«Գուցե Ադրբեջանը չկրակի, բայց զորավարժությունները հասցնելով սահման՝ արդեն ինքնըստինքյան լարվածություն է ստեղծում». Փորձագետ

Մայիսի 18-22-ն Ադրբեջանի զինված ուժերը կանցկացնի լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ: Նախատեսված է, որ զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև՝ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։

Նախատեսում է նաև ընտրված ուղղություններով հրթիռային զորքերի և հրետանու զանգվածային հարվածներ, ավիացիայի ռումբային և գրոհային հարվածներ, ինչպես նաև՝ գերճշգրիտ միջոցների կիրառում հակառակորդի զորքերի օպերատիվ դիրքավորման ամբողջ խորությամբ։

Զորավարժությունների հետ կապված՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշել է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը, ինչը տեղի է ունենալու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում և ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերեշի համաշխարհային զինադադարի հաստատման կոչին:

Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զսպվածություն դրսևորել և հարգել միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ»:

168.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից նախատեսված զորավարժություններին և դրա հետ կապված հնարավոր սադրանքներին՝ նշեց, որ վերլուծելով վերջին ժամանակաշրջանում հնչեցրած կոչերը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, որ պետք է դադարեցնել հակամարտությունները, պատերազմները և այլն, այդ համատեքստում էլ պետք է դիտարկել, թե սահմանին ինչպիսի վարք է ցուցաբերում Ադրբեջանը:

«Այս ամենը վերլուծելով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը գնում է իրավիճակը սրելու ճանապարհով: Թե ինչ կարող է տեղի ունենալ զորավարժությունների ընթացքում, այս պահին դժվար է ասել, բայց պետք է սպասենք, որ սադրանքներ հնարավոր է լինեն: Իրականում Ադրբեջանի բուն նպատակը հենց դա է՝ սադրի Հայաստանին, և Հայաստանը տրվի սադրանքներին ու դառնա այդ գործողությունների զոհը: Դրա նպատակն այն է, որ Ադրբեջանը կարողանա աշխարհին ցույց տալ, թե Հայաստանն ագրեսոր պետություն է, ուստի ինքն անցնում է ինքնապաշտպանության: Այնպես որ՝ կարծում եմ՝ այս զորավարժությունների ընթացքում Ադրբեջանը միգուցե փորձի սահմանին որոշակի լարվածություն ստեղծել: Գուցե Ադրբեջանը չկրակի, բայց զորավարժությունները հասցնելով սահման՝ արդեն ինքնըստինքյան լարվածություն է ստեղծում»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցանկացած առիթ, որը հնարավոր է օգտագործել հօգուտ իրեն, օգտագործում է, նույնիսկ այն ժամանակ, երբ երկրորդ կամ երրորդ երկրների հետ է անցկացնում զորավարժություններ, դրանց այնպիսի երանգավորում է տալիս, որ  կարծես թե զորավարժություններն ուղղված են Հայաստանի դեմ:

«Կարող եմ ասել, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը փորձելու է առավելագույնս օգուտներ քաղել»,- հավելեց Կ. Հովհաննիսյանը:

Անդրադառնալով մայիսի 13-ին հակառակորդի կողմից Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի վրա արձակած կրակոցներին և դրա հետ կապված արձագանքներին, Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ առհասարակ միշտ դժգոհ է եղել միջազգային հանրության կողմից նման միջադեպերի վերաբերյալ եղած արձագանքներից: Դժգոհ է նաև Արցախի բանակցային գործընթացում միջնորդ երկրների արձագանքներից, քանի որ այդ արձագանքները համարում է շատ թույլ:

«Երբ կա իրողությունը, որ բնակավայրը, տվյալ դեպքում՝ Բերքաբերը, որի բնակիչը կամ շենքը տուժել է, բայց դրա հետ կապված տարածվում է հայտարարություն, որով կոչ են անում հակամարտության երկու կողմերին ցուցաբերել զգոնություն, աչալրջություն և այլն: Այսինքն՝ այստեղ առարկայական և հասցեական ոչինչ չկա, սա էլ՝ այն դեպքում, որ ակնհայտ է, թե տուժող կողմը որ կողմն է: Կարծում եմ՝ միջազգային կառույցների և միջնորդ  կազմակերպությունների հայտարարությունները ոչ թե թերի են, այլ խայտառակ թերի են:

Իսկ մեր հայտարարությունները՝ որպես պետություն,  տեղին են, դրանից կառաձնացնեմ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները: Այս հայտարարությունները համարում եմ նորմալ, սակայն դրանց չեն հետևում բուն գործողություններ: Ի՞նչ պետք է լիներ, պետք է լինեին փաստահավաք խմբեր, որոնք կզբաղվեն կոնկերտ գործողություններով, կիրականացնեին տեսանկարահանումներ, լուսանկարահանում, մարդկանց հետ կխոսեին, այսինքն՝ այս մեթոդներով պետք է հավաքեինք փաստեր, այլ ոչ թե՝ միայն արձանագրենք և անցնենք առաջ: Այս փաստերը պետք է հավաքվեն, և բանակցությունների կամ միջնորդների հետ հանդիպման ժամանակ դնենք սեղանին: Այս առումով թերի ենք և շատ աշխատանքներ ունենք անելու»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Բերքաբերի վրա կրակոցների հետ կապված՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել արտահերթ զեկույցով, որը կուղարկի միջազգային կառույցներին:

Տեսանյութեր

Լրահոս