Այլաբանությունն ու ատելության խոսքը
Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակահատվածում մեր հասարակությունում առավել շատ են դարձել ատելության, բռնության խոսքի արտահայտման դեպքերը և սա, բնավ, չի կարող արդարացվել կարծիքի արտահայտման կամ խոսքի ազատության իրավունքների փաստով։
Փորձենք վերհիշել այդպիսի մի քանի դեպքեր, որոնք առավել մեծ արձագանք ունեցան հանրության շրջանակում և լրատվամիջոցներում։ Ընդ որում, այդ դեպքերը տեղի են ունեցել «հետհեղափոխական» Հայաստանում՝ Նիկոլի թվին․ թե չէ այլ ժամանակաշրջանից բերած յուրաքանչյուր օրինակ մշտապես ստանում է «դե, դա Սերժի ժամանակ էր» որակումը։
Դեպք 1։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ԱԺ ամբիոնից ուղղված խոսքերը՝ սեռի թիրախավորմամբ, կնոջ պատիվն ու բարի համբավն արատավորող վիրավորանքներով։ Կհիշեք, թե ինչպես Ալեն Սիմոնյանն ասաց. «Տիկին Սամսոնյան, ես ամուսնացած եմ, իմ մասին շատ մի խոսեք»։
Դեպք 2։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին Հանրային խորհրդի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ նրա սեռի թիրախավորմամբ։ Մասնավորապես, Ստյոպա Սաֆարյանն իր գրառման մեջ կիրառել էր «360/360 ի վրա գաբարիտները պատեպատ է տալիս» արտահայտությունը։
Դեպք 3։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին երեխայի մասին գրառումները սոցիալական կայքերում, որոնք ՀՀ մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթ՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոտնահարող արտահայտություններով։
Դեպք 4։ Հարձակում փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա։ Հարձակումն իրականացվել է 4 տղամարդու կողմից, ովքեր հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի, այդ թվում նաև՝ փաստաբանի կնոջ ու անչափահաս երեխաների հասցեին։
Բոլոր այս դեպքերը և դեռ շատ-շատերը, որոնք պարզապես տեղ չեն գտել այս հոդվածում, բռնության ու ատելության խոսքի վառ դրսևորումներ են։ Սակայն դրանց մեծ մասի համար վերջիններիս հեղինակները չեն ստացել համապատասխան պատիժ․ երբեմն փորձել են իրավիճակը հարթել չոր «ներողություն»-ով, երբեմն էլ պատահածը ներկայացնել՝ որպես կենցաղային վեճ, և այլն։
Վերջին 2 տարիների ընթացքում ատելության ու բռնության խոսքի չափաբաժինը հանրային հարթակներից այնքան է շատացել, որ երբեմն վախ է առաջանում, թե քիչ-քիչ բոլորս կսովորենք, կհարմարվենք դրան։ Սկզբում հասարակությունը բաժանեցին սևերի ու սպիտակների ու այլակարծության համար մարդկանց մեջ ատելություն սերմանեցին․ բոլոր այլախոհերը պետք է վերանան, իսկ եթե չվերանան՝ կվերացնեն։ Ատելությունը սերմանելուց հետո էլ անցան բռնության բացահայտ կոչերին։ Օրենքի ու կարգուկանոնի մշակույթին այլևս փոխարինելու է եկել «պատերին կծեփեմ», «ասֆալտին կփռենք», «թաթիկները կկտրենք», «սաղմնային վիճակում չվիժեցնենք» և նմանատիպ այլ մեթոդաբանությունները։ Այսպես կոչված՝ «քրեածին» ենթամշակույթին հատուկ այս բառապաշարն այլևս լսելի է պետության ամենակարևոր ամբիոններից, մասնավորապես՝ պետության վարչապետի շուրթերից։ Եվ լսելի է ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ բազմաթիվ անգամներ։
Սակայն, այսուհետ, քրեական պատասխանատվություն է նախատեսվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կամ ատելության կոչեր անելու համար։
Կարծիքի արտահայտման ազատությունը և խոսքի ազատությունը բացարձակ իրավունքներ չեն։ Կարծիքի ազատության և խոսքի ազատության իրավունքների չարաշահման դեպքում՝ դրանց սահմանափակման իրավաչափ հիմքերից մեկը հենց «ատելության խոսքն» է՝ hate speech-ը։
Չկա «ատելության խոսք» հասկացության վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված սահմանում, ինչի արդյունքում ատելության խոսքի լայն մեկնաբանությունը կարող է հանգեցնել խոսքի ազատության անհամաչափ սահմանափակման: Հայաստանի դեպքում Ազգային ժողովի կողմից 2020թ. ապրիլի 15-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքով օրենսդիրն ատելության խոսք է համարել անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե դրանք պայմանավորված են սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով: Ատելության խոսքը՝ իր տարբեր դրսևորումներով, արգելված է Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրներում, և որի համար նախատեսվում է անգամ քրեական պատասխանատվություն:
Իշխանափոխությունից այս կողմ ամենից շատ ատելության խոսք ու բռնության կոչեր հնչում են հենց աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներ ունենալու փաստով պայմանավորված։ Հնչում են՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում, այնպես էլ՝ սոցիալական կայքերի հարթակներում։ Բավարար է մեկ հրապարակում, որն իր մեջ այլակարծություն կամ հակաիշխանական կարծիք պարունակի, և սկսվում է վարչապետի «самосуд» անելու մեթոդաբանության կիրառումը։ Դա էլ բավական չէր, ինչպես տեսաք հոդվածի սկզբում, արդեն թիրախավորում են նաև սեռով։
Կարևոր է, որպեսզի օրենսդրական այս դրույթը կիրառվի միջազգային փորձին համահունչ և իշխանության կողմից չօգտագործվի որպես անհամաչափ միջոց՝ քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Իսկ օրենքի անհավասար կիրառման մտավախության հիմքեր կան։ Քանի՞ անգամներ երկրի վարչապետի բռնության բացահայտ կոչերն իր թիմակիցներն ու աջակիցներն ոչ միայն չեն քննադատել, այլև պաշտպանել են, թութակի պես կրկնել ու արդարացրել։ Մեկ անգամ «Իմ քայլ»-ի պատգամավոր Սարգիս Խանդանյանն էր, կարծես թե, ասել, որ Փաշինյանի կողմից «թաթիկներդ կկտրեմ», «պատերին կծեփեմ», այս և նման արտահայտություններն այլաբանորեն ասված խոսքեր են, որոնք երբեք չեն կարող համարվել ատելության խոսք: Եթե այս տրամաբանությամբ են որոշելու, թե ով է պատասխանատվության ենթարկվելու և ով՝ ոչ, ապա կարող ենք ասել, որ օրենքը, իրոք, կկիրառվի այլախոհներին լռեցնելու ու ընդդիմադիրներին զսպելու նպատակով։ Ճիշտ ինչպես այժմ արտակարգ դրությունը պահպանվում է՝ միմիայն հանրահավաքները ցրելու ու կանխելու համար։
Իհարկե, այս ամենի մասին առարկայական հետևություն հնարավոր կլինի անել օրենքի կիրարկման որոշակի պրակտիկայից հետո, իսկ ավելի հստակ, երբ շատ մոտ ապագայում հերթական հանրային հարթակից իշխանական թևի որևէ ներկայացուցչի կողմից կհնչի ատելության կամ բռնության կոչ․ հարց՝ կենթարկվի՞ արդյոք այդ անձը պատասխանատվության, թե՞ ոչ։