Ղարաբաղյան հակամարտության շուրջ նոր լարվածությո՞ւն է հասունանում

Ադրբեջանի նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին` ակնարկելով, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է ունենալ ռազմական լուծում։ Չնայած օրերս Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսին հաջորդած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությանը, որում նրանք կարևորել էին խաղաղությանը նպաստող և բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծումն ու պահպանումը՝ կոչ անելով բացառել սադրիչ հայտարարությունները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հանդես եկավ բավականին կոշտ մեկնաբանություններով։

Նա քննադատեց ԵԱՀԿ Մինսկի խմբին ոչ հստակ հայտարարությունների և անարդյունք բանակցությունների համար։ «Մենք նրանցից այլ արձագանք ենք ակնկալում՝ հստակ հայտարարություններ։ Երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Ղարաբաղը Հայաստան է, ինչո՞ւ Մինսկի խումբը չի արձագանքում և չի հայտարարում, որ այդ արտահայտությունն ամբողջովին խախտում է բանակցությունների էությունը և դրանք փաստացի դարձնում անիմաստ»,- ադրբեջանական հեռուստաընկերությունների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ալիևը։

Նրա խոսքով, միջնորդները համահունչ չեն արձագանքում նաև բանակցությունների «ձևաչափը փոխելու»՝ հայկական կողմի ջանքերին: «Նրանք աբստրակտ հայտարարություններ են անում՝ փորձելով և՛ մեզ սիրաշահել, և՛ նրանց, բայց դրա ժամանակն արդեն անցել է, մենք հստակություն ենք պահանջում»,- ասել է Ալիևը՝ հավելելով՝ եթե միջնորդներն ուզում են, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, պետք է խոսեն այս մասին։

«Նրանց հիմնական թեզն է՝ խնդիրը ռազմական լուծում չունի, իսկ ո՞վ ասաց,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով,- Մենք միջնորդներից առավել լուրջ, հստակ ու նպատակային հայտարարություններ ենք ակնկալում»։

Իլհամ Ալիևը նաև նշել է, որ այժմ բանակցություններ, ըստ էության, չեն վարվում, արտգործնախարարների միջև տեսակոնֆերանսները որևէ նշանակություն չունեն և ընդամենը տպավորություն են ստեղծում, թե իբր Մինսկի խումբը գոյություն ունի։

«Ես ասել եմ, որ մենք չենք բանակցի հանուն բանակցությունների, մենք ուզում ենք ըստ էության բանակցություններ՝ առանց դրանց ձևաչափը փոխելու։ Այդ դեպքում մենք, անշուշտ, դրանց կմասնակցենք, հակառակ դեպքում՝ անիմաստ բանակցությունների կարիքը չենք տեսնում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Նրա վերջին մեկնաբանություններին արձագանքել է թե՛ Արցախի ԱԳՆ-ն, թե՛ ՀՀ ԱԳՆ-ն։

«Խոչընդոտելով բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը, անընդհատ կասկածի տակ դնելով վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը և սպառնալով ուժի կիրառմամբ, փորձելով խեղաթյուրել հակամարտության էությունը, սեփական երկրում խրախուսելով ռասիստական և հակամարդկային հայացքներն ու վարքագծի մոդելները, ադրբեջանական իշխանությունները կանխամտածված կերպով լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Սեփական սխալների և սխալ հաշվարկների համար ուրիշներին անիմաստ և անհեռանկար կերպով մեղադրելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է անշեղորեն կատարի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները և բարեխղճորեն վարի լիարժեք ձևաչափով բանակցություններ»,- նշված է ԱՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում։

Նշենք, որ սրան զուգահեռ՝ Ադրբեջանի ներսում որոշակի զարգացումներ են տեղի ունենում․ օրերս հատուկ գործողություն էր իրականացվել Ադրբեջանի արտգործնախարարությունում, իսկ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է երկրի պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովը:

168am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ որքան այս տարածաշրջանում առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այն, ինչպես խնդիր է պետությունների միջև, այնպես էլ՝ ներքաղաքական պայքարի գործիք, որը միշտ օգտագործվել է ըստ նպատակահարմարության։ Այսինքն, նրա խոսքով, այստեղ կան այս երկու բաղադրիչները, հենց այդ պատճառով, ի թիվս այլ տարաձայնությունների, այս հակամարտությունը բարդ է կարգավորել։

«Ինչ խոսք, այս հայտարարություններում կա մեծ ներքաղաքական բաղադրիչ, բայց հռետորաբանությունը և դիրքորոշումը չափազանց բնորոշ է ադրբեջանական կողմին, սպասելի էր, որ Ադրբեջանի հռետորաբանությունը ժամանակի ընթացքում, այսինքն՝ վերջին հաջող պայմանավորվածություններից հետո, որոնց հետևանքով կարծես թե մի փոքր քիչ էին միջադեպերը, եթե չկա առաջընթաց կարգավորման գործընթացում, ապա Ադրբեջանը վերադառնում է իր ավանդական քաղաքականությանը, որը կախված է թե Ռուսաստանից, թե Թուրքիայից, և թե աշխարհաքաղաքական իրավիճակից։ Այո՛, կարող են լինել ռազմական գործողություններ, հենց այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են ինչ-որ բան անել, բայց տեսանելի է, որ չկա առարկայական գործընթաց։ Հայաստանը ցանկանում է բանակցային սեղան վերադարձնել Լեռնային Ղարաբաղին, դա չի ընդունվելու Ադրբեջանի կողմից, և ստեղծվում է փակուղի։ Իմ պատկերացմամբ՝ Հայաստանը սկսում է որոշ հարցեր քննարկել՝ զուգահեռաբար պահանջելով ձևաչափի վերականգնում, բայց քանի որ հայտարարել է, որ պետք է որոշի Արցախը, չի կարող կայացնել որոշումներ, գործընթացը ձգվում է, Ադրբեջանը որևէ հայտարարությամբ է հանդես գալիս, որից հետո նույնիսկ այդ խոսակցությունն է ընդհատվում և սկսվում լարվածության հերթական փուլը։ Այո՛, սա կարող է լինել նման փուլերից հերթականը, քանի որ կողմերը միմյանց չեն հասկանում, և կողմերի պահանջները միմյանց համար անընդունելի են»,- ասաց Ֆելգենգաուերը։

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ պարզ է, որ օրերի ներկայիս դրությունը չի գոհացնում Ադրբեջանի նախագահին, և նա վերջին շրջանում ավելի սուր հայտարարություններ է անում ու կշարունակի անել։

«Պատերազմի հավանականություն կա, բայց ոչ կոնկրետ այս պահին, այս փուլում, կարծում եմ՝ կգնա հայտարարությունների մակարդակով փորձ ճնշելու, ռազմական թեժ գործությունների համար ամենալավ պահը չէ»,- ասաց նա։

Վերջինիս կարծիքով, Մինսկի խումբը, որքան էլ միջազգայնորեն ճանաչված միակ մանդատ ունեցող հարթակն է, որը զբաղվում է Ղարաբաղյան հակամարտությամբ, այն չի կարողանում ապահովել այն արդյունքները, որոնք անհրաժեշտ են, քանի որ չունի բավարար հեղինակություն ու ազդեցություն կողմերի նկատմամբ։ ԵԱՀԿ ՄԽ-ն թույլ է տալիս, որպեսզի կողմերն անվերջ կերպով առճակատման մեջ գտնվեն և չգնան որևէ զիջման։ Ես դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ Ադրբեջանը չի համաձայնելու Արցախի վերադարձին բանակցային սեղան, դա հնարավոր կլինի այլ սցենարի դեպքում, երբ լինի իրավիճակի սրում հակամարտության գոտում և լինի հայկական կողմի առավելություն, որի ֆոնին հայկական կողմը կկարողանա այդ թեզն իրագործել»,- ասաց Սկակովը։

 

Տեսանյութեր

Լրահոս