«Ոչ միայն առողջապահական, այլև սոցիալ-տնտեսական աղետ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը». Իվետա Տոնոյան

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ իրականում դիմակ չունենալու դեպքում 10.000 դրամ տուգանքն էլ բավականին մեծ գումար է` հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական վատթար վիճակը: Նա նշեց` քանի որ ԱԺ բերված նախագիծը միտված էր պատժամիջոցի չափը նվազեցնելուն, «Բարգավաճ Հայաստանը» դրան կողմ է քվեարկել՝ ընդգծելով, որ այդ գումարը կարող էր շատ ավելի ցածր լինել:

Իվետա Տոնոյանը հիշեցրեց՝ 2 ամիս առաջ դիմակը հնարավոր էր գնել առավելագույնը 50 դրամով, իսկ այսօր դրանց գինը տատանվում է 200-300 դրամի սահմաններում.

«Գրեթե տասնապատիկ անգամ ավելացել է դիմակների գինը, և, եթե փոքրիկ հաշվարկ ենք անում, ստացվում է, որ յուրաքանչյուր անձի համար ամսական 20 հազար դրամ է հարկավոր, որպեսզի օրը 3 անգամ դիմակները փոխեն: Չհաշված՝ ձեռնոցները: Եթե բազմապատկում ենք ընտանիքի 3-4 անձի թվով, ապա ամսական մոտ 60-80 հազար դրամ է պետք, որպեսզի մարդիկ կարողանան ապահովել իրենց համապատասխան միջոցներով: ՏՄՊՊՀ-ն այստեղ լուրջ անելիք ունի, և լուրջ ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտություն է զգացվում: Այսօր ինձ համար շատ զավեշտալի էր արդարադատության փոխնախարարի գնահատականն այն մասին, որ առաջարկ-պահանջարկ համատեքստում է պետք սա դիտարկել: Բնականաբար, սա ինձ համար բացարձակ ցնդաբանություն է, որովհետև արտակարգ դրության պայմաններում առաջնորդվել այն սկզբունքով, որ դիմակների պահանջարկը մեծ է, դրա համար տնտեսվարողները գինը բարձրացրել են, և սա համարել տրամաբանական, առավել քան զավեշտալի է: Այստեղ լուրջ անելիք ունի ՏՄՊՊՀ-ն»:

Անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը՝ նա ասաց, որ, եթե կա նվազագույն մտավախություն, որ արտակարգ դրության ռեժիմի իսպառ վերացման դեպքում հնարավոր է համավարակի տեմպերի ավելացում, պետք է այս վիճակը շարունակվի.

«Արտակարգ դրության շարունակման, արտակարգ դրության ընթացքում իշխանության քայլերի հաջորդականության, ժամանակագրության քննարկման ժամանակը հիմա չէ, բնականաբար, գալու է ժամանակը, երբ հատ առ հատ բոլոր որոշումները, բոլոր որոշումների կայացման ժամանակագրությունները, բոլոր մեղավորների անունները բարձրաձայնվելու են: Սակայն հիմա միմյանց վրա ցեխ շպրտելու ժամանակը չէ: Գալու է ժամանակը, և բոլոր մեղավորները պատասխան են տալու իրենց արածի կամ չարածի համար, բայց հիմա, վստահաբար, այդ ժամանակը չէ»:

Պատգամավորն ասաց, որ արտակարգ դրության պայմաններում մոտ 2 ամիս տոտալ անգործության մատնված մեր ազգաբնակչությունը կանգնելու է լրջագույն սոցիալական խնդիրների առաջ.

«Չափազանցրած չեմ լինի, որ ասեմ՝ իսկապես, ոչ միայն առողջապահական, այլև սոցիալ-տնտեսական աղետ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը: Այս աղետը հաղթահարելու ուղղությամբ պետք են հաշվարկված, փաստարկված քայլեր և կոնկրետ ռազմավարություն, որպեսզի հնարավոր լինի ստեղծված տնտեսական իրավիճակը շտկել և մեր ազգաբնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս