիվանդին կենսունակություն հաղորդել»:

– Ո՞ր ասպարեզում բավական քանակությամբ լավ մասնագետներ կան: Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց վստահ եմ, որ բոլոր լավ մասնագետները վաղուց արդեն այստեղ չեն: Միջնադարում մասնագետները՝ օրը ցերեկով, մոմը ձեռքներին, խելացի մարդիկ էին ման գալիս: Մենք էլ այսօր պետք է մոմը ձեռքներիս բռնած` մեր խելացի մասնագետներին հետ վերադարձնենք Հայաստան: Մասնագետներին պետք է գտնել, գտնել նրանցից ազգային նկարագիր ու նկրտում ունեցող մարդկանց, ովքեր կկարողանան գալ և ստեղծել լավն ու ազգայինը: Այսօր գերխնդիր է դարձել՝ տձև մարդկանց զատել իրական հայրենասեր մտավորականներից:

– Ինչպե՞ս կարելի է դրան հասնել:

– Ամեն ինչ գալիս է նրանից, թե մեզ ինչ է պետք: Հեռուստատեսությունը բոլորովին այլ մարդ է ստեղծում, մշակույթն այլ մարդ է դաստիարակում, կրթությունն՝ այլ: Մենք այսօր, մեր իսկ հասարակության շերտերի մեջ  ունենք շատ բացեր: Պետք է լինի ընդհանուր ճանապարհ, որով պետք է անցնեն բոլորը: Կարևոր չէ լինել լավ գիտնական, լավ երաժիշտ, պետք է բոլորը լինեն լավ քաղաքացի: Մենք հաճախ կոչ ենք անում՝ գնալ Եվրոպա: Բայց նա անհաստատ, անկայուն «մարդ» է, նա ապացուցեց, որ կացնով մարդ է: Մենք պետք է հստակ իմանանք՝ ի՞նչ ենք անում և ինչի՞ համար:

– Դժվար չի՞ լինի:

– Բացարձակ, դժվարություն չեմ տեսնում: Քաղաքական մոտեցում և գաղափարական հենք. դա է անհրաժեշտ: Այսօր 1991 թվականը  չէ, ցուրտ ու մութ տարիները չեն: Իհարկե, այսօր կիսասոված մարդիկ էլ կան, բայց մեր երկիրն այսօր այն վիճակում չէ, որ չկարողանա լավի հիմքը դնել: Յուրաքանչյուր մարդ իր մշակույթով է հզոր, իր մշակույթով է հարուստ ու երջանիկ:

 


 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս