«Հանրայինը կունենա մենաշնորհ, իշխանությունը՝ իր սրտին հաճո հեռուստաընկերություն». Նունե Ամիրյան

Ազգային ժողովում «Տեսալսողական մեդիայի» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների առաջին ընթերցմամբ ընդունումն ու քննարկումը արտակարգ դրության պայմաններում ես կապում եմ հուլիսի 20-ին կայանալիք հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթի հետ։ Իշխանությունը փորձում է արագ մինչև մրցույթը օրենքն անցկացնել, որ հետո լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները 10 տարի ժամկետով իրավունք ունենան օրենքով նախատեսված կարգավորումները կյանքի կոչել։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթեորւմ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի անդամ, «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանը։

«Այս օրենքի նախագծով Հանրայինը կունենա մուլտիպլեքսի մենաշնորհ, իսկ մասնավոր հեռուստաընկերությունները՝ այդ թվում և այլալեզու, կարող են զրկվել եթեր հեռարձակվելու հնարավորությունից։ Ստացվելու է, որ իշխող կուսակցությունը ունենալու է իր համար իր սրտին հաճո և իր խոսքը հանրայնացնող հեռուստաընկերություն»,- ասաց Ամիրյանը։

Նրա խոսքով՝ իշխող ուժի գաղափարների քարոզչությանն է միտված նաև օրենքի այն դրույթը, ըստ որի՝ նախատեսվում է, որ հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի, կառավարության տոնական հաղորդագրությունների տևողությունը չպետք է սահմանափակվի:

«Այս դրույթը հենց նրա համար է, որ ցանկացած իրենց հարմար պահի այդ հաղորդագրությունները եթեր գնան անսահմանափակ ժամաքանակով, ասենք՝ 24 ժամ դա լսենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով նախագծի հեղինակներից Մխիթար Հայրապետյանի այն պնդմանը, որ այս օրենքի հիմքում դրված է Հայաստանի ազգային և լեզվական անվտանգությունը, Նունե Ամիրյանը նկատեց.

«Ազգային անվտանգության վերաբերյալ բացարձակ որևէ նշում չեմ տեսել այդ օրենքի նախագծում, իսկ ինչ վերաբերում է լեզվական անվտանգությանը, ապա պետք է նշեմ, որ նախագծում որևէ նշում չկա, որ եթերում չեն լինելու ժարգոնային հայերենը, կամ՝ օտարածին բառերը, բառամթերքի որևէ սահմանափակում ու դրա խախտման դեպքում որևէ պատժամիջոց նախատեսված չէ։ Այս օրենքում որևէ խրախուսում էլ չկա՝ գրական հայերենի կիրառման համար»: Նա կասկածելի համարեց նախագծի հեղինակների այն պնդումները, թե սա օրենք է եթերը մաքրելու և լավ եթեր ունենալու համար։

«Եթե դուք չափանիշերը չեք սահմանում, որ այս եթերը լավն է՝ ըստ այս չափանիշի, մյուս եթերը վատն է՝ դարձյալ ըստ չափանիշի, եթե դրանք հստակեցված չեն, ո՞վ է որոշելու, այս եթերը լա՞վն է, թե՞ ոչ։ Կամ՝ եթե հստակ սահմանված չէ չափորոշիչը՝ այս կամ այն խոսքը ատելության խո՞սք է, թե՞ ոչ, ո՞վ է դա որոշելու, գնահատականը այսպես լինելու է սուբյեկտիվ, հետևաբար սա մի օրենքի նախագիծ է, որտեղ դրույթները լղոզված են, և յուրաքանչյուր դրույթ կարելի է մանիպուլյացնել»,- ասաց Նունե Ամիրյանը՝ նշելով, որ այն, ինչը կթույլատրվի X հեռուստաընկերությանը, ինչը՝ Y-ին, այս դեպքում ուղղակի կախված կլինի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տրամադրությունից։

Նունե Ամիրյանն անդրադարձավ նաև արտակարգ դրության պայմաններում իշխանության մշակած մեկ այլ նախագծի, ըստ որի՝ արտակարգ դրության պայմաններում բոլոր բժշկական կենտրոնները պետք է կառավարվեն մեկ կենտրոնից ու գտնվեն Առողջապահության նախարարության ենթակայության տակ։

«Առողջապահական համակարգի մեր կառավարիչները կորոնավիրուսի դեմ պայքարում ցույց տվեցին, որ իրենք վատ կառավարիչներ են։ Այս պատկերը, որը մենք ունենք, աշխարհում 1 մլն բնակչությանն ընկած հաշվարկով վատթարագույն վիճակը, այդ նույն կառավարիչների պատճառով է, և տալ նրան նման լիազորություններ, առնվազն ճիշտ չէ։ Մասնավոր բժշկական կենտրոնները և պետական բոլոր հաստատությունները, երբ անցնեն մեկ կետից կառավարման, դա բերելու է վտանգների, որովհետև նախարարությունն իրավունք է ունենալու ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել նաև մասնավոր ԲԿ-ներում։ Երբ տարիների ընթացքում ձևավորված կոլեկտիվներում դրսից բերում են ու մեկին դնում, դա բերում է բժիշկների ներսում արդեն դժգոհությունների։ Ավելին՝ ըստ իմ տեղեկությունների՝ արդեն իսկ բժշկական հանրության ներսում դժգոհության ալիք է կուտակվում»,- ասաց Ամիրյանը՝ օրինակ բերելով Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի դեպքը, երբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նշանակած տնօրենին չէին ընդունում կենտրոնի աշխատակիցների մեծ մասը, ու կենտրոնում հասունացած դժգոհության ալիքը խաթարել էր ԲԿ-ի բնականոն աշխատանքը։

Ըստ Նունե Ամիրյանի՝ իշխանությունն արտակարգ դրության պայմաններն օգտագործում է խնդրահարույց օրենսդրական նախագծերն անցկացնելու համար, այդպիսիք են և՛ Գույքահարկի մասին օրենքը, և՛ Լանզարոտեի կոնվենցիան, այդպիսի է նաև Առողջապահության նախարարության այս նախաձեռնությունը, հետևաբար՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանության համար չափազանց հարմար էր արտակարգ դրության երկարաձգումն, ու այն ամենևին էլ բացառապես համավարակի դեմ պայքարի համար չի արվում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս