«Իշխանափոփոխությունից հետո ՀՀ-ում բարձրագույն կրթություն ստացողների թիվն աննախադեպ նվազել է 15 տոկոսով. նման բան չի եղել». Ատոմ Մխիթարյան

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանն ահազանգում է՝ եթե կրթության ոլորտում քաղաքականություն իրականացնող ու որոշում կայացնողները չփոխվեն, և ներկայիս քաղաքականությունը շարունակվի, ապա 3-4 տարի հետո կրթության, գիտության ոլորտն ամբողջովին հայտնվելու է աղետի մեջ։

168.amի հետ զրույցում մանրամասնելով, Ատոմ Մխիթարյանն ասաց՝ պարզ հարց է առաջանում, թե ի՞նչ կապ կարող է ունենալ, օրինակ, «Ակադեմիական քաղաքի» գաղափարը, և մինչև գարնան սկիզբ որևէ բուհից շենքը վերցնելը. ըստ էության՝ որևէ կապ չի կարող ունենալ։

«Սա ուղղակի առիթ է, որը ներկայիս իշխանությունը՝ Կառավարությունը, և նրա ղեկավարն օգտագործում է, որպեսզի բուհերի շենքերն ազատի Երևանի կենտրոնում, որովհետև իսկապես որևէ կապ չի կարող ունենալ բուհերի միավորումն ու տեղափոխումն «Ակադեմիական քաղաքի» հետ, նույնիսկ, եթե այն կյանքի կոչվի, որի հավանականությունը ձգտում է զրոյի։ Իհարկե, այս երկուսը միմյանց հետո որևէ կապ չունեն, նորից ասեմ՝ սա առիթ է, որ այդ շենքերն ազատեն»,- նշեց Ատոմ Մխիթարյանը։

Նրա բնորոշմամբ՝ այս ամենը, իհարկե, շատ վատ է անդրադառնում բոլոր համալսարանների և առհասարակ բարձրագույն կրթության վրա, ավելին՝ բարձրագույն կրթության հետընթացը վերջին տարիներին շարունակվում է։ Սա է պատճառը, որ վերջին 5-6 տարում, այսինքն՝ իշխանության փոփոխությունից հետո ՀՀ-ում բարձրագույն կրթություն ստացողների թիվն աննախադեպ նվազել է՝ 15 տոկոսով, նման բան չի եղել։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվն էլ ավելի մեծ տեմպերով է նվազում, մարդիկ ոլորտից ուղղակի դուրս են գալիս։

Կարդացեք նաև

«Սա նաև անհավասարություն է ստեղծում տարբեր շերտերի մոտ։ Սովորաբար մեր ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ լավագույն գիտնականները, մտավորականները եղել են հիմնականում ոչ ապահովված ընտանիքների երեխաներ։ Նրանք պետության հովանավորությամբ կամ նախանցյալ դարերում հարուստ մարդկանց հովանավորությամբ՝ ստացել են լավ կրթություն ու մեծ ներդրում են ունեցել հայոց գիտության, մշակույթի զարգացման գործում։ Այդ պայմանները, որոնք իշխանությունը ստեղծում է կրթության ոլորտում, տանելու են հակառակ պրոցեսի։ Այն երեխաները, որոնք սահմանամերձ բնակավայրերից են, բարձր լեռնային, սոցիալապես անապահով ընտանիքներից են, նրանք առհասարակ չեն կարողանալու բարձրագույն կրթություն ստանալ։ Իսկ այս ամենը նշանակում է, որ մեր ժողովրդի պոտենցիալը գնալով անկում է ապրում, և շուտով մենք չենք ունենալու այնքան մարդ, որոնք կարող են որոշումներ կայացնողի վրա էական ազդեցություն ունենալ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Այս համատեքստում նա ընդգծեց՝ անհավասարությունը կրթության մեջ երբեք էլ նորաձև չի եղել, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ և նրանց մերձավորների խոսույթին, թե «կրթվելը նորաձև է»։

Ատոմ Մխիթարյանն այստեղ ևս մեկ վտանգավոր միտում է տեսնում, որ որոշում կայացնողների այս չմտածված քայլերի հետևանքով՝ գիտակները կարող են արտագաղթել, կամ, որ ամենավատն է՝ ուղղակի թողնեն իրենց ոլորտը։ Եթե իշխանությունն այս վիճակի մեջ է դնում բարձրագույն կրթությունը և համալսարանները՝ մարդիկ ուղղակի համակարգից դուրս կգան ու իրենց կդրսևորեն այլ ոլորտներում։ Սրանով իշխանությունը նպաստում է ժողովրդի «գլխատմանը»։

«Եթե դու մարդկանց կրիտիկական զանգված չես ապահովում, որոնք ինտելեկտուալ գործունեությամբ են զբաղվում, ունեն լավ կրթություն, դու ըստ էության ամբողջ ժողովրդին «գլխատում» ես, վերացնում ես նրա մտավորականությանը։ Երկար պետք չէ սպասել՝ ևս 4-5 տարի, և մենք չենք ունենա այն մարդկանց, որոնք կկարողանան ինչ-որ հարցեր բարձրացնել։ Սա է լինելու հետևանքը, եթե մեր ժողովուրդը չսթափվի։

Երբ այս մասին խոսակցություններ կային ու միտումները զգացվում էին, մտածում էի, որ գուցե անփութության, անգրագիտության արդյունք կարող է լինել։ Բայց եթե քայլերը շարունակվում են համառորեն ու նույն ուղղությամբ, և դա բերում է նրան, որ կրթության որակն օրեցօր վատանում է, նշանակում է՝ այդ գործողությունների մեջ միտում կա։ Այսինքն՝ այս մարդիկ շատ լավ գիտեն, թե դեպի որտեղ են տանում մեր կրթությունը և գիտությունը, սա ակնհայտ է։

Սրանից հետևություն՝ եթե ցանկանում ենք կրթության բնագավառում որևէ բան փոխել, պետք է փոխենք բնագավառի որոշումներ կայացնողներին. սա է միակ տարբերակը»,- եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։

Տեսանյութեր

Լրահոս