«Սրանով մենք ուղերձ ենք հղում օտարերկրյա ներդրողներին, որ մենք իրականում անկախ պետություն չենք»․ Նավիկ Խաչատրյան

Հարցազրույց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանի հետ

– Պարոն Խաչատրյան, ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը տեղական ավիաընկերություններին և օդանավակայաններին սուբսիդիաներ տրամադրելու կանոններ է մշակել՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով կրած կորուստների փոխհատուցման համար: Իսկ Հայաստանում պետության կողմից որևէ աջակցություն չի տրվել ո՛չ  «Զվարթնոց» օդանավակայանին, ո՛չ, օրինակ՝ «Արմենիա» ավիաընկերությանը։ Առհասարակ նման պայմաններում պետությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեր, և ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ռազմավարական նշանակության այս ոլորտին ուշադրություն չեն դարձնում։

– Ձեր հարցի պատասխանն ինքներդ տվել եք՝ ավիացիան ռազմավարական ոլորտ է բոլոր պետություններում՝ այն տնտեսության զարգացման բաղադրիչն է, այն աշխատում է տուրիզմի գործակալության հետ, կարելի է ասել՝ սերտաճած, միայն այդպես է հնարավոր լավագույն արդյունքների հասնել այս երկու ոլորտներում: Այն նաև երկրի համար անվտանգության բարձիկ է, այն իրական անկախության ցուցիչն է՝ արտերկրների համար, որի առկայության դեպքում է միայն հնարավոր երկրում  լուրջ ներդրումներ ունենալ։

ICAO-ի անդամ 195 երկրներից 185-ն ունեն դրոշակակիր, նույնն է՝ ազգային փոխադրողներ: Մտեք Wikipedia կայք և բացեք flag carriers list էջը, ինքներդ կտեսնեք, թե յուրաքանչյուր պետություն քանի տոկոս բաժնեմաս ունի՝ իր երկրի դրոշակակիր փոխադրողում: Մեր իշխանությունը, ցավոք, այդպես չի կարծում։ Մենք և ևս 9 երկրներ չունենք ազգային ավիափոխադրող, այդ շարքում են Միկրոնեզիան, Տուվալուն, Լիբերիան, Գվինեա Բիսաուն, Բարբադոսը…

Սրանով մենք ուղերձ ենք հղում արտերկրյա ներդրողներին, որ մենք իրականում անկախ պետություն չենք, մեզ դրոշակակիր փոխադրող պետք չէ, հետևաբար՝ լուրջ և մեծածավալ ներդրողներ չեն գալիս Հայաստան: Բնական է, որ մեր պետությունը չի աջակցելու նրան, ինչն ուղղակի չկա:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ քայլեր չեն արվում ազգային ավիափոխադրող ունենալու ուղղությամբ, ո՞րն է խնդիրը։

– Դրոշակակիր փոխադրող ստեղծելու և շահագործելու համար ինչ հարկավոր է՝ բազմից գրել եմ՝ սկսած անցած տարվանից, իմ ավագ ընկերները՝ նույնպես: Հակոբ Ճաղարյանն այժմ էլ իր ֆեյսբուքյան էջում  թեմատիկ ձևով գրում է անհրաժեշտ քայլերը: Ավիացիոն՝ կրթված և բազմափորձ մասնագետների համար դա այնքան էլ դժվար չէ: Ես իմ ֆեյսբուքյան էջում մեկ ամիս առաջ ևս գրել եմ դրոշակակիր փոխադրող ստեղծելու հնարավոր քայլերը: Գրեթե նույնն ասաց երիտասարդ օդաչու Արմեն Պապիկյանը՝ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին տված իր հարցազրույցում։

Եթե կարճ՝ 2 բան է հարկավոր․

1․ մեր իշխանությունը պետք է դեմքով կանգնի դեպի ավիացիոն ոլորտը և երկրի համար այն համարի առաջնահերթություն, ինչպես աշխարհի բոլոր երկրներում։ Քանի դա չկա՝ մոռացեք դրոշակակիր փոխադրող ստեղծելու մասին:

2․ ՔԱԿ նախագահի շուրթերից դրոշակակիր փոխադրող ստեղծելու ցանկության մասին բազմիցս հնչեցվել է իր գրեթե բոլոր հարցազրույցներում, բայց դա իրականում սոսկ ականջահաճո լուր է հանրության համար, դրոշակակիր փոխադրող ունակ են և կարող են ստեղծել միայն ավիացիոն փորձառու մասնագետները, ովքեր վերջին ժամանակահատվածում անհիմն պիտակավորվեցին, որակվեցին՝ որպես նախկիններ, և հետևաբար՝ հեռացան ոլորտից:

– Հայկական ավիաընկերություններն այս ամսվա վերջին կզրկվեն եվրոպական երկրներ կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնելու հնարավորությունից։ Տուրիստական ընկերություններն արդեն ահազանգում են, որ, եթե անգամ Հայաստանն առաջիկայում բացվի աշխարհի առաջ, լրջագույն խնդիրներ են լինելու այս մասով։ Ի վերջո, ինչո՞ւ այդպես էլ հստակ չպարզաբանվեց, թե մասնավորապես ի՞նչ է արձանագրվել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության զեկույցում, և ի՞նչ քայլեր են արվում արձանագրված խնդիրները վերացնելու ուղղությամբ։

– EASA-ի անվտանգության աուդիտը մեր ՔԱԿ-ը, ցավոք, չանցավ փետրվարի սկզբին, բոլորս դա գիտենք արդեն, ավիացիոն հանրության մեծ մասը դա կանխատեսում էր դեռևս անցած տարվա նոյեմբերից, բարձրաձայնում էր տարբեր հարթակներում, բայց  ասողին լսող է պետք, մնացինք չլսված, և եղավ այն, ինչ եղավ… Աուդիտ չանցնելը երկրի համար 1 կառույցի կողմից՝ շառաչուն ապտակ էր՝ հասցված ՀՀ ավիացիային։ Նախկինում երբեք, կրկնում եմ՝ երբեք, նման բան տեղի չէր ունեցել, մեր երկրի ավիացիոն վարկն իջավ պլինտուսից ցածր մակարդակի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հստակ չպարզաբանվեց՝ ինչու այդպես եղավ, որովհետև արագ դա տեղավորեցին երկրի ազգային անվտանգության թեմաների մեջ, որպեսզի ոչ ոք չիմանա՝ ինչ թերություններ են արձանագրվել, ով է մեղավոր դրանց համար… չնայած նախկին ՔԱԿ պետերից մեկը նման խոսք էր անընդհատ օգտագործում՝ и козе понятно… Ինչ քայլեր են ձեռնարկվում՝ ոչ ոք հստակ չգիտի, ՔԱԿ-ին գրելը և պատասխան ակնկալելը նույնն է, որ սառույցի վրա գրես:

Տեսանյութեր

Լրահոս