ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը վկայում է այն մասին, որ կան քննարկելու էական խնդիրներ, այլապես հազիվ թե լիներ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցը․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վրլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների նոր հեռախոսազրույց: Այդ մասին Արարատ Միրզոյանը հայտնել է «X»-ի իր միկրոբլոգում:

Ինչու եմ այս մասին հայտնում Իրանի նախագահի՝ Հռոմի Պապին հղած նամակի վերաբերյալ անդրադարձիս հղումով: Ինչպես նշել էի այդ գրառման մեջ, Վատիկանի հետ կոմունիկացիայի իմաստով Հայաստանն ու Իրանը կարող են ունենալ ընդհանուր հետաքրքրություններ:

Եվ այդ համատեքստում նկատեմ, որ Նիկոլ Փաշինյանի Վատիկան այցից երեք, իսկ Իրանի նախագահ Փեզեշկիանի՝ Հռոմի Պապին հղած նամակից 7 օր առաջ տեղի էր ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Եվ ահա, այդ հեռախոսազրույցից մեկ շաբաթ անց տեղի է ունենում Միրզոյան-Արաղչի նոր հեռախոսազրույց: Դա բնականաբար վկայում է այն մասին, որ կան քննարկելու էական խնդիրներ, այլապես հազիվ թե լիներ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցը:

Դա նշանակում է՝ կամ որևէ հրատապ քննարկման անհրաժեշտություն, երբ նախորդ զրույցից հետո տեղի է ունեցել որևէ նոր և էական բան, ու առաջացրել նոր խոսակցության կարիք, կամ էլ նախորդի շարունակություն: Իսկ դա իր հերթին թերևս նշանակում է, որ նախորդ հեռախոսազրույցում եղել են հստակ պայմանավորվածություններ և մեկ շաբաթ անց քննարկվել է դրանց շուրջ որևէ կոնկրետ զարգացում:

Ահա այդ իմաստով ուզում եմ հիշեցնել նախորդ հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության մի ձևակերպում՝ «անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին»:

Այդ ֆոնին, մեկ շաբաթ անց նոր հեռախոսազրույցի հանգամանքը կարծես թե հուշում է, որ Երևանն ու Թեհրանը նոյեմբերի-ին պայմանավորվել են որևէ միջոցառման հարցում և նոյեմբերի 21-ին նույն՝ արտգործնախարարների մակարդակով քննարկել արդյունքը:

Իսկ միջոցառում ասվածն իհարկե այս պարագայում կարող է ունենալ շատ լայն իմաստո:

Օրինակ, երբ նոյեմբերի 14-ի հեռախոսազրույցից չորս օր անց Հայաստանի վարչապետն այցելում է Վատիկան, իսկ դրանից երկու օր անց հայտնի է դառնում Իրանի նախագահի՝ Հռոմի Պապին ուղղված նամակի մասին, դա կարո՞ղ էր լինել յուրօրինակ հայ-իրանական «միջոցառում»: Իսկ ինչո՞ւ ոչ: Սա առնվազն որպես դիտարկում:

Իհարկե ավելորդ չեմ համարում նաև մատնանշել Միրզոյան-Արաղչի երկու հեռախոսազրույցների միջև ընկած յոթնօրյա ժամանակահատվածում տեղի ունեցած ուշադրության արժանի մի քաննի բան ևս: Նոյեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ: Դրան, այդ թվում Իրանի հետ ընդհանուր մոտիվների համատեքստում՝ անդրադարձել եմ:

Նոյեմբերի 16-ին տեղի է ունենում Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Տրամպի հետ: Նոյեմբերի 19-ի երեկոյան երկու ժամով Հայաստան է ժամանում Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը՝ որը Երևանում երկժամյա կանգառից և Միրզոյանի հետ բանակցությունից հետո թռչում է Բաքու՝ Cop29-ին մասնակցելու:

Զուգահեռ, բնականաբար առանցքային զարգացումներ ներկայիս աշխարհաքաղաքականության կամ համաշխարհային պատերազմի «էպիկենտրոն» կամ գլխավոր մարտադաշտ Ուկրաինայում»:

Տեսանյութեր

Լրահոս