Պակիստանը պատրաստվում է օգտագործել թուրքական ռազմարդյունաբերական փորձը
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը պատրաստվում է Պակիստանում հիմնել 155մմ տրամաչափի հրետանային պարկուճների արտադրության և լիցքավորմանր ավտոմատացված հոսքագիծ՝ տարեկան 120.000 միավոր արտադրական հզորությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունները ստիպում են երկրներին ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը և ներդրումները: Պակիստանն այս առումով ընտրել է ինքնաբավության ուղղությունը՝ համագործակցելով թուրքական ընկերությունների հետ նոր արտադրական գծերի ստեղծման համար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ: Պայմանագրի շրջանակում նախատեսվում է նաև պայթուցիկ նյութերի լիցքավորման հոսքագծի ստեղծում՝ զինամթերքի արտադրությունը համապարփակ դարձնելու նպատակով։
Այս քայլը հնարավորություն կտա Պակիստանին ուժեղացնել իր ռազմական արտադրության ներուժը, ապահովել ներքին կարիքները և շարունակել արտահանումն այլ երկրներ՝ պահպանելով ռազմական բարձր ստանդարտները: