Նիդեռլանդներ այցելելու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրն ի կատար կածի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա հայտնվի Նիդեռլանդների իրավասության ներքո գտնվող տարածքներում:
«Միանգամայն ակնհայտ է, որ մենք կկատարենք ձերբակալման հրամանը»,- այդ հայտարարությունը Վելդկամպը հնչեցրել է Նիդեռլանդների խորհրդարանի նիստում: Նա նշել է, որ իր երկիրը նույն կերպ կվարվի նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի պարագայում, որի նկատմամբ նույնպես Միջազգային քրեական դատարանը կայացրել է ձերբակալության որոշում:
Կասպար Վելդկամպն ընդգծել է, որ Նիդեռլանդները հարգում են Միջազգային քրեական դատարանի որոշումը և 100 տոկոսով հակված է Հռոմի ստատուտի իրականացմանը։
Միջազգային քրեական դատարանը նոյեմբերի 21-ին տվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների կատարման համար: Դատարանը մերժել է Իսրայելի փաստարկները, որոնց միջոցով երկիրը փորձել է վիճարկել իր քաղաքացիներին ձերբակալելու վերաբերյալ որոշման իրավասությունը: Իսրայելը նաև վիճարկել է Պաղեստինում ընդհանուր իրավիճակի հետ կապված գործերը քննելու դատարանի իրավասությունը: